Մոլդովայի և Ռումինիայի խորհրդարանների ստորագրած հռչակագիրն ընդդիմադիրներն անվանել են «ազգային դավաճանություն»

Մոլդովայի և Ռումինիայի խորհրդարանները շաբաթ օրը կայացած համատեղ հանդիպումից հետո ստորագրել են հռչակագիր, որում պայմանավորվել են ամրապնդել երկու երկրների միջև համագործակցությունը բոլոր ոլորտներում. հաղորդում է ТАСС գործակալությունը։
«Մենք մեր վճռականությունն ենք հայտնում՝ շարունակելու սերտ համագործակցությունն ու համակարգումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում՝ արդարադատություն և կոռուպցիայի դեմ պայքարի, պետական անվտանգության, սահմանների կառավարման և ոստիկանական գործունեության, մշակույթի, կրթության, գիտության», – ասվում է փաստաթղթում։
Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն պատգամավորներին ուղղված իր ելույթում վստահություն է հայտնել, որ Քիշնևի և Բուխարեստի սերտ կապերը հնարավորություն կտան ակտիվացնել Մոլդովայի եվրաինտեգրման գործընթացը։ Նա նշել է, որ Ռումինիայի փորձը շատ կարևոր է Մոլդովայի համար, որը պետք է իր օրենսդրությունը համապատասխանեցնի եվրոպականին։ Իսկ Ռումինիայի Պատգամավորների պալատի ղեկավար Մարչել Չոլակուն և Ռումինիայի Սենատի նախագահ Ֆլորին Կիցուն վստահեցրել են, որ Ռումինիան կլինի Մոլդովայի «փաստաբանը» Եվրամիությունում։
Ավելի վաղ Մոլդովայի խորհրդարանի կոմունիստների և սոցիալիստների ընդդիմադիր դաշինքի պատգամավորները հրաժարվել էին մասնակցել միջոցառմանը, որը, նրանց կարծիքով, խաթարում է երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Դաշինքի հայտարարության մեջ գալիք հանդիպումն անվանվել է «փորձ» Մոլդովայի օրենսդիր մարմնի կողմից, որը 1918 թվականին քվեարկել էր Ռումինիայի հետ միավորման օգտին։
Ընդդիմադիր քաղաքական գործիչներն ընդգծում են, որ, ըստ էության, խոսքը «ազգային դավաճանության» մասին է։ Մի շարք արտախորհրդարանական քաղաքական կուսակցություններ Մոլդովայում և Ռումինիայում երկար տարիներ առաջ են մղում երկու երկրների միավորման գաղափարը՝ Քիշնևի եվրոպամետ կառավարությունների լուռ համաձայնությամբ։ Ըստ հասարակական կարծիքի հարցումների՝ նրանք դեռ լայն աջակցություն չեն ստացել։
Հիշեցնենք՝ երեկ Եվրահանձնաժողովն առաջարկել էր Ուկրաինային և Մոլդովային տրամադրել Եվրամիության թեկնածուների կարգավիճակ։ Վերջնական որոշումը ԵՄ առաջնորդները կընդունեն հունիսի 23-24-ին։