ՔՊ-ն Արտաշատում 5․5 մլրդ դրամի բյուջե է հաստատել՝ առանց որևէ հստակ քննարկման
Արտաշատ խոշորացված համայնքի բյուջեն ՔՊ-ն հրատապ կարգով, առանց որևէ քննարկման է ընդունել։ Այդ մասին ահազանգում է համայնքի ավագանու «Հայրենիք» խմբակցության ղեկավար Անդրանիկ Կիրակոսյանը։
Նրա խոսքով՝ համայնքի բյուջեն 5.5 մլրդ դրամ է, այսինքն՝ մոտավորապես 11 մլն դոլար։
«Արտահերթ նիստում հրատապ հաստատեցին այդ բյուջեն՝ առանց որևէ քննարկման կամ հանձնաժողովի կարծիքի»,- ասաց նա։
Անդրանիկ Կիրակոսյանը նշեց, որ այո՛, որոշակի սուբվենցիոն ծրագրեր կան, բայց առանց ավագանու կարծիքի բյուջե հաստատելը ճիշտ չէ։
«Պիտի խմբակցություններն իրենց կարծիքները հայտնեն, չէ՞։ Չես կարող խորը ուսումնասիրել այդ բյուջեն ու հասկանալ՝ ինչն ինչի համար է»,- ասաց նա։
Բյուջեն, ըստ Կիրակոսյանի, հիմնականում ուղղվելու է ասֆալտապատմանը, հինգ մանկապարտեզների կառուցմանն ու ջրագծերի վերանորոգմանը։