Instagram-ը մեկ այլ սոցիալական ցանցից գործառույթ է գողացել

Meta ընկերությունը հաստատել է Instagram-ի նոր գործառույթի ներքին փորձարկման մասին տեղեկությունը. հայտնում է The Verge-ը։ Իրավիճակին ծանոթ ինսայդերի խոսքով՝ այդ ֆունկցիան ամբողջությամբ պատճենվել է մեկ այլ սոցիալական ցանցից։
Խոսքը BeReal հարթակի մասին է։ Այս հավելվածը պատահականորեն օրվա ընթացքում խնդրում է լուսանկարել հիմնական տեսախցիկով, ինչպես նաև սելֆի անել երկու րոպեի ընթացքում։ Սա թույլ է տալիս հրապարակել «կենդանի», այլ ոչ թե բեմադրված նկարներ, քանի որ լուսանկարելու առաջադրանքի ժամանակ օգտատերը կարող է ցանկացած պահի ցանկացած վայրում լինել:
Ինսայդեր Ալեսանդրո Պալուցին պարզել է, որ Instagram-ը նույնպես կունենա նմանատիպ գործառույթ, որը կկոչվի IG Candid։ Դատելով նախնական տվյալներից՝ IG Candid-ը կդիտարկվի որպես մարտահրավեր օգտատիրոջ համար՝ Instagram-ը կառաջարկի միանալ «չելենջին»։
Նշվում է, որ BeReal հավելվածը օգտատերերի շրջանում ժողովրդականություն է ձեռք բերել անցյալ ամիս, իսկ նյութը գրելու պահին այն ԱՄՆ-ում iOS-ի լավագույն անվճար հավելվածների առաջատարն է։ Meta-ն հավելել է, որ Instagram-ի նոր գործառույթը նախատիպ է, և, հետեւաբար, տեղեկություններ չկան այն մասին, թե երբ այն կարող է հասանելի դառնալ լայն հանրությանը։