Մհեր Գրիգորյանը քանիցս ցանկացել է դիմում գրել-հեռանալ․ ի՞նչ ենթատեքստ ուներ փոխվարչապետի այսօրվա ռեպլիկը

Մհեր Գրիգորյանը քանիցս ցանկացել է դիմում գրել-հեռանալ․ ի՞նչ ենթատեքստ ուներ փոխվարչապետի այսօրվա ռեպլիկը

Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ընդդիմադիր պատգամավորները մի լավ նեղեցին Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների միջև ստորագրված կանոնակարգը վավերացնելու վերաբերյալ հարցը զեկուցող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին։ 

Վերջինս մի քիչ հոգոց հանելով, տեղ-տեղ՝ հարձակման հասցնելով, բայց շատ հարգալից ու քաղաքավարի տոնով, այդուհանդերձ, կարողացավ դիմակայել ընդդիմության հարցադրումներին։

Ընդ որում՝ Գրիգորյանը, ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, չէր կարողանում ստել, մանիպուլացնել ու մարդկանց աչքերին նայելով՝ բացահայտ կեղծել, թե ամեն ինչ կարգին է, ոչ մի ռիսկ էլ չկա, և որ կան բոլոր երաշխիքները, որ սահմանազատման գործընթացից հետո վերջնական խաղաղություն կհաստատվի։ Հակառակը՝ ասաց, որ ոչ մի երաշխիք էլ չկա, չի կարող ասել՝ Ադրբեջանը երբ կվավերացնի կամ արդյոք ունի՞ վստահություն, որ կվավերացնի, կամ ո՞րն է լինելու սահմանազատվող հաջորդ տարածքը, և ո՞ր քարտեզի հիման վրա։ Ու թեև նա հաջողությամբ մանեւրում էր ընդդիմության հարցադրումներից, բայց նրա պատասխաններում ևս տեղ-տեղ իրար հակասող հայտարարություններ էին հայտնաբերում այս թեմային լավ պատրաստված ընդդիմադիրները։

Այս քննարկման մեջ, սակայն, մի ուշագրավ դրվագ եղավ, որը ֆիքսեցին լրագրողները։ Եզրափակիչ ելույթների ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը նկատեց․ «Գիտե՞ք ինչ, պարոն Գրիգորյան, տարիներ հետո Դուք էլ էդ աթոռին նստած չեք լինելու, ես էլ էս աթոռին, հավանաբար, նստած չեմ լինի, բայց Դուք թողնում եք հաջորդ կառավարություններին մի փաստաթուղթ, որը «կոզր» է դառնալու Ադրբեջանի ձեռքին նոր տարածքներ վերցնելու և հաստատելու համար»։

Ընդդիմադիր պատգամավորը նաև ցավ հայտնեց, որ հենց Մհեր Գրիգորյանն է «այս հակաօրինական գործընթացին» մաս կազմում։ «Եւ, անկեղծ ասած, չեմ հասկանում, թե սա Ձեր ինչին է պետք»,- նկատեց Աննա Գրիգորյանը։

Մհեր Գրիգորյանն էլ Աննա Գրիգորյանի դիտարկման պահին, թե տարիներ հետո ինքն այլևս այս աթոռին նստած չի լինելու, անջատած բարձրախոսով քթի տակ մրմնջաց․ «Տա Աստված»։

Երբ քննարկումից հետո լրագրողները հիշեցրին ցածրաձայն արված այս խոստովանության մասին, թե ինչո՞ւ ասաց՝ «տա Աստված», հոգնե՞լ է այս իշխանության մաս կազմելուց, Մհեր Գրիգորյանն անակնկալի եկավ, որ լսել ենք իր ռեպլիկը, և չկարողացավ բացատրել, թե ինչու է այդպես արձագանքել․ «Բայց էդպես չի կարելի մեկնաբանել, Դուք ուղղակի պատահաբար եք լսել, թե ես ինչ եմ ասել»։

Հարցրինք՝ տեղեկություն ունի՞, թե Աստված ե՞րբ կտա, որ ինքն այլևս այս իշխանության մաս չկազմի, փոխվարչապետը ժպիտը դեմքին պատասխանեց․ «Չգիտեմ»։

Իրականում, Մհեր Գրիգորյանի այս կիսաձայն ռեպլիկը իր խորքային ենթատեքստն ունի, և նա չէր մտածում, որ լրագրողները դա ֆիքսած կլինեն ու կհարցնեն՝ չլինի՞՝ հոգնել է Նիկոլ Փաշինյանի կառավարության մասը կազմելուց։

Բանն այն է, որ MediaHub-ի տեղեկություններով՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը պատերազմից հետո մի քանի անգամ փորձել է ազատման դիմում գրել և հեռանալ այս կառավարությունից, որովհետև հասկացել է՝ ինչի մեջ է հայտնվել Հայաստանն ու չի ցանկացել պատասխանատվություն կրել այս իշխանության՝ Հայաստանը անդունդ գլորող և երկրի վիճակն էլ ավելի վատթարացնող քայլերի համար։ Բայց նրան համոզել են՝ մնալ, քանի որ իր փոխարեն այլ մարդ չէին կարող գտնել, որ կարողանար թե՛ Ռուսաստանի հետ, թե՛ ադրբեջանական կողմի հետ հարաբերություններն այս ֆորմատով առաջ տաներ։ Գրիգորյանն էլ, թեև հոգու խորքում չկիսելով այս թիմի վարած քաղաքականությունը, համաձայնել է մնալ և վերցնել ադրբեջանական կողմի հետ սահմանազատման հարցերով տարվող բանակցությունների բեռը, քանզի համարել է, որ Հայաստանի համար այս ծանր շրջանում, երբ պատերազմից հետո կոտրված էր պետության ողնաշարը, «խրամատը լքելը» կնշանակի դավաճանություն ոչ թե թիմին, այլ ուղիղ պետությանը։

Գրիգորյանը քաջ գիտակցում է, որ իրեն փոխարինող այս հարցում դժվար գտնվի, քանզի ինքն այս կառավարության այն քիչ թվով պրոֆեսիոնալ և թեմայի մեջ խորացած դեմքերից է, որ եթե հրաժարվի իր առաքելությունից, հետո չեն կարողանալու իրեն փոխարինող համարժեք մեկին գտնել, որը չի տապալի բանակցությունները։ Նրան նաև ընդունում են ռուսական շրջանակներում, և Մհեր Գրիգորյանին հաջողվում է քիչ թե շատ շտկել Նիկոլ Փաշինյանի՝ հայ-ռուսական հարաբերություններում իր անհեռատես հայտարարությունների և վարած քաղաքականության հետևանքով առաջացած խնդիրները։ Բայց այն, որ Գրիգորյանն իսկապես հոգնել է այս ամենից, և ձեռքը հնար լինի՝ վաղն էլ կհեռանա պաշտոնից ու կվայելի երբեմնի բանկիրին հատուկ իր հարուստ և առանց գլխացավանքի, ցիվիլ կյանքը, դա զգացվում է թե՛ նրա դեմքից, թե՛ տված պատասխաններից ու հոգոցով արտահայտած ռեպլիկներից, թե՝ «տա Աստված»։ 

Ի դեպ, նկատենք, որ ընդդիմությունն էլ բարեհաճ վերաբերմունք ունի Մհեր Գրիգորյանի նկատմամբ, այդ էր վկայում նաև Աննա Գրիգորյանի՝ այսօր արտահայտած ափսոսանքը նրա մասով, քանզի կարծում են՝ նա տեսակով նիկոլական չէ և այս կառավարությունում մնում է զուտ իր պրոֆեսիոնալիզմի հաշվին, ուղղակի ափսոսում են, որ ստիպված է լինում իր որակներով նաև ծառայել այս իշխանությանը, «թեկուզ հանուն հայրենիքի»։ Թեպետ՝ դա էլ իր ընտրությունն է։

Վահե Մակարյան