Արցախն իր քայլն արեց. միջանցքը կբացվի՞

«Բեյզ Մեթըլս» ընկերության ղեկավարության հետ համատեղ որոշում է կայացվել ժամանակավորապես դադարեցնել հանքավայրի շահագործումը մինչև միջազգային էկոլոգիական փորձաքննության ավարտը, հայտնում է Արցախի կառավարությունը:
«Արցախի Հանրապետության կառավարությունը մշտապես կողմնակից է եղել հանքարդյունաբերության ոլորտում միջազգային լավագույն ստանդարտների պահպանմանը և համոզված է, որ միջազգային էկոլոգիական ստանդարտները պետք է կիրառելի լինեն ողջ տարածաշրջանի հանքարդյունաբերող ընկերությունների համար», - ասված է կառավարության հայտարարության մեջ:
Այս հաղորդագրությունը հետևեց երեկ տարածվող լուրերին, թե ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատար Անդրեյ Վոլկովը բանակցություններ է վարել Արցախի իշխանությունների հետ:
Ակնհայտ է, որ Ստեփանակերտի այս որոշումը ինչ-որ իմաստով լեգիտիմացնում է Բաքվի ու նրա կեղծ ակտիվիստների օրակարգը: Փաստորեն ստացվում է՝ Բաքուն որոշակի մասնակցություն է ստանում այն հարցերի որոշման գործընթացում, որոնք գտնվում են Ստեփանակերտի սուվերենության դաշտում:
Մյուս կողմից, Արցախի իշխանության որոշումն ադեկվատ և ողջամիտ է, որովհետև Ստեփանակերտը գործուն քայլ է կատարում՝ Լաչինի ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ, ինչը գոնե այս փուլում մանևրելու հնարավորությունից զրկում է Բաքվին: Այլ խոսքով, Ստեփանակերտում մտնում են Բաքվի «էկոլոգիական» օրակարգի տիրույթ՝ թույլ չտալով, որպեսզի Ադրբեջանը մեծացնի իր պահանջների «աշխարհագրությունը»:
Տրամաբանությունը հուշում է, որ Արցախի կառավարության որոշումից հետո Լաչինի միջանցքը պետք է բացվի:
Իհարկե, դարձյալ գրեթե ակնհայտ է, որ Լաչինի միջանցքն այլևս չի ունենալու այն իրավա- քաղաքական ռեժիմը, որն ուներ մինչև դեկտեմբերի 12-ը:
Ցավոք, Լաչինի միջանցքը հիմա դառնում է գործիք, որի միջոցով Բաքուն պարբերաբար ազդելու է Ստեփանակերտում կայացվող որոշումների վրա:
Վահրամ Բագրատյան