Ո՛չ Պն-ին ենք վստահում, ո՛չ Փաշինյանին, ո՛չ Ալեն Սիմոնյանին․ սահմանին կրակոցներն օրեցօր ինտենսիվանում են

ՀՀ Սյունիքի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերի սահմանամերձ բնակավայրերում ապրիլի 8-ի գիշերը հանգիստ չի եղել։ Ադրբեջանը կրակել է սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ։
Բնակիչները MediaHub-ի հետ զրույցում ասացին, որ իրենք հասկանում են թե՝ որ դեպքում են օդ կրակում, որ դեպքում՝ գյուղի։
«Իրենց նպատակը մեզ վախեցնելն է, գյուղերում խուճապ առաջացնելը, խաղաղ բնակիչների արտագաղթը։ Մենք սաղ կռվող տղերք ենք, եթե Ալեն Սիմոնյանն ասում է` «օդ են կրակում», ապա նրան ու մյուսներին հրավիրում եմ Խնածախ, թող գան ու մի գիշեր մնան էստեղ, տեսնեմ հաջորդ օրը նույնը կասի՞։ Իսկ պաշտպանության նախարարությունը, որ հերքում է թե Հայաստանի Զինված ուժերը չեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը, խի՞ չի գրում, որ ադրբեջանցիներն են կրակում։ Ուզում են մեկս մեռնի, որ նոր հասկանա՞ն իրականությունը»,- ասաց Խնածախի բնակիչը։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօր առավոտյան է հաղորդագրություն տարածել, թե ապրիլի 8-ին, ժամը 19:20-ից մինչև 22:30-ը, հայկական դիրքերից կրակել են Բասարքեչար (նկատի առնելով Վարդենիս) շրջանի Գարեյման (Կախակն) և Յուխարի Շորժա (Վերին Շորժա) բնակավայրերի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական բանակի դիրքերի վրա:
Նշվում է նաև, որ իրենց ստորաբաժանումները համապատասխան հակազդման միջոցներ են ձեռնարկել այս տարածքներում:
MediaHub-ը կապ հաստատեց նաև Գեղարքունիքի մարզի սահմանամերձ գյուղերի հետ։ Վարչական ղեկավարները հրաժարվեցին պատասխանել հարցերին, փոխարենը բնակիչներն ասացին, որ կրակոցներն ու սահմանին լարվածությունը նոր բան չէ։
«Հիմնականում կրակում են գիշերը՝ հրաձգային զինատեսակներից։ Թե՛ օդ են կրակում, թե՛ անկանոն են կրակում, դա մեզ ամենաքիչն ա հետաքրքրում։ Եթե կրակի ձայները լսում ենք մեր տներում, դա նշանակում ա, որ ոչ մի խաղաղության էլ չենք գնում։ Ոչ մեր Պն-ին ենք վստահում, ոչ Նիկոլ Փաշինյանին, ոչ էլ Ալեն Սիմոնյանին։ Մենք մեզ ենք վստահում»,- ասաց Ճամբարակի բնակիչը։
Հիշեցնենք, որ միայն Գեղարքունիքի մարզի նշված բնակավայրերում Ադրբեջանը ՀՀ սուվերեն տարածքից զբաղեցնում է շուրջ 75 քառակուսի կմ-ը։
Տավուշի մարզի Սարիգյուղի բնակիչն էլ տեղեկացրեց, որ իրենց մոտ ևս անհանգիստ է եղել։ Ադրբեջանցիները կրակել են, ու ձայները խորքից չեն լսել, այլ շատ մոտ, ինչից էլ ենթադրում են, որ թիրախում խաղաղ բնակավայրերն են։
«Մեր գյուղը չնայած շատ մոտա սահմանին, բայց բախտներս բերել ա՝ փոսի մեջա։ Կրակոցները լսվում են, մանավանդ վերջին մեկ շաբաթում դրանք ավելի ինտենսիվ են դարձել։ Իսկ օրեր առաջ իրավիճակը շատ թեժ է եղել, մեզանից բարձր գյուղերում մարդիկ մտածել են՝ արդեն պատերազմ է։ Հիմա բարեբախտաբար հանգիստ է, համար 1 ռեժիմը թուլացրել են»,- հավելեց մեր զրուցակիցը։
Հունան Թադևոսյան