Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանում բոլոր ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ․ Միրզոյան

Հոկտեմբերի 23-ին Թեհրանում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն իրանական կողմի հրավերով մասնակցել է տարածաշրջանային խորհրդակցական հարթակի («3+3») ձևաչափով հանդիպմանը, որին մասնակցում էին նաև Իրանի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները:
Հանդիպմանը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշել է, որ կան խնդիրներ, շատ բարդ խնդիրներ, կա պատմություն, և այդ խնդիրները պետք է հասցեագրվեն, այլապես տարածաշրջանը դատապարտված կլինի ընդմիշտ մնալ անցյալում։ Նախարար Միրզոյանը հավելել է, որ առկա խնդիրների կարգավորումը կարող է տարածաշրջանում ապահովել համագործակցային մթնոլորտ՝ որպես զարգացման կարևոր երաշխիք։ Նշվում է ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Ընդգծելով, որ ապագայի ծրագրերը հնարավոր չի լինի կյանքի կոչել, եթե տարածաշրջանային համակեցության՝ միջազգային իրավունքով սահմանված կարմիր գծերը չհարգվեն բոլորի կողմից՝ Արարատ Միրզոյանը որպես ուղենիշ նշել է ՄԱԿ կանոնադրության նպատակներն ու սկզբունքները և ի մասնավորի ուժի և ուժի սպառնալիքի կիրառման բացառումը, պետությունների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, սահմանների անքակտելիության սկզբունքները, ինչպես նաև մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությունը։ «Ընդ որում, կարևոր է հավատարմությունն այս սկզբունքներին ինչպես մեր գործողություններում, այնպես էլ մեզանից յուրաքանչյուրի հռետորաբանության մեջ։ Ագրեսիվ և սպառնալիքներով լի հռետորաբանության պայմաններում դժվար է պատկերացնել նպաստավոր մթնոլորտի ստեղծում, որը թույլ կտա կյանքի կոչել տարածաշրջանային հավակնոտ նախագծեր։ Հայաստանն, իր հերթին, հավատարիմ է այս սկզբունքներին»,- իր խոսքում ընդգծել է Արարատ Միրզոյանը։
Վկայակոչելով նախորդ՝ 2021թ. դեկտեմբերին կայացած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունն առ այն, որ այս խորհրդակցությունները չեն վերածվելու հակամարտությունների քննարկման հարթակի, այլ առավելապես կենտրոնանալու են համատեղ տնտեսական և զարգացման օրակարգերի վրա՝ նախարար Միրզոյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է տարածաշրջանային համագործակցությունը տնտեսության, լոգիստիկայի, էներգետիկայի, ջրային ռեսուրսների կառավարման, մշակութային ժառանգության պահպանման և այլ ոլորտներում։
Անդրադառնալով տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը՝ ՀՀ արտաքին գործերի գերատեսչության ղեկավարը նշել է. «Հայաստանի Հանրապետությունը, լինելով դեպի ծով ելք չունեցող պետություն, շահագրգռված է տարածաշրջանում բոլոր ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ և հետագա զարգացմամբ։ Պետությունների ինքնիշխանության և իրավազորության հարգման, փոխադարձության և հավասարության սկզբունքների հիման վրա Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է մաս դառնալ տարածաշրջանային ենթակառուցվածքային նախագծերին։ Մենք կարծում ենք, որ հյուսիս-հարավ և արևելք-արևմուտք տրանսպորտային ուղիների հատումը մեր տարածաշրջանում և այդ թվում՝ Հայաստանի ինքնիշխան տարածքում, յուրօրինակ «խաղաղության խաչմերուկ» կարող է դառնալ մեզ բոլորիս համար։»
Նախարար Միրզոյանն իր խոսքում նշել է, որ ՀՀ-ն կարևորում է հատկապես երկաթուղային ենթակառուցվածքների՝ միմյանց ինտեգրման գործընթացը, այդ թվում՝ անհրաժեշտ ենթակառուցվածքների կառուցման կամ վերագործարկման միջոցով. Հայաստանի Հանրապետությունը շահագրգիռ է Ադրբեջանի տարածքով երկաթուղային կապ ունենալ Իրանի, Ռուսաստանի և Կենտրոնական Ասիայի հետ՝ փոխադարձության սկզբունքով ապահովելով իր տարածքով անցնող երկաթուղու հասանելիությունը տարածաշրջանային մյուս երկրների, ինչպես նաև այլ միջազգային անցման համար։ Այս համատեքստում ոչ պակաս կարևոր է նաև Գյումրի-Կարս երկաթգծի վերագործարկումը, ինչպես նաև Հյուսիս-Հարավ նախագծի մի ճյուղի՝ Հայաստանի տարածքով անցկացումը։