Ի՞նչ ճակատագիր է սպասվում «Սերունդ» հիմնադրամին

Ի՞նչ ճակատագիր է սպասվում «Սերունդ» հիմնադրամին

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո արցախցուն սոցիալական աջակցություն տրամադրելու համար ստեղծվեց «Սերունդ» հիմնադրամը, որի նվիրատուն շարքային հայն է, ով իր գրպանից ամսական ֆիքսված գումար` 10 դրամից սկսած, նվիրաբերում էր Արցախի համայնքներից որևէ մեկին աջակցելու համար։ 

«Սերունդ» հիմնադրամի սոցիալական աջակցություն իրականացվում էր, օրինակ, Արցախի Չարեքտար և Եղցահող համայնքներում (այժմ նաև Հին շեն), որտեղ ծնված բոլոր երեխաները դառնում էին հիմնադրամի շահառու՝ ստանալով ամսական 50 000 դրամ մինչև երեխայի 16 տարեկանը: Այս պահին հիմնադրամն ունի երեք շահառու, սակայն առաջիկա ամիսներին համալրումներ էին սպասվում:

Շատ քաղաքացիների, որոնք ևս ամսական նվիրատվություն էին կատարում հիմնադրամին, հետաքրքրում է հարցը, թե ի՞նչ է սպասվում հիմնադրամին։ MediaHub.am-ը կապ հաստատեց հիմնադրամի ներկայացուցիչ Թևան Պողոսյանի հետ՝ հարցի պատասխանը ստանալու համար։

«Հիմնադրամի հիմնադիրները մինչև հոկտեմբերի մեկը կհստակեցնեն՝ ինչ է արվելու։ Կա՛մ նույն երեխաներին պահելու են, կա՛մ՝ նոր համայնքներ կլինեն։ Նվիրատուները նամակ կստանան, ցանկության դեպքում կհաստատեն ու էլի կշարունակեն իրենց անդամակցությունը։ Բայց առնվազն այս երեք երեխաներին կշարունակվի աջակցության տրամադրումը»,- ներկայացրեց Թևան Պողոսյանը՝ ևս մեկ անգամ նշելով, որ քայլերը դեռևս հստակեցված չեն։

Նարե Գնունի