2022-ի տնտեսական տարին` կորսված

2022-ի տնտեսական տարին` կորսված

44-օրյա պատերազմից և դրան հաջորդած բազմակի սահմանային էսկալացիաներից ավելի քան երկու տարի անց պետությունն առայսօր ոչ միայն չի հրապարակել զոհերի ամբողջական անվանացանկը, այլև շատ ավելի պարզ մի տեղեկություն՝ կրած ֆինանսական և նյութական կորուստների հաշվարկը։ Ցանկության դեպքում վնասները կարելի էր հաշվել ընդամենը մի քանի շաբաթում։ Եվ այս պայմաններում կառավարության նիստերին երկարաժամկետ, ընդհուպ մինչև 2050 թվականի զարգացման ծրագրերից է խոսվում։

Պարզ ճշմարտություն կա, որ ներդրողների համար վճռորոշ է երկու կարևոր գործոն՝ նախ ներդրումային միջավայրը, պոտենցիալը, հնարավորությունները, շուկան, ապա և՝ կանխատեսելիությունը, կայունությունն ու հուսալիությունը։ Հատկապես վերջինն արդեն մոտ հինգ տարի է՝ բացակա կատեգորիա է, և անհասկանալի է՝ առհասարակ խաղի կանոններ սահմանվա՞ծ են։ Որքան էլ ստեն, մոլորեցնեն, թե իբր Հայաստանում կոռուպցիա չկա, չէ՞ որ ներդրումներ ևս չկան։ Նույնիսկ կոռուպցիան տնտեսվարողի համար խաղի կանոն է։ Իսկ սրանք առհասարակ կանոններ ունե՞ն, թե՞ նախընտրածը քաոսն է։

Այս կառավարության գործելակերպի հիմքն ամբոխահաճությունն է՝ պոպուլիզմը։ Իբր գրանցված կամ նախատեսվող տնտեսական աճի մասին են շարունակաբար խոսում՝ առանց ընդունելու եռամսյակային կամ կիսամյակային տնտեսական ակտիվության անկման ցուցանիշները։ Տասնյակ հազարավոր մարդիկ, անգամ ամբողջական ընտանիքներ կա՛մ արտագաղթում են, կա՛մ լրջորեն մտածում այդ մասին, ԱՄՆ «Գրին քարտի» համար ՀՀ-ից դիմողների թիվը հասել է պատմական ռեկորդի։ Պարզ է, որ ժողովրդագրական իրավիճակի նման աղետալի փոփոխությունը կործանարար ազդեցություն է ունենալու նաև հայրենական տնտեսության վրա։

Անգամ համեմատաբար բարվոք վիճակում մեր երկիրն ինքնին հրապուրիչ չէ ներդրողների համար, քանի որ շուկան սահմանափակ է, երկիրը՝ շրջափակման և պատերազմի մեջ, բնակչությունն էլ՝ ցածր վճարունակության և գնողունակության մակարդակի։ Հատկապես հետպատերազմյան փուլում կառավարությունը պետք է աներ անհնարինը, բազմաթիվ հավելյալ միջոցներ գործի դներ՝ վերականգնելու ենթադրյալ կորսված ներդրումները։ Դրանք չպետք է լինեն միայն սփյուռքահայ մեծահարուստների՝ երկրի հանդեպ խղճահարությունից ելնելով կամ Աննա Հակոբյանի հետ ինչ-ինչ ստվերային պայմանավորվածությունների արդյունքում արված գործարքները։

Այդպիսի ներդրումներով տնտեսություն չես կառուցի, և ոչ թե հանուն շահույթի ու տնտեսական զարգացման, այլ բացառապես բարեգործական կամ պետությանը նվիրվածության մղումներով ներդրումներ անելով՝ մրցակցային միջավայր չի ձևավորվի։ Այդպիսի գործարար-բարեգործների մի մասը վարչապետի տիկնոջ հիմնադրամի կասկածելի անանուն նվիրատուների շարքում է, ոմանք էլ, չգնահատված լինելով, լքել են հայրենի տնտեսությունը և երես թեքել այս վարչախմբից։ Կառավարությունից այլ բան թերևս չարժեր սպասել, քանի որ նրանք հանրությանը շարունակում են սնել նեոբոլշևիկյան մոտեցումներով՝ ատելություն սերմանելով հաջողակ, կրթված և հարուստ անձանց նկատմամբ, այդպիսով սպանելով միջին խավն ու այդ պարապը լցնելով «դասակարգային պայքարի» կիսագրագետ, բայց հավակնոտ մարտիկներով։ 

Պարզ է, որ այսօրինակ պետական քարոզչության հետևանքով հայաստանաբնակ գործարարները կմտածեն սեփական կապիտալը երկրից հանելու մասին։ Իսկ ներդրողների նկատմամբ նման վերաբերմունք միայն թշնամին կարող է թույլ տալ։ Մոտեցումը, թերևս, հանգում է ֆրանսիական միապետներից մեկի հայտնի ասացվածքին՝ «ինձնից հետո՝ թեկուզ ջրհեղեղ»։ Կարևորն առօրեական խնդիրներն են, դրանք ոչ թե նույնիսկ լուծելը, այլ դրանց շուրջ աղմուկ ստեղծելը, մեդիան սենսացիաներով ու սկանդալներով լցնելը, և թե ինչ կլինի վաղը՝ բնավ էական չէ։ Կարևորը՝ ևս մեկ օր ամեն կերպ իշխանությունը պահեն։

Դավիթ Սարգսյան