Որքա՞ն գումար կհատկացվի «Սուրմալուի» պայթյունից տուժածներին

Նախատեսում ենք սոցիալական աջակցություն տրամադրել 2022 թվականի օգոստոսի 14-ին «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ում տեղի ունեցած պայթյունի զոհերի ընտանիքներին և վիրավորում, խեղում ստացած անձանց։ Այդ մասին այսօր կառավարության նիստում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

Նա նշեց, որ առաջարկվում է միանվագ օգնություն տրամադրել, մասնավորապես՝ վիարավորում ստացածներին, հիվանդանոցային պայմաններում մինչև երեք օր բուժման մեջ գտնվածներին կտրամադրվի 150 հազար դրամ գումար։

«Երեք օրից ավելի հիվանդանոցային պայմաններում գտնվածներին 300 հազար դրամ կտրամադրվի, իսկ զոհված անձանց ընտանիքներին՝ յուրաքանչյուր զոհվածի համար կտրամադրվի 3 մլն դրամ գումար»,- ասաց Նարեկ Մկրտչյանը։

Հիշեցնենք, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել է 17 քաղաքացի, մեկ հոգի համարվում է անհետ կորած։