Հայկ Կոնջորյանն այդքան գիտելիք չունի, որ հասկանա՝ ինչ է «Կովկասյան վագր»․ Արթուր Խաչատրյան

Ազգային ժողովի նիստն ՔՊ-ականներն այսօր վերածեցին ծաղրուծանակի, երբ «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Խաչատրյանն, անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի կառավարման ժամանակաշրջանի Հայաստանի տնտեսական ցուցանիշներին, շեշտեց, որ բարձր ցուցանիշ ունենալու համար Հայաստանն անվանում էին «Կովկասյան վագր։ 

«ՔՊ» խմբակցության քարտուղար Հայկ Կոնջորյանն ծաղրանքով հակադարձեց. «Կարո՞ղ է էդ «վագրից» էին վախեցել Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք ՀՀ-ից հեռացած կես միլիոն մարդիկ»։

Արթուր Խաչատրյանը MediaHub-ի հետ զրույցում «Մենք ենք մեր սարերը» ֆիլմը հիշեց ու անդրադառնալով Հայկ Կոնջորյանի, այսպես ասած, սեւ հումորին, շեշտեց․ 

«Նա այդքան գիտելիք չունի, որ հասկանա՝ ինչ է նշանակում «Կովկասյան վագր», դրա համար որոշեց այդ պակասը լրացնել սրամտությամբ։ Այն ժամանակ, երբ Հայաստանը կոչվում էր «տնտեսական վագր», երկիրը ղեկավարում էր Ռոբերտ Քոչարյանը»։ 

Այս օրերին, երբ Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ, 12-րդ օրն է Արցախը փաստացի կտրված է Հայաստանից, խորհրդարանը ինչո՞վ է զբաղված, հետաքրքրվեցինք ընդդիմադիր պատգամավորից։ Խաչատրյանն ընդգծեց՝ Հայաստանի Հանրապետությունը 1988թ․-ից ի վեր հանդիսացել է Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորը, այդ պարտականությունը ՀՀ ուսերից որեւէ մեկը չի վերցրել, հետեւաբար Հայաստանը չպետք է իր այդ հանձնառությունը սահմանափակի միայն Արցախի կառավարությանը պարտքով գումար տալով ու միայն երրորդ կողմին մեղադրելով՝ նկատի ունենալով Ռուսաստանին։

«Հայաստանը պետք է գործուն քայլեր ձեռնարկի, որպեսզի ճանապարհը բացվի ու Լեռնային Ղարաբաղի քաղաքական կարգավորման հարցը վերադառնա միջազգային օրակարգ։ Երբ ՄԱԿ-ի ԱԽ նիստ հրավիրվեց, Հայաստանը պետք է որեւէ բարեկամ երկրի միջոցով բանաձեւ առաջարկեր, որ ՄԱԿ-ը բանաձեւ ընդուներ ու պարտադրեր Ադրբեջանին, որպեսզի ճանապարրհը բացվի եւ ազդանշան ուղարկեր ամբողջ աշխարհին, որ Արցախի քաղաքական կարգավորման հարցը լուծված չէ։ Դա շատ կարեւոր գործոն կլիներ, եւ հենց այսօր ճանապարհը կբացվեր»,-նշեց նա։ 

Մանրամասն՝ տեսանյութում:

Լիա Սարգսյան