Արցախցիների աջակցության գումարները կկրճատվեն, Ընդդիմադիր եւ իշխանական կանանց երկխոսությունը չի ստացվել․ Մամուլը՝ սուրճով

«Հրապարակ» թերթը գրում է.
«Արցախից բռնի տեղահանվածներին ֆինանսական աջակցության վեցամսյա ծրագրի ժամկետը շուտով կլրանա։ Կառավարությունը, հիշեցնենք, 2023թ․ հոկտեմբերի սկզբին կայացրեց այդ որոշումը` խոսքը 50 հազար դրամների մասին է, որն ամեն ամիս հատկացնում էին յուրաքանչյուր շնչին, 2024թ․ ապրիլի սկզբին ժամկետը սպառվում է, եւ փաստացի տնազուրկ արցախցիները փաստի առաջ են կանգնելու։
Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ով ի պաշտոնե համակարգում է արցախցիների խնդիրները, փետրվարի 27-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ քննարկվում է բնակարանային ապահովման ծրագիր, սակայն դա ոչ այնքան բնակարանով ապահովելու, որքան արցախցիներին պարտքով փող տալու ծրագիր է, քանի որ բավական չէ, որ որոշել են շնչին ընդամենը 3 մլն դրամ տալ, բացի այդ` չափահաս քաղաքացիները պարտավոր են լինելու այդ գումարը 10 տարի անց վերադարձնել պետությանը: Հակառակ դեպքում` այդ գումարներով գնված բնակարանները չեն սեփականաշնորհվի։
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Փաստն» արդեն տեղեկացրել է, որ «Հայաքվե» նախաձեռնությունը մեծ համաժողով էր կազմակերպել «ՀՀ Անկախության հռչակագիրը և ազգային պետության տեսլականը» խորագրով։ Համաժողովի նախաձեռնողները հայտարարել են գործողությունների շարք սկսելու մասին, որի նպատակը, ըստ շարժման համակարգող Ավետիք Չալաբյանի, «երկրում նոր, ազգային իշխանություն ձևավորելն է, նրա գործունեության համար հստակ, հանրայնորեն ընկալելի օրակարգ սահմանելը ու մեր երկիրն այս աննախադեպ անվտանգային ճգնաժամից հանելն է»:
Ըստ էության, սա նաև փաշինյանական նոր Սահմանադրության դեմ առաջին լուրջ, կազմակերպված, ինստիտուցիոնալ շարժումն էր, ինչի առիթով նրա սատելիտները չհապաղեցին իշխանական տեղեկատվական հարթակներում տարբեր որակումներ շռայլել` մատնելով իշխանությունների վախերը։ Հասկանալով, որ Սահմանադրությունը փոխելու իր ծրագրերը լրջագույն դիմադրության օջախներ են ձևավորում Հայաստանում, մեր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության վերջին նիստին հանձնարարել է հնարավորինս քիչ հրապարակային խոսել նոր Սահմանադրության ընդունման օրակարգի մասին: Սա պայմանավորված է նաև իշխող թիմին ներկայացված սոցհարցումներով, ըստ որի, հանրաքվեն կարող է ավարտվել փաշինյանական թիմի համար խայտառակ արդյունքներով:
Փաշինյանն իր թիմին հանձնարարել է նախ և առաջ թուլացնել դիմադրության օջախները՝ «Հայաքվե» և այլն, նրանց մասին տարատեսակ որակումներ դաշտ նետելով։ Հասկանալի է, որ կազմակերպված և փաստարկված դիմադրությունը փաշինյանական իշխանության դեմ իրենց հոգեհարազատ մանիպուլ յացիաների համար փոքր դաշտ է թողնում։
«Հրապարակ» թերթը գրում է.
«ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) հայաստանյան գրասենյակի նախաձեռնած Կին առաջնորդների միջազգային ակումբի շրջանակներում ԱԺ 3 խմբակցությունների 22 կին պատգամավոր, ինչպես տեղեկացրել ենք, օրեր առաջ հանդիպել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի եւ ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության փոխտնօրեն Ռեբեքա Ուայթի հետ։
Մեզ որոշ մանրամասներ են հայտնի դարձել այդ հանդիպումից, որն այնքան էլ հարթ չի անցել․ ընդդիմադիր կանայք իշխանականների հետ չեն կարողացել հաշտ ու հարթ քննարկում ծավալել: Երբ իշխանական պատգամավորները սկսել են թվարկել, թե ինչ մեծ առավելություններ են տալիս կին գործիչներին, ինչպես են խթանում կանանց ակտիվությունը, ընդդիմադիր կանայք հակադարձել են, թե խոսում եք կանանց քաղաքական ակտիվության մասին, իսկ դուք ձեր մեջ քննարկե՞լ եք արդյոք` երբ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրահանգով քաշքշում են կանանց ուղիղ եթերում, երբ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն ապօրինի պաշտոնանկ է արվում:
Կազմակերպիչները ստիպված են եղել ընդհատել քննարկումը, քանի որ այն դուրս է եկել պատկերացրած կառուցողական հունից»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Էջմիածնի «Քիմիկների» զորամասի անհետ կորած զինծառայողների գործով հակակոռուպցիոն դատարան հարցաքննության է հրավիրվելու նաեւ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը: Նա նախաքննության ընթացքում այս քրեական գործով հարցաքննվել եւ ցուցմունք է տվել, ուստի դատարանը հարցաքննության է հրավիրելու նաեւ նրան: Էջմիածնի «Քիմիկների» զորամասի անհետ կորած զինծառայողների գործով հակակոռուպցիոն դատարանում տեւական ժամանակ է հարցաքննվում են անհետ կորած կամ զոհված զինծառայողների ծնողները. իսկ այդ գործով մեղադրյալներ են ԳՇ պետի նախկին տեղակալ Անդրանիկ Մակարյանը, եւ զորամասի այլ պաշտոնյաներ։ Անդրանիկ Մակարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 376 հոդվածի 3-րդ մասով:
Նշենք, որ ՀՀ ՔՕ 376 հոդվածի 3-րդ մասը սահմանում է անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ. սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքները, եթե դրանք կատարվել են ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում, պատժվում են ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով: Անդրանիկ Մակարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ երկրից չհեռանալու մասին»:
«Փաստ» օրաթերթը գրում է.
Կոնդի՝ «ամբողջ ծավալով օտարման» թեման շարունակում է կրքեր բորբոքել: Բանն այն է, որ այսօր առկա են սեփականության ու հողատարածքների չափերի հետ կապված բազմաթիվ վիճահարույց կամ բաց մնացած խնդիրներ, ուստի, ինչպես առիթ ունեցել ենք տեղեկացնելու, միայն դրանց լիարժեք լուծումից հետո հնարավոր կլինի խոսել օտարման ժամանակ փոխհատուցման հստակ չափի մասին:
Ըստ այդմ, քաղաքապետարանի կողմից, ըստ բնակիչների դիմումների, իրականացվում են թաղամասի սահմանների ճշգրտման և հողահատկացման հիմքերի վերականգնման աշխատանքներ: Այս պահին, մեր տեղեկություններով, քաղաքապետարանում կա մոտ 300 դիմում, սակայն կոնդեցիներից ոմանք կա՛մ դեռ չեն շտապում դիմել, կա՛մ կտրուկ դեմ են արտահայտվում Կոնդի «քանդմանը»:
Մեր աղբյուրների փոխանցմամբ, քաղաքապետ Տիգրան Ավինյանը խորհրդակցություններից մեկի ժամանակ զայրացած նշել է, թե՝ «մենք իրենց համար, իրենք՝ ո՞ւմ համար», նկատի ունենալով, որ սահմանների ճշգրտման և հողահատկացման հիմքերի վերականգնման աշխատանքներն իրականացվում են նրա համար, որ կոնդեցիները նորմալ փոխհատուցում ստանան: Ավինյանը, մեր տեղեկություններով, նաև շեշտել է, որ եթե կոնդեցիները շարունակեն խոչընդոտել, ապա իրենք պարզապես կդադարեցնեն սահմանների ճշգրտման և հողահատկացման հիմքերի վերականգնման աշխատանքները, սակայն, միևնույնն է, նոր քաղաքաշինական ծրագիրն իրականացվելու է ամբողջ ծավալով: Միայն թե այս դեպքում համապատասխան դիմում չներկայացրած, տեղական տուրքը չվճարած ու համապատասխան ճշգրտումներ չկատարած քաղաքացիները անհամեմատ փոքր ծավալի փոխհատուցում կստանան: