Մամուլը՝ սուրճով

Մամուլը՝ սուրճով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Խորհրդարանում այսօր թեժ է լինելու: ԱԺ-ն հենց այսօր քննարկելու է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի եւ նույն խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին դատախազության միջնորդությունները:

«Ժողովուրդ» օրաթերթն արդեն հայտնել է, որ ընդդիմությունը երկար մտորումներից հետո որոշել է բոյկոտել նիստը. ինչպես Սեյրան Օհանյանն է բնորոշել, «դա կլինի մեկ գավառական դերասանի՝ ՔՊ-ի թատրոն», ուստի իրենք չեն մասնակցելու նիստին, թեեւ օրեր շարունակ պատրաստվել էին իշխանականների հետ «կռիվ տալուն»:

Ստացվում է՝ այսօր ԱԺ-ում ՔՊ-ականների եւ Նիկոլ Փաշինյանի օգնական աշխատած գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի «բենեֆիսն» է լինելու:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներսում անառողջ մթնոլորտ է:

«Ժողովուրդ» օրաթերթն իր աղբյուրներից պարզեց, որ պարգեւավճարներ պահանջող 36 պատգամավորների օգնականները, որոնք իրենց ղեկավարների գիտությամբ դիմել էին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին եւ աշխատակազմի ղեկավար Վահան Նարիբեկյանին՝ պարգեւավճար ստանալու պահանջով, անհարմար իրավիճակում են: Պարզվում է՝ պատգամավորներից շատերը չեն իմացել, թե ինչ ինտրիգներ են թաղված ստորագրահավաքի հետեւում, եւ հրահանգել են իրենց օգնականներին գնալ ու հետ վերցնել ստորագրությունը:

Նրանք չեն ցանկացել դուրս գալ Սիմոնյանի եւ Նարիբեկյանի դեմ, բայց քանի որ այդպիսի ընթացակարգ տեխնիկապես հնարավոր չէ, գործընթացը շարունակվել է զղջացող տեքստերով միայն:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել ՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի շուրջ Սահմանադրական դատարանում տիրող իրավիճակի վերաբերյալ:

Մասնավորապես, Սահմանադրական դատարանում կա կոնկրետ փաստաթուղթ, որտեղ արձանագրված է, որ հունվարի 10-ի ՍԴ աշխատակարգային նիստի ժամանակ Սեդա Սաֆարյանը ՍԴ դատավորներին խոստովանել է, թե ինչ քայլ է արել: Արձանագրվել է, թե ՍԴ դատավորները ինչ հարցեր են տվել իրեն:

«Ժողովուրդ» օրաթերթին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՍԴ դատավորները հունվարի 10-ից համարել են, որ սկսվել է հաշվարկը, ու հենց այդ օրվանից իրենք ունեն երեք ամիս ժամանակ դիմում ներկայացնելու Սեդա Սաֆարյանի գործողության մասով: Եվ, ահա, 3 օրից կլրանա մեկ ամիսը, սակայն մինչ օրս որեւէ ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասով դիմում չի ներկայացրել: Դեռեւս կա երկու ամիս, ու ոչինչ բացառել հնարավոր չէ:

«Հրապարակ» թերթը գրում է.

Օրեր առաջ գրել էինք, որ ոստիկանությունը մեկ անձից գնման ընթացակարգով խոշոր գնում է կատարել ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «ՍԻԼ ինշուրանս» ապահովագրական ընկերությունից՝ 39 մլն 984 հազար դրամի ԿԱՍԿՈ ծառայություն է ձեռք բերել։ Պարզվում է՝ այս ընկերությունից գնում կատարել է նաեւ վարչապետի աշխատակազմը՝ 165 հազար դրամի ԱՊՊԱ է ձեռք բերել, տարածքային կառավարման նախարարությունը՝ 224 հազար դրամի, Տավուշի մարզպետարանը՝ 165 հազարի, Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն՝ 143 հազարի, Կադաստրի կոմիտեն՝ 905 հազարի, քրեակատարողական ծառայությունը՝ 2 մլն 761 հազարի, ԱԺ-ն՝ 4 մլն դրամի, Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը՝ 121 հազարի չափով։

Պայմանագրերը կնքվել են 2023 թ․ հունվարի 1-ից հետո, մեկ անձից գնման ընթացակարգով, առանց մրցույթի։ «Նաիրի ինշուրանս» ընկերության հետ որեւէ պայմանագիր չի կնքվել, «ՌԵՍՈ»-ի հետ կնքվել է 1 պայմանագիր․ շրջակա միջավայրի նախարարությունը՝ 459 հազար դրամի, «Ինգո Արմենիա»-ի հետ պետական մարմինները 8 պայմանագիր ենք կնքել, ընդհանուր արժեքը՝ 5 մլն 246 հազար դրամ։ «Ռոսգոսստրախ-Արմենիա»-ի հետ՝ 14 պայմանագիր, ընդհանուր արժեքը՝ 1 մլն 841 հազար դրամ։ «Արմենիա ինշուրանս»-ի հետ՝ 4 պայմանագիր, ընդհանուր՝ 3 մլն 994 հազար դրամի։ «Սիլ ինշուրանս» ընկերության հետ պետական մարմինների կնքած պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմում է 48 մլն 487 հազար դրամ, 4 անգամ ավելի, քան մյուս բոլորի հետ կնքված պայմանագրերը միասին վերցրած։

«Հրապարակ» թերթը գրում է.

Արտակ Բուդաղյանի ազատման մասին տարբեր վարկածներ են շրջանառվում։ Մեկի համաձայն՝ ազատման պատճառը մեկ ամիս առաջ Կապանի դիքերում գրանցված միջադեպն է, մինչդեռ նրա շրջապատը բացառում է, որ պատճառը դա լինի, քանի որ մինչ այդ ավելի աղմկոտ միջադեպեր են եղել, բայց նա չի ազատվել։ Ըստ վարկածներից մյուսի, Բուդաղյանը վերջերս որոշ շրջանակներում քննարկել է բանակի վիճակը, իշխանություններին քննադատել, ինչի մասին տեղեկանալով՝ որոշել են պատժել  հրամանատարին։

«Հրապարակ» թերթը գրում է.

Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների լուրն աշխուժացրել է նաեւ իշխանամերձ ուժերին։ Նախօրեին «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը Երեւանի խորհրդի վերակազմավորման նիստ է արել եւ նախագահ է ընտրել ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանին, ով ԼՀԿ-ի քաղաքապետի թեկնածուն է եւ այդ մասին անձամբ է հայտնել մեզ։ Մինչ այդ Երեւանի խորհուրդը ղեկավարում էր ԼՀԿ-ական նախկին պատգամավոր  Գեւորգ Գորգիսյանը։ Խորհուրդը նաեւ որոշել է Երեւանի 2023-2028թթ. զարգացման ծրագիր մշակել։

Ավելի վաղ գրել էինք, որ գործող քաղաքապետը հնարավոր է այս ամսվա ընթացքում հրաժարական տա, ու մայիսին գնան արտահերթ ընտրությունների։ Քաղաքապետարանի մեր աղբյուրները, սակայն, երեկ հայտնեցին, որ իշխանությունները ռիսկերն են հաշվարկում, եւ, ըստ ամենայնի, հրաժարականն այս ամիս տեղի չի ունենա, քանի որ ՔՊ-ի ընտրվելու շանսերն այնքան էլ մեծ չեն։

«Հրապարակ» թերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանի համար Սիսիանում ՔՊ-ի հաղթանակը դարձել է կենաց-մահու խնդիր: Մոբիլիզացվել են բոլոր ուժերը։ Վերջին օրերին նաեւ մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն է Սիսիանի համայնքներ այցելում։ Նրան ուղեկցում է ՔՊ-ի թեկնածու, Սիսիան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանը։ Թեպետ մարզպետի շրջապատից վստահեցնում են, որ այցը կապ չունի ընտրությունների հետ, եւ մարզպետը շարունակում է սեպտեմբերյան պատերազմի պատճառով ընդհատված աշխատանքային այցերը Սյունիքի տարբեր համայնքներ, իսկ թեկնածուի քարոզարշավի ողջ պատասխանատվությունը դրված է ՔՊ-ական պատգամավոր, սիսիանցի Կարեն Համբարձումյանի եւ եղբոր՝ Սիսիանի անտառտնտեսության ՊՈԱԿ-ի տնօրեն Տիգրան Համբարձումյանի վրա, սակայն մարզի աղբյուրները հակառակն են պնդում, որ հընթացս էլ ՔՊ թեկնածուին են գովազդում մարզպետի այցերի եւ բնակչությանը տրվող խոստումների ընթացքում։

Իշխանությունն այնքան մարտական է տրամադրված Սիսիանում, որ մարզից լուրեր են հասնում, թե հնարավոր է ընդդիմությունը նորից նահանջի ու թեկնածու չառաջադրի, թեպետ շաբաթներ առաջ ակտիվ քննարկումների մեջ էր եւ առաջադրվելու մտադրություն ուներ նախկին համայնքապետ, այժմ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը, ում հետ երեկ չկարողացանք կապ հաստատել։ Եվ չնայած փետրվարի 9-ից թեկնածուների առաջադրումները սկսվել են, սակայն երեկվա դրությամբ որոշակիություն կար միայն իշխանական դաշտում։

«Փաստ» օրաթերթը գրում է

Սիրիայում և Թուրքիայում ուժգին երկրաշարժերը հազարավոր մարդկանց կյանք են խլել, փլուզվել են շենք-շինություններ: Երկրաշարժերին հաջորդում են նաև ոչ պակաս ուժգին հետցնցումները: «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի խորհրդական Սերգեյ Նազարեթյանը «Փաստի» հետ զրույցում ասում է` երկրակեղևի երկրաշարժերը (կան նաև օվկիանոսային երկրաշարժեր), որոնց խորությունը մեծ չէ, ունենում են երկարատև հետցնցումների գործընթաց:

«Դրանք օրինաչափ են, բնական, այստեղ ոչ ոք ոչինչ անել չի կարող: Առաջին ուժեղ հետցնցումը` 7 մագնիտուդ, եղավ փետրվարի 6-ին, մեր ժամանակով մոտավորապես ժամը 14:30-ի սահմաններում: Այն Սպիտակի երկրաշարժի կարգի էր: Դա էլ է օրինաչափ: Հետցնցումների գործընթացը կարող է տևել տասնյակ տարիներ, սովորաբար 1-2 տարի կլինի ակտիվ հետցնցումային ժամանակահատվածը, տեղի ունեցած հետցնցումների քանակն ընդհանուր քանակի մոտ 80 տոկոսը կկազմի, հետո կամաց-կամաց քանակը կսկսի քչանալ, բայց այդ ընթացքում կարող են լինել զգացվող, վնաս տվող ցնցումներ ևս: Սպիտակի երկրաշարժից հետո անցել է 34 տարուց ավելի, բայց հետցնցումները դեռ չեն մարել, պրոցեսը շարունակվում է»,-նշում է Նազարեթյանը:

Հայաստանը սեյսմիկ գոտում է, որքանո՞վ են այս երկրաշարժերը վտանգավոր մեզ համար: «Այս երկրաշարժը կապված է արևելաանատոլիական բեկվածքի հետ, որը Հայաստանի Հանրապետության տարածք չի մտնում: Այդ տեսակետից հավանականությունը, որ այս երկրաշարժերը պատճառ կհանդիսանան ՀՀ տարածքում ուժեղ ու վտանգավոր ցնցումների, համարյա թե բացառվում է: Թույլ երկրաշարժեր կարող են լինել, դա սովորական բան է»,-ընդգծում է «Փաստի» զրուցակիցը:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Արամ Վարդեւանյանը չի շփվում երբեմնի գործընկերների հետ: «Ժողովուրդ»
օրաթերթը տեղեկացավ, որ նա մեկուսացել է քաղաքական կյանքից, հեռացել գործընկերներից:

Նա կապը պահում է միայն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նրա մեկ-երկու հավատարիմների հետ, որոնք մնացել են «Հայաստան» խմբակցության մեջ: Վարդեւանյանը հիմնականում ակտիվացել է իր նախկին աշխատանքում՝ փաստաբանական գործունեության մեջ:

Ինչո՞ւ է խռովել երբեմնի գործընկերներից. «Ժողովուրդ» օրաթերթի այս հարցին Վարդեւանյանը պատասխանեց, թե չի մեկուսացել եւ կապի մեջ է պատգամավորների հետ։

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանում իշխանություններն ու նրանց մերձակա շրջանակները տարբեր կեղծ օրակարգերով ամեն ինչ անում են, որ Արցախի հարցը, այդ թվում՝ Բերձորի միջանցքի շրջափակման թեման հնարավորինս քիչ շրջանառվի, քիչ քննարկվի: Սակայն, ինչպես քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն է նշում, Արցախում հիմա որոշվում է ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի լինել-չլինելու հարցը:

«Եթե ԱՀ-ն, այնուամենայնիվ, դիմադրեց, հույս կլինի, որ ՀՀ-ում էլ ինչ-որ գործընթացներ կլինեն, և այդ դիմադրությունը կհասնի իր տրամաբանական ավարտին: Բայց եթե չեղավ, վստահեցնում եմ, որ 2020-ի աղետալի պատերազմը մեզ պարզապես շատ փոքր էպիզոդ է թվալու»,«Փաստի» հետ զրույցում ասում է քաղաքագետը՝ հավելելով, որ երբ Նիկոլ Փաշինյանը հունվարի 10-ին Ադրբեջանի նախագահի հետ սինխրոն ասուլիս տվեց, այն ոչ այնքան Արցախի մասին էր, որքան Հայաստանի Հանրապետության ապագայի: Անդրադառնալով այն փաստին, որ Արցախի հարցում ամեն ինչ միայն հումանիտար խնդրի հարթություն է իջեցվել այս իշխանությունների կողմից՝ նա նկատեց. «Արցախի նկատմամբ այնպիսի վերաբերմունք են ցուցաբերում, ինչպես, օրինակ՝ Սփյուռքում գտնվող ցանկացած գաղթօջախի:

Միայն մի տարբերություն կա. ըստ իրենց, Արցախն ավելի վատն է, քան, օրինակ՝ Մարսելի գաղթօջախը, որովհետև այլ հավասար պայմաններում, իրենց պատկերացմամբ, Մարսելից մեզ գումար են ուղարկում, իսկ այստեղ «խեղճ Նիկոլը» ստիպված է ինքն Արցախին գումար ուղարկել: Իրենց ընկալումներով Արցախն առավելագույնը հայերի գաղթօջախ է՝ Ադրբեջանի տարածքում»:

«Փաստ» օրաթերթը գրում է

Նախօրեին Գյումրու «Բարեկամության» այգում տեղի ունեցավ գերժամանակակից տեխնոլոգիաներով ստեղծված սահադաշտի և գյումրեցի արվեստագետների ու արհեստավորների ստեղծագործությունները ցուցադրող Վերնիսաժի պաշտոնական բացման արարողությունը։ Վերնիսաժն ունի 25 փայտյա տաղավար, իսկ սահադաշտը զբաղեցնում է 815 քառակուսի մետր տարածք: Սա, կարելի է ասել, գյումրեցիների ու Գյումրու հյուրերի համար իսկապես սպասված իրադարձություն էր:

Այգին վերանորոգվում է Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանին պատկանող «Զբոսաշրջության և քաղաքաշինության» TUF բարեգործական հիմնադրամի կողմից։ Նշենք, որ այգու վերակառուցման ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 12 մլն դոլար, որից 4 մլն դոլարից ավելին ներդրվել է հիմնադրամի գործընկեր կազմակերպությունների և մի շարք անհատ բարերարների կողմից։ Նախատեսվում է, որ զբոսայգու վերջնական բացումը իր բոլոր օբյեկտներով տեղի կունենա 2024 թ. ամռանը։

Ի դեպ, «Փաստ» թերթի տեղեկություններով, դեռևս 12 տարի առաջ Ռուբեն Վարդանյանի կողմից ներկայացվել է Երևանի «Հաղթանակ» զբոսայգու վերակառուցման և բարեկարգման ծրագիր, որը թույլ կտար ունենալ գերժամանակակից այգի՝ համապատասխան ենթակառուցվածքներով ու ատրակցիոններով: Սակայն թե՛ նախկինում, թե՛ հիմա իշխանություններն այդպես էլ ընթացք չտվեցին այդ ծրագրին: Արդյունքում այսօր ունենք բավական անշուք ու անխնամ զբոսայգի, որտեղ իրենց դարն ապրած ատրակցիոններ են՝ անցած դարից մնացած սպասարկմամբ ու ենթակառուցվածքներով:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը, նախորդ տարվա չորրորդ եռամսյակի միջին ընթացիկ գներով, կազմել է 77 հազար 740 դրամ՝ ամսական կտրվածքով, մինչդեռ 2021 թվականի չորրորդ եռամսյակի միջին ընթացիկ գներով՝ սպառողական զամբյուղը կազմել էր 71 հազար 570 դրամ` ամսական կտրվածքով:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնում Վահան Կոստանյանի նշանակումը շատ քննարկվեց եւ քննադատվեց։ Այդպիսի նշանակման պատճառներից մեկը նաեւ կադրային սովն է, որ ունեն իշխանությունները, եւ դրա վառ ապացույցը նաեւ այն թափուր հաստիքներն են, որ առկա են նախարարություններում։

Այս անգամ «Ժողովուրդ» օրաթերթը կտեղեկացնի ՀՀ-ում առկա 13 նախարարություններից փոխնախարարների թափուր հաստիքների մասին։ Օրինակ՝ ըստ ՀՀ առողջապահության նախարարության հաստիքացուցակի՝ նախարարը պետք է ունենա նախարարի մեկ առաջին տեղակալ եւ երեք տեղակալ, սակայն ՀՀ առողջապահության նախարարության կայքի պաշտոնական տվյալների համաձայն՝ Անահիտ Ավանեսյանն ունի միայն երկու տեղակալ։ Արդարադատության նախարարության պաշտոնական կայքի տվյալների համաձայն՝ նախարար Գրիգորի Մարտիրոսյանը պետք է ունենա չորս տեղակալ, սակայն ունի միայն երեքը. համենայնդեպս, մյուս փոխնախարարի տվյալները բացակայում են։

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանն ունի մեկ առաջին տեղակալ եւ երկու տեղակալ, այնինչ պետք է ունենա երեք տեղակալ։ Այսինքն՝ Հայաստանում փոխնախարարների համար հարմար թեկնածուներ չկան: