Թրամփի առաջին արտասահմանյան այցը կարող է Սաուդյան Արաբիա լինել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ծրագրում է մայիսի կեսերին մեկնել Սաուդյան Արաբիա՝ Սպիտակ տուն վերադառնալուց հետո իր առաջին արտասահմանյան այցով, գրել է «Axios»-ը՝ վկայակոչելով խնդրին ծանոթ մարդկանց։
Հնարավոր ուղևորությունը քննարկվել է վերջին շաբաթներին ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների և Սաուդյան Արաբիայի նրանց գործընկերների միջև, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայում ուկրաինական ճգնաժամի շուրջ բանակցությունների շրջանակում, ասել են աղբյուրները:
Աղբյուրներից մեկը հայտնել է, որ այցը նախատեսված էր եղել ապրիլի 28-ին, սակայն հետաձգվել էր:
Պորտալի այլ աղբյուրների համաձայն՝ ծրագրվում է, որ մայիսի կեսերին Թրամփը կայցելի Սաուդյան Արաբիա։
Աղբյուրներից մեկը հայտնել է, որ սաուդցիները ցանկանում են, որ այցը կայանա Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերելուց հետո:
Իր հերթին, Թրամփի վարչակազմի ներկայացուցիչը հայտնել է, որ ներկայումս ընթանում է Սաուդյան Արաբիա ուղևորության պլանավորում։