Հուղարկավորման օրը ծաղիկներով «Եռաբլուրում» էր նաև այն աղջիկը, որին սիրո խոստովանություն էր արել Մանվելը 

Հուղարկավորման օրը ծաղիկներով «Եռաբլուրում» էր նաև այն աղջիկը, որին սիրո խոստովանություն էր արել Մանվելը 

Ընդամենը 19 տարեկան էր Մանվել Վարդանյանը։ Ծնվել էր՝ ապրելու համար։ Բայց շատերի պես նրա կյանքի թելը ևս ընդհատվեց սեպտեմբերի 19-ին սկսված մարտերում։

Նա կրում է արցախյան առաջին ազատամարտում զոհված հորեղբոր Մանվելի անունը, ով ևս զոհվել է 19 տարեկանում։ Ընտանիքն ապրում էր Մարտակերտի շրջանի Կոճողոտ գյուղում։

«Մենք 6 երեխա ենք, Մանվելը՝ 3-րդն էր։ Երևի այդպես չի կարելի ասել, բայց իսկապես նա մեզանից տարբերվում էր իր չափազանց բարի սրտով»,- MediaHub-ի հետ զրույցում ավագ եղբայրը՝ Սևակը, դժվարությամբ է խոսում եղբոր մասին, հետո ավելացնում, որ միակ սփոփանքն այն է, որ կարողացել են Արցախից դուրս բերել նրա դիակը, հուղարկավորել «Եռաբլուր» պանթեոնում։ 

Մանվել Վարդանյանը ժամկետային զինծառայող էր։ Մի քանի ամիս ծառայելով Սրխեվանդի զորամասում՝ շարունակել է պայմանագրային հիմունքներով։ Սեպտեմբերի 19-ին՝ պատերազմից մեկ ժամ առաջ, զանգահարել է քրոջը։ Սվետլանայից հետաքրքրվել է ընտանիքի որպիսությամբ, վստահեցրել, որ չնայած սահմանային լարվածությանն ու կուտակումներին, իրենք լավ են, հետո ասել՝ «ամեն ինչ լավ կլինի, չմտածեք»։

«Դրանից հետո մեկ շաբաթ մենք Մանվելից որևէ լուր չենք իմացել։ Երբ տեղահանվել ու եկել ենք Ստեփանակերտ, սկսել ենք նրան փնտրելու գործընթացը։ Սկզբում ասում էին, որ դիրքերում են, ողջ են ու այս պահին իրականացվում է նրանց տարհանման գործողությունը։ Ողջ ու զոհված ծառայողներին իջեցնում ու համապատասխանաբար տեղափոխում էին հիվանդանոցներ ու դիահերձարան։ Ոչ մի տեղ ինքը չկար։ Միայն սեպտեմբերի 25-ի կեսօրին բանակի շտաբից տեղեկացրեցին, որ Մանվելը զոհվածների շարքում է»,- պատմում է Սևակը։ 

Նույն օրը երեկոյան մյուսների հետ դիրքերից իջեցրել են նաև Մանվելի մարմինը։ Սևակն անձամբ է ճանաչել հարազատ եղբոր դիակը։ Դժվարությամբ վերարտադրելով մտքերը՝ Սևակ Վարդանյանն ասում է, որ իրենց 8 հոգանոց դիրքից ողջ էին մնացել 3 հոգի։ Նրանց սկզբից պետք է հուղարկավորեին Ստեփանակերտում, բայց այդ օրն արդեն հնարավորություն ստեղծվեց դիերը տեղափոխել Հայաաստան։ «Մանվելի մահն ամենածանր հարվածն էր մեր ընտանիքի համար։ Դեռ կյանք չմտած, զոհվեց Արցախի համար։ Գոնե հայրենիքն ապրեր։ Դժվար է այն գիտակցումը, որ ո՛չ Մանվելը կա, ո՛չ էլ իր պաշտպանած հողն է հիմա հայկական»։

Մանվելը դպրոցն ավարտել ու միանգամից բանակ էր զորակոչվել, դիպուկահար էր։ Ընկերուհի ուներ, անգամ եղբորն է ծանոթացրել սիրելիի հետ. հուղարկավորման օրը ծաղիկներ գրկած «Եռաբլուր» էր այցելել նաև այն աղջիկը, որին սիրո խոստովանություն էր արել Մանվելը և որի սերը խլեց սեպտեմբերյան պատերազմը...

Հունան Թադևոսյան