Օգտակար է իմանալ հարևան երկրների խոհանոցը, դրոշը․ ՄԻՊ-ը` Սևանի 4–րդ դպրոցի աղմկահարույց դասի մասին

Օգտակար է իմանալ հարևան երկրների խոհանոցը, դրոշը։ Այս մասին այօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ մի քանի օր է՝ համացանցում քննադատում են Սևանի 4-րդ հիմնական դպրոցի ֆեյսբուքյան էջում հրապարակված լուսանկարները, որտեղ երևում է, որ աշակերտները աշխարհագրության դասի ժամանակ Ադրբեջանի պատմությունն ու խոհանոցն են ներկայացրել և դրոշը տեղադրել բաց դասի ընթացքում։

«Որևէ վատ բան չեմ տեսնում, որ հարևան պետությունների վերաբերյալ մեր գիտելիքները, կրթական բովանդակությունը ներառի նրանց դրոշի մասին տեղեկություն, նրանց ազգային առանձնահատկությունների վերաբերյալ պատմությունը, նաև խոհանոցը, ես դրանում որևէ վատ բան չեմ տեսնում, հակառակը՝ պատկերացնում եմ, որ երեխայի կրթության, զարգացման, իրազեկման տեսանկյունից շատ կարևոր է պատկերացնել այն միջավայրը, որում երեխան ապրում է»,- ասել է ՄԻՊ-ը։

Նշենք, որ բուռն քննարկվում էր նաև այն հարցը, որ դպրոցի աշխարհագրության ուսուցչուհին Քրիստինե Գրիգորյանի ազգականն է։

«Այո, իմ ազգականն է, ինձ հետ իմ որևէ ազգական իր մասնագիտական գործունեությունը իրականացնելիս չի խորհրդակցում և դա, կարծում եմ, լավ է»,-ընդգծել է նա։

Լիաննա Թորոսյան