ՔՊ-ն Ալավերդիում քաղաքապետի իր թեկնածուն ունի, իսկ քաղաքապետը պնդում է՝ վաղը նիստ չի լինելու

ՔՊ-ն Ալավերդիում քաղաքապետի իր թեկնածուն ունի, իսկ քաղաքապետը պնդում է՝ վաղը նիստ չի լինելու

Mediahub-ը արդեն տեղեկացրել է, որ վաղը Ալավերդի համայնքի ավագանու ՔՊ-ական հատվածը պատրաստվում է անվստահություն հայտնել «Ապրելու երկիր» կուսակցության կողմից ընտրված համայնքապետ Արկադի Թամազյանին։ Ավելին, Թամազյանին պաշտոնանկ անելուց զատ՝ ՔՊ-ականները նաև իրենց թեկնածուին են առաջարկում՝ Շնողի նախկին գյուղապետ Դավիթ Ղումաշյանին։

Թամազյանը, սակայն, Mediahub-ի հետ զրույցում ասաց, որ ավագանու նիստ վաղը տեղի չի ունենալու։ 

«Նիստ չի լինելու վաղը, իրենց հայտարարության համաձայն՝ մերժվել է նիստը»,- ասաց Թամազյանը։

-Բայց գալո՞ւ են ավագանու անդամները, և հնարավո՞ր է՝ իրենք գան և պարտադրեն, որ նիստը տեղի ունենա։
-Չեմ կարող ասել՝ գալու են, թե ոչ, բայց ոչ ոք իրավունք չունի որևիցե մեկին պարտադրանքով ինչ-որ բան թույլ տալ։ Կա օրենք, օրենքով պիտի շարժվեն։ Եթե համաձայն չեն, թող դիմեն դատարան։

-Դուք իրենց ներկայացրե՞լ եք օրենքը, և ի՞նչ արձագանք է եղել իրենց կողմից։
-Այո, գրված է, ներկայացված է, բայց որևիցե փաստաթղթային արձագանք ինձ չի ներկայացվել։

-Իսկ ճի՞շտ է, որ ՔՊ-ն նաև իր թեկնածուին է առաջարկում Ձեր փոխարեն՝ Շնողի նախկին գյուղապետին։
-Իրենք, որ ներկայացրել են անվստահության նախագիծը, դրա մեջ ներկայացված է, որ իրենց թեկնածուն Դավիթ Ղումաշյանն է՝ Շնողի նախկին գյուղապետը։ 

-Իսկ ի՞նչ հիմնավորմամբ եք պնդում, որ նիստ չի լինելու վաղը։
-Նախ, նիստ անցկացնողը համայնքի ղեկավարն է, և համայնքի ղեկավարը Ձեզ ասում է, որ նիստ չի կայանալու։ Սա ընդամենը անվստահության նիստ է, որը կապ չունի հերթական կամ արտահերթ նիստի հետ։ Իսկ հիմնավորումն այն է, որ մեկ տարվա ընթացքում իրավունք չունեն երկրորդ անգամ համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու (մեկ անգամ արդեն հայտնել են ու ձախողվել է - խմբ․)։ Եթե օրենքի այդ կետն իրենց համար հիմնավորում չէ, խնդրեմ, թող դիմեն դատարան։

Վահե Մակարյան