Արցախի փրկությունն Արսեն Թորոսյանի համար աննպատակ օրակարգ է

Ընդդիմությունը «չի հանձնվում» սեփական մեդիափուչիկի պայթյունից առաջացած ալիքին։ Ընդդիմությունը «չհանձնվելով» շարունակում է մոլորեցնել իր հետևորդներին կեղծ և աննպատակ օրակարգերով: Ընդդիմությունը «չի հանձնվում» իր սեփական վախերին՝ դուրս գալու իր սեփական թակարդից։ Այդ մասին հայտարարել է ՔՊ-ական Արսեն Թորոսյանը:
Արցախի և Հայաստանի փրկության համար ընդդիմության համազգային պայքարը ՔՊ-ականներն՝ ում իշխանության օրոք հազարավոր հայ զինվորներ են զոհվել, Շուշիում հնչում է մուղամն ու նամազը, որակում են որպես մեդիափուչիկ: 2018թ.-ից ի վեր Փաշինյանի և թիմի հույսը հազարավոր ֆեյքերն էին, ովքեր պիտակավորում, հայհոյում էին այն մարդկանց, ՀՀ այն քաղաքացիներին, ովքեր համաձայն չէին ՔՊ-ականների վարած ներքին և արտաքին քաղաքականության հետ:
Ֆեյքերի զորքեր, «մատյան գնդեր» ֆինանսավորող և հովանավորող իշխանություններն Արցախի համար պայքարը մեդիափուչիկ են անվանում: Հետևություններ պետք է անեն ՀՀ քաղաքացիները՝ արդյոք ցանկանու՞մ են ունենալ այսպիսի որակի իշխանություն՝ պատրաստ են հարկեր վճարել, որպեսզի Արսեն Թորոսյանն ու թիմը պարգևավճարներ վայելեն: Արսեն Թորոսյանը պետք է պատասխան տա առողջապահական համակարգի աղետալի վիճակի համար՝ նա գլխավորել է այդ կառույցը, երբ ՀՀ-ն բախվեց COVID-ի հետ և ունեցավ հազարավոր մահեր:
Ընդդիմության օրակարգը ազգային է, պետականամետ՝ գլխավոր հարցերը, որը բարձրացնում է ընդդիմությունը՝ Արցախի փրկությունն է, հայոց պետականության և բանակի ամրապնդումը, տնտեսական աղետալի վիճակից դուրս գալու ելքերը, թուրք-ադրբեջանական ճնշումներին դիմագրավելն ու հայոց սահմանների պաշտպանությունն է:
Եթե սրանք են Արսեն Թորոսյանի և ՔՊ-ական վերնախավի համար աննպատակ օրակարգեր, ապա կրկին անգամ դատողություններ և հետևություններ պետք է անի ՀՀ հպարտ քաղաքացին: Իսկ ո՞րն է ՔՊ-ականների օրակարգը՝ Արցախը վերջնականապես հանձնել Բաքվին, Սյունիքի բանալիները նվիրել Անկարա-Բաքու տանդեմին, բացել սահմանները թուրքական տնտեսական, դեմոգրաֆիկ էքսպանսիայի առջև՝ վատթարացնել կապերը բարեկամ և դաշնակից ՌԴ-ի և Իրանի հետ՝ ՀՀ-ն տանելով դեպի Արևմուտք: ՔՊ-ն 2018թ.-ից կյանքի է կոչում մեկ օրակարգ՝ դատարկ գրպաններով իշխանության եկած ՔՊ-ականներին հարստացնելը, բիզնեսներ ձեռք բերելն ու արտերկրյա շքեղ ճամփորդությունների մեկնելը՝ դա ձևակերպելով աշխատանքային այցեր կամ գործուղումներ:
Ապիկար իշխանություններից ձերբազատվելը հայ ազգի փրկօղակն է. սեփական կամքով ՔՊ-ականները չեն հանձնելու իրենց պաշտոններն ու թանկարժեք ծառայողական մեքենաները:
Վահրամ Բագրատյան