Վահագն Խաչատուրյանի խայտառակ, ադրբեջանամետ հայտարարությունները. պետական գաղտնիքի բացահայտումներ․ «168.am»

Վահագն Խաչատուրյանի խայտառակ, ադրբեջանամետ հայտարարությունները. պետական գաղտնիքի բացահայտումներ․ «168.am»

168.am-ը գրում է․

Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հունիսի 16-ի երեկոյան Սանկտ Պետերբուրգում, Հայաստանի գլխավոր հյուպատոսության շենքում հանդիպում է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ ՀՀ նախագահը դիմելով հանդիպման մասնակիցներին՝ ասել է.

«Ձեր խնդիրները մեր խնդիրներն են, և այդ տրամաբանությամբ նման հանդիպումների հիմնական նպատակն այն է, որ կարողանանք հասկանալ ձեր անհանգստությունները կամ ձեզ հետաքրքրող հարցերը։ Մյուս կողմից՝ սա նաև հնարավորություն է ընձեռում, որ ձեզ ներկայացնենք Հայաստանում տիրող իրավիճակը։ Տարբեր աղբյուրներից տարբեր տեղեկություններ եք ստանում, սակայն դրանք կարիք ունեն ճշգրտելու, որովհետև շատ դեպքերում իրականությանը չեն համապատասխանում»,- նշել է նախագահ Խաչատուրյանը։

Վահագն Խաչատուրյանը հանգամանալից անդրադարձ է կատարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական լուծմանն ուղղված ծրագրերի իրականացման ներկա ընթացքին, հայկական կողմի մոտեցումներին:

Այսքանով, սահմանափակվում է հանդիպման մասին պաշտոնական տեղեկատվությունը, սակայն համացանցում տարածված տեսանյութից Ղարաբաղյան հիմնախնդրի, ինպես նաև բանակցությունների ընթացքի մասին որոշ ավելի լուրջ մանրամասների ենք տեղեկանում, որոնց մասին խոսել է ՀՀ հինգերորդ նախագահը:

Մասնավորապես, խոսելով Արցախի խնդրից, նախ ասել է, որ Արցախի ազատագրված 7 շրջաններում հիմնականում անվտանգություն էր։

«Հիմա երբ վերադառնում ենք Ղարաբաղի կարգավիճակին, հիմնական նպատակն այն էր, որ այդ անվտանգության գոտին՝ ռազմական, պետք  է դառնար արդեն փաստաթղթերով քաղաքական անվտանգություն ձևակերպում, որը 1994 թվականից մինչև 2020 թվականը չլուծվեց, և Ադրբեջանն իր լուծման ձևը գտավ։ Հիմա, այս իրավիճակում մեզ համար շատ կարևոր է, և շատ ընկալելի է դա բոլորի համար, բանակցող կողմերի համար, այդ թվում՝ Ռուսաստանի համար, երբ մենք համար առաջին օրակարգում դնում ենք Լեռնային Ղարաբաղում ապրող մեր հայրենակիցների ապրելու և անվտանգության իրավունքի հարցը։ Սրանից ելնելով՝ մենք արդեն կարող ենք քննարկել կարգավիճակի հարցը։ Սա էական նշանակություն ունի, որպեսզի մենք կարողանանք և՛ որպես ՀՀ քաղաքացիներ, և՛ որպես հայեր, և՛ ընդհանրապես որպես  կարգավիճակի լուծման կողմնակից, ավելի ճիշտ՝ կողմ, գնահատենք, թե որքանով է սա արդարացված և ճիշտ։ Մեր գնահատականն է, որ սա միանշանակ ամենաճիշտ ճանապարհն է։ Երբ մենք Սերգեյ Լավրովի հետ ամսի 9-ին հանդիպում էինք, ես հիշում եմ, որ ինքը շատ առանձնահատուկ դրա մասին խոսեց, որ մենք էլ ենք կիսում ձեր դիրքորոշումը, շնորհակալություն, որ դուք էլ եք դրան հանգել։

Իմիջիայլոց, այդ տեսակետին համաձայն է երևի ԼՂ ղեկավարությունը, ես կարող եմ իրենց անվան փոխարեն ասել, երբ դուք առիթ կունենաք՝ կհանդիպեք։ Մենք իրենց հետ քննարկել ենք, որ մենք գնում ենք այս ճանապարհով։ Եվ այստեղ մեկ ուրիշ հարց է բարձրանում, որը հայ հասարակության մեջ, ինչ-որ խմբի մոտ շատ ցավոտ ընկալում ունեցավ, երբ փորձում էին պետական մարմինների ներկայացուցիչներին ճնշել նաև դրանով ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչները՝ Արցախն ուզո՞ւմ եք լինի Ադրբեջանի կազմում, թե՞ ոչ՝ հարց։ Ես չեմ կարծում, որ եթե հրապարակավ հարցում անցկացնեք, մենք կասենք՝ «ոչ»՝ պիտի չլինի, նման սոցիոլոգիական հարցում անցկացվել է, եթե չեմ սխալվում՝ 67 տոկոսն ասել են՝ ոչ։ Բայց քաղաքականության, դիվանագիտության մեջ, բանակցային գործընթացում, երբ դուք այդպիսի չոր դիրքորոշում եք ընդունում, նշանակում է՝ ի սկզբանե չգնալ այդ հարցի լուծման։ Եվ եթե ինձ հարցնեն, ես ասելու եմ՝ այդ հարցն ինձ համար գոյություն չունի այնպիսին, ինչպես դուք դրել եք։ Ես պատրաստ եմ բանակցելու, առավելագույնը ստանալու, որպեսզի իրականացնեմ այն խնդիրը, որ կոչվում է, որ մեր հայ ազգաբնակչությունն այդ տարածքում պետք է ապրի։ Ու այդ հարցն ինձ համար քննարկման ենթակա չէ։

Իմիջիայլոց դա էլ ասեմ՝ իմ բոլոր հանդիպումներում եմ ասում, որ կոնկրետ մեզ համար, մենք չենք էլ ուզում ապացուցել, որ մենք այնտեղ ապրել ենք կամ ապրելու իրավունք ունենք, մենք այնտեղ ենք եղել միշտ։ Նույնիսկ Հայաստանի տարածքում չենք եղել, բայց Ղարաբաղի տարածքում եղել ենք։ Դա մեր Մայր հայրենիքն է, մեր արմատներն այնտեղից են՝ մեծ մասը։ Այս մասն էի ուզում ձեզ ասել, որ մեր մոտեցումը բանակցային գործընթացում նաև, որ մենք պետք է կաշկանդված չլինենք՝ հատկապես վարչապետը, Արտաքին գործերի նախարարը և պետական այն կառույցները, որոնք ընդգրկված են այդ բանակցային գործընթացում, իրենց պետք է ազատություն տալ, իսկ ազատության սահմանը նա է, որ, նորից եմ կրկնում՝ մենք կարողանանք հստակ երաշխիքներ ստանալ՝ կլինի միջազգային կառույց, Ռուսաստան՝ Ռուսաստանը երաշխիքը տվել է՝ խաղաղապահ բանակը գտնվում է այնտեղ, սա Ռուսաստանի կողմից լավագույն երաշխիքն է»,-  ասել է նախագահ Խաչատուրյանը։

Միևնույն ժամանակ հարց է հնչեցրել, թե հիմա Ադրբեջանն ի՞նչ երաշխիք կարող է տալ, եթե դրա մասին մինչև հիմա չենք լսել, բացի նրանից, որ իրենք Ղարաբաղի խնդիր չունեն, Ղարաբաղի հարցը պատերազմի ժամանակ լուծել են, և բացի նրանից, որ կարող է փետրվարին գազը փակել, կամ էլ ամեն առավոտ  գալ Փառուխի մոտ նամազ անել կամ բարձրախոսով մաքուր հայերենով ասել, որ պետք է այստեղից գնաք։

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում։