«Թումո»-ի աշխատակիցները թեթև վնասվածք են ստացել․ նրանց մեքենան ադրբեջանական բեռնատարը գլորել էր ձորը

«Թումո»-ի աշխատակիցները թեթև վնասվածք են ստացել․ նրանց մեքենան ադրբեջանական բեռնատարը գլորել էր ձորը

Ադրբեջանական շարասյունը վթարի է ենթարկել արցախցու մեքենան։ Դեպքի վերաբերյալ «Թվիթերում» գրառումներ է կատարել ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը:

«Ադրբեջանական բեռնատարի կողմից դիտավորյալ հանցագործություն. Մարտակերտի շրջանի ճանապարհին ընթացող  քաղաքացիական ավտոմեքենայի դեմ։ Այս հանցագործության զոհ են դարձել @tumocenter-ի աշխատակիցները։

P.S. ադրբեջանական բեռնատարի միջադեպի հետևանքով @tumocenter-ի աշխատակիցները թեթև վնասվածքներ են ստացել, բայց շարունակել են իրենց ճանապարհը, կազմակերպել են նախատեսված շնորհանդեսը/հավաքագրումը, այնուհետև վերադարձել Ստեփանակերտ և դիմել բուժզննման։ Դա Թումոյին նվիրվածության վառ օրինակ է»․- գրել է Բեգլարյանը։

Արցախի Հանրապետության դատախազությունը հայտարարություն է տարածել ադրբեջանական շարասյան կողմից արցախցու մեքենան վթարի ենթարկելու դեպքի  վերաբերյալ՝ տեղեկացնելով, որ ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում դեպքի հանգամանքները, վթարի ու բախման առաջացման պատճառները, այն կանխելու հնարավորությունը, բախումը դիտավորության կամ անզգուշության հետևանք լինելը պարզելու ուղղությամբ»: