Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի վարչապետին

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիին՝ Անկախության օրվա առթիվ: Այս մասին տեղեկացնում են վարչապետի աշխատակազմից։

Ուղերձում նշված է.

«Ընդունեք իմ ջերմագին շնորհավորանքները Հնդկաստանի Հանրապետության անկախության 75-րդ տարեդարձի կապակցությամբ:

Ուրախալի է տեսնել իր անկախության տարիների ընթացքում Հնդկաստանի նշանակալի առաջընթացն ու նվաճումները։ Հնդկաստանի դինամիկ զարգացումը տարբեր ոլորտներում իր դրական ներգործությունն է ունենում աշխարհի զարգացման և արդիականացման վրա։

Մենք կիսում ենք ընդհանուր արժեքները և շահերը, որոնք իրապես ամրապնդում են երկու երկրների միջև փոխվստահության վրա խարխսված կապերը: Ինչպես պատմության խորքից եկող մեր առնչությունները, այնպես էլ տարբեր ոլորտներում մեր համագործակցությունը յուրահատուկ բնույթ են հաղորդում մեր գործընկերությանը: Հայաստանն իր աջակցությունն է հայտնում Հնդկաստանին նաև գլոբալ մարտահրավերների կարգավորման իր ջանքերում:

Ապահովելով քաղաքական երկխոսության բարձր մակարդակը՝ մենք պատրաստակամ ենք աջակցելու առևտրատնտեսական, ներդրումային և տեխնոլոգիաների բնագավառներում համագործակցության նոր և հավակնոտ ծրագրերի իրականացմանը։

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ, Ձերդ գերազանցություն, քաջառողջություն, բազում հաջողություններ, իսկ Հնդկաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղ երկինք ու բարօրություն:

Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»: