Փաշինյանը հոգեկան անհավասարակշիռ վիճակում է․ Տեր Վրթանես Բաղալյան

«Վարչապետի հայտարարությունները հասարակությանը շեղող բնույթ ունեն։ Ինքը տարբեր կառույցների և անձերի թիրախավորելով փորձում է Արցախը Ադրբեջանին հանձնելու իր ծրագիրը իրագործել»,-Mediahub.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարություններն ասաց Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես Բաղալյանը։
Հիշեցնենք, որ երեկ, մամուլի ասուլիսի ժամանակ, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․ «Հույս ունեմ, որ հոգևոր ճեմարան ավարտած և բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրած բոլոր անձինք հոգևոր ճեմարան ընդունվելիս և ավարտելիս բավարար փաստարկներ և փաստեր ներկայացրել են իրենց հոգևոր, մարմնական, ընդհուպ մինչև սեռական առողջության վերաբերյալ»:
Տեր Վրթանեսը նկատեց, որ երկրի ղեկավարի արած հայտարարությունները բացառապես հանրության ուշադրությունը շեղելու նպատակ են հետապնդում, որովհետև հիմնական խնդիրը գլոբալ է․
«Այդ մարդը ցանկանում է Արցախը հանձնել ցեղասպան Ադրբեջանին։ Բաքվի, Գանձակի հայերի օրն է ուզում գցել արցախցիներին։ Նա պղծման է դատապարտում մեր վանքերն ու եկեղեցիները, բարոյական արժեքները։ Նախիջևանը հոծ հայկական բնակչություն ուներ, բայց ջնջեցին պատմական արժեքները։ Խնդիրն այլևս նրանում չի, թե ում է թիրախավորում այդ մարդը, մենք պարտավոր ենք տեսնել նրա արարքների հետևանքները»։
Քահանան նշում է՝ Նիկոլ Փաշինյանն ինքը բազմաթիվ թերություններով անձ է, հետևաբար նրա համար հեշտ է այլ տեղերում խնդիր փնտրելը։
«Ես կարծում եմ, որ ցանկացած նորմալ երկրում, եթե հոգեբույժ զննի Փաշինյանին՝ կփաստի, որ նա հոգեբուժական լուրջ խնդիրներ ունի։ Սա իմ անձնական կարծիքն է։ Ես կարծում եմ, որ նա հոգեկան անհավասարակշիռ վիճակում է և դրա արդյունքներից է՝ մարտի 1-ի սադրանքը։ Նա թիրախավորում է ոչ միայն եկեղեցին, այլ նաև արդարադատական մարմինները։ Մեկ զանգով արդարադատությունը փոխակերպում է դեմքը։ Օրերս ականատեսը դարձանք զոհվածի մոր կալանավորման դրվագին։ Ժորա անունով եիրտասարդը կատարեց վարչապետի հրահանգը»։
Հոգևորականը փաստում է՝ եկեղեցին պետք է լինի ժողովրդի կողքին և հոգևորականները պետք է գնահատական տան կատարվող երևույթներին։ Նրա խոսքով, դա ոչ թե քաղաքականություն է, այլ ժամանակի պարտադիր հրամայական։ Ասում է՝ Փաշինյանի որդին բարոյական չի վարվել զոհվածի մոր նկատմամբ, մինչդեռ Փաշինյանը նրան հերոսացնում է.
«Այս նույն տրամաբանության մեջ նաև ժամանակ առ ժամանակ Փաշինյանն անդրադառնում է եկեղեցուն, որտեղ բազմաթիվ նվիրյալ հոգևորականներ կան։ Ինչո՞ւ վարչապետը նրանց չի տեսնում, չի գնահատում։ Նրա հոգեկան խնդիրը թույլ չի տալիս, թերևս, որ դրականը տեսնի»։
Տեր Վրթանես Բաղալյանը միաբանման կոչ է անում։ Ընդգծում է, որ երկիրը կործանման եզրին է և լռելն անթույլատրելի է․
«Պետք է լինենք Արցախի կողքին, մենակ չթողնենք 120 հազար հայերին, ովքեր դեռ շրջափակման մեջ են։ Միայն միաբանությամբ կարող ենք պաշտպանել մեր պատմամշակութային արժեքները՝ վանքերը, եկեղեցիները, ամրոցները։ Պետք է միասին լինենք և պարտադրենք, որ Թուրքիան և Ադրբեջանը ճանաչեն ցեղասպանությունը։ Ի վերջո, Ազգերի Լիգայի որոշումը կա, Վիլսոնի իրավարար վճիռը կա, որով Արցախը Հայաստանի տարածք է համարվում։ Իսկ Փաշինյանին հոգեկան և մարմնական առողջություն եմ մաղթում»,-եզրափակեց Տեր Վրթանես քահանա Բաղալյանը։
Լուսին Ղազարյան