Որոշել են կարգավորել լրագրողական էթիկան՝ մոռանալով իրենց էթիկայի կոպիտ խախտումների մասին

Այսօր ԶԼՄ օրենսդրության փոփոխությունների նախագծի վերաբերյալ քննարկում էր կազմակերպվել «Ֆրիդոմ Հաուս» իրավապաշտպան կազմակերպության ու ՀՀ արդարադատության նախարարության կողմից, և հրավիրել էին նաև լրագրողների, որ ներկայացնեին օրենքի փոփոխությունների մանրամասները։
Քննարկմանը ներկա էր նաև ՔՊ-ական պատգամավոր Լիլիթ Մինասյանը։
«Ֆրիդոմ Հաուսի» և արդարադատության նախարարության ներկայացուցիչներն իրենց բացման խոսքում ճռճռան մտքեր հայտնեցին ժողովրդավարության, խոսքի ազատության և այլ բարձր արժեքների մասին, ինչին մենք արձագանքեցինք, որ այդ հասկացությունները վերջին տարիներին շատ է չարաշահվում, քանզի իրականությունը մեծ մասամբ աղերս չունի «ժողովրդավարության» կամ «խոսքի ազատության հետ»։
Լիլիթ Մինասյանն էլ խոսեց լրագրողական էթիկայից, վարքականոններից՝ նշելով, որ նախագծի նպատակն է ԶԼՄ դաշտում էթիկայի ինքնակարգավորման մարմին ստեղծել և խորհուրդ, որը լրագրողներին կբերի էթիկայի կանոնների դաշտ։ Նկատեց, որ քաղաքական դաշտն ու լրատվադաշտն այսօր ծայրահեղ բևեռացված է, և այս կարգավորումներով հույս ունեն այդ խնդիրը ևս լուծել։ Ավելացրեց, որ նաև պետք է լրատվամիջոցները նշեն, թե ով է իրենց հիմնադիրը, ինչպես նաև ֆինանսավորման աղբյուրները։
Mediahub-ը պատգամավորին հիշեցրեց, որ այդ բևեռացվածության պատճառները պետք է փնտրել նախևառաջ իրենց մեջ, քանզի իրենց իշխանության կողմից վերջին տարիներին ակնհայտ թշնամական վերաբերմունք է նկատվում լրատվադաշտի և առանձին լրագրողների ու լրատվամիջոցների նկատմամբ։ Առհասարակ, նկատեցինք, որ այս իշխանությունների կողմից լրատվադաշտը կարգավորելու բոլոր փորձերը միտված են եղել լրագրողների համար սահմանափակումներ մտցնելուն, ազատ խոսքը լռեցնելուն և լրատվամիջոցների գործունեությունը խոչընդոտելուն, ուստի այսօր վստահության պակաս կա այս իշխանությունների ձանկացած նախաձեռնության նկատմամբ։
Լրագրողների նկատմամբ թշնամանքի և մեր դեմ արշավի թարմ օրինակներից մեկը բերեցինք, թե ինչպես ԱԺ աշխատակազմը երեկ զրկեց «Ժողովուրդ» օրաթերթի խմվագիր և լրագրող Քնար Մանուկյանին Ազգային ժողովի հավատարմագրից միայն նրա համար, որ Քնար Մանուկյանը մոտեցել էր ամբիոնից իրենց լրատվամիջոցին զրպարտած ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանին և խնդրել փաստեր ներկայացնել, որից հետո վիճաբանություն էր առաջացել իր և պատգամավորի միջև, Հովհաննիսյանը հարձակվել էր Մանուկյանի վրա, վիրավորական արտահայտություններ հնչեցրել նրա հասցեին, որից հետո նրա նախաձեռնությամբ ԱԺ աշխատակազմը զրկել էր Քնար Մանուկյանին ԱԺ հավատարմագրից՝ պատճառաբանելով, թե վերջինս էթիկայի կանոններ է խախտել։ Ուստի ՔՊ-ական Լիլիթ Մինասյանին հիշեցրինք, որ խնդիրները պետք է նախևառաջ իրենց մեջ փնտրեն, և էթիկայի կանոններ պետք է առաջինը իրենց պատգամավորների համար սահմանեն, որ պատգամավորը, նախ, ինքը զսպի իրեն որպես պատգամավոր և լրագրողի հետ շփումներում կոռեկտություն ցուցաբերի, իրեն փողոցայինի և խուլիգանի պես չպահի, ինչին հաճախ ականատես ենք լինում հենց ՔՊ-ականների կողմից, հետո նոր անցնեն լրագրողների էթիկային, որը ևս քննարկման ու կանոնակարգման ենթակա է, իհարկե։
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն էլ իր խոսքում թվարկեց գործող իշխանությունների կողմից լրատվադաշտը կարգավորելու անվան տակ ընդունած խնդրահարույց, իրավիճակը ավելի վատթարացնող օրենքները, որոնց մի մասը իրենց ջանքերով փոխվել կամ բարելավվել է՝ հօգուտ լրագրողների։ Այնուհետև նշեց, թե ինչ է նախատեսում այս նախագիծը ու ինչ է իրենից ենթադրում լրագրողների ինքնակարգավորման մարմինը։
«Եթե լրատվամիջոցը ուզում է աշխատել այնպես, ինչպես աշխատել է, դա իր որոշելիքն է, կարող է շարունակել չունենալ որևէ էթիկայի վարքականոն, կարող է չմասնակցել և չկիրառել որևէ մեխանիզմ՝ դա իր ընտրությունը կլինի։ Բայց կարծում եմ՝ այն ստեղծվող միջավայրը, որին ձգտում ենք, այնուամենայնիվ, կխրախուսի հրաժարվել այդ մոտեցումից՝ արհամարհել լրագրողական էթիկայի նորմերը, հանրության հետ որևէ առնչություն չունենալ»,- նկատեց Աշոտ Մելիքյանը։
Իսկ ինքնակարգավորմանը միանալու ընտրությունը հետևյալն է․ կա գործող ինքնակարգավորման նախաձեռնություն՝ կարելի է դրան անդամակցել, կարելի է խմբագրության ներսում ունենալ ներքին օմբուդսմեն, կամ կա ուրիշ տարբերակ՝ լրատվամիջոցը կարող է ստեղծել իր սեփական ինքնակարգավորման վարքականոնը և գործում է որպես այդպիսին։
«Այստեղ ամենակարևորն այն է, որ այդ վարքականոնները և ձևակերպված սկզբունքները համապատասխանեն միջազգայնորեն ընդունված նորմերին»,- ասաց Մելիքյանը։
Այս ամենի արդյունքը լինելու է այն, որ, ըստ Աշոտ Մելիքյանի, ձևավորվելու է հանձնաժողով, որը կունենա մի լոգո, որը կլինի, այսպես ասած, «որակի նշան», որին կարժանանան այն լրատվամիջոցները, որոնք կմիանան այդ ինքնակարգավորման վարքականոնին։ Այս ամենը, ըստ բանախոսի, պարտադրող ուժ չունի, այլ հայեցողական է, այսինքն՝ նորմը իմպերատիվ չէ, այլ խրախուսական է, և լրատվամիջոցները կարող են և չմիանալ այդ վարքականոնին, սակայն, ինչպես հասկացանք, հետո կտարբերակվեն որպես «որակյալ» և «ոչ որակյալ» լրատվամիջոց ու գուցե զրկվեն արդեն պետական գերատեսչություններում հավատարմագրումից և ոչ միայն։
«Նախատեսվում է, որ այդ հանձնաժողովը կամ մեդիախորհուրդը կստեղծի մի հարթակ՝ ռեեստր, որտեղ նույնպես կամավորության սկզբունքով, ով մասնակցում է ինքնակարգավորման այդ գործընթացին, ապահովում է սեփականության և ֆինանսական աղբյուրների թափանցիկությունը և հաշվետվությունը, ով ինքնաիդենտիֆիկացում է անում իրեն՝ որպես լրատվամիջոց, ինքն իրեն գրանցում է այդ ռեեստրում։ Չի ուզում՝ չի գրանցում»,- նշեց Աշոտ Մելիքյանը։
Վահե Մակարյան