Ինձ որևէ մեկը ոչ մի բան ոչ խոստացել ա, ոչ էլ ինձ գողանալ կարելի ա․  Զախարովը՝ ՔՊ-ի կողմն անցնելու մասին 

Ինձ որևէ մեկը ոչ մի բան ոչ խոստացել ա, ոչ էլ ինձ գողանալ կարելի ա․  Զախարովը՝ ՔՊ-ի կողմն անցնելու մասին 

Լոռու մարզի Ալավերդի խոշորացված համայնքի ավագանին՝ ի դեմս ՔՊ-ականների և «Ապրելու երկրից» հեռացած մեկ ավագանու անդամի, վաղը պետք է գործող համայնքապետ Արկադի Թամազյանին անվստահություն հայտնելու նախագիծ ներկայացնեն ավագանու նիստին։ 

Թամազյանը Mediahub-ի հետ զրույցում ասել էր, որ ավագանին երկու ամիս առաջ արդեն իսկ մեկ անգամ իրեն անվստահություն հայտնելու փորձ արել է, որը ձախողվել է։ Եվ հիմա մեկ տարի այլևս իրավունք չունի նորից անվստահություն հայտնելու։ Բայց Ալավերդու ավագանու անդամները վաղը, միևնույն է, պատրաստվում են նիստին, որը թեժ է լինելու։ 

Mediahub-ը թեմայի շուրջ զրուցեց Ալավերդու «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակով ավագանի անցած, ապա նրանցից առանձնացած Սիմոն Զախարովի հետ, որի մասին ասում են, թե ՔՊ-ն «գողացել» է նրան և իրենով արել՝ ընդդեմ քաղաքապետ Արկադի Թամազյանի։ 

-Պարոն Զախարով, Դուք վաղը մասնակցելո՞ւ եք ավագանու նիստին, որի ժամանակ իմփիչմենթ են հայտնելու քաղաքապետին։ 
-Այո։ 

-Եւ ի՞նչ դիրքորոշում ունեք՝ կո՞ղմ եք քվեարկելու, թե՞ դեմ։ 
-Պարտադիր չէ, բայց ցանկալի է։ «Այո» եմ քվեարկելու։ 

-Ինչո՞ւ։ Դուք այդ կուսակցության կամ այդ թիմի անդա՞մ չեք։ 
-Ոչ, ես կուսակցության անդամ չեմ, ես ոչ մի կուսակցության անդամ չեմ եղել։ 

-Բայց թիմի անդամ եք, չէ՞, «Ապրելու երկիր» կուսակցության քվոտայո՞վ չեք դարձել ավագանու անդամ։ 
-Ոչ թե քվոտայով, այլ ես օգնել եմ, որ «Ապրելու երկիրը» ընտրություններին ձեն հավաքի։ 

-Իսկ հիմա ինչո՞ւ եք օգնում, որ «Ապրելու երկրի» քաղաքապետը պաշտոնանկ արվի։ 
-Եթե հարցեր ունեք, խնդրում եմ՝ մոտեցեք, ես մոտիկից Ձեր հարցերին կպատասխանեմ։ 

-Հիմա հեռու եմ մոտենալու համար, դրա համար զանգել եմ, որ հասկանամ՝ ինչո՞ւ եք օգնում։ Ասում են՝ ՔՊ-ն «գողացել է» Ձեզ կամ «վերբովկա» է արել, քաշել է իր կողմը։ 
-Ուրեմն ես ասեմ, Դուք մոտեցեք, մի հատ ինձ հետ ծանոթացեք ու ինքներդ որոշեք՝ ինձ գողանալ կարելի՞ ա կամ ինձ որևէ մի բան թելադրել կարելի՞ ա, թե՞ չէ։

-Ինքնակա՞մ եք անցել ՔՊ-ի կողմը։ 
-Իհարկե, Դուք արդեն տալիս եք հարցեր․․․․ Ի՞նչ ՔՊ-ի կողմը անցնել։ Ես Ձեզ ասում եմ, որ ես ոչ մի կուսակցության անդամ չկամ, իմ կուսակցությունն իմ ժողովուրդն ա, իմ քաղաքացիները։ Հարց ունե՞ք էլի։ 

-Այո, Ձեր պատասխանից հարց առաջացավ, որովհետև ժողովուրդը Ձեզ ձայն է տվել «Ապրելու երկրի» շրջանակներում։ 
-«Ապրելու երկրին» ժողովուրդը ձայն ա տվել՝ շնորհիվ ինձ։

 -Միայն Ձե՞ր շնորհիվ։ Ոչ ոք այնտեղ արժանիք չունե՞ր, օրինակ՝ կուսակցության նախագահները, թեկնածուն, մյուսները․․․
 -Արժանիք ունեին, ո՞վ ա ասում՝ անարժանիք են եղել։ Դուք տեղյա՞կ եք՝ ինչ ձև ա ղեկավարում «Ապրելու երկիր» խմբակցությունը Ալավերդի քաղաքում։

-Ի՞նչ ձևի է ղեկավարում։ 
-Դե, ուրեմն, եկեք մոտիկից ծանոթացեք մի հատ․․․․ Ինչի՞ եք ինձ էդ հարցը տալիս։ Մի ամիս առաջ «Ապրելու երկիր» խմբակցության ինը գիտակից, ակտիվ մասնակից անվստահություն է հայտնել «Ապրելու երկիր» խմբակցության Ալավերդու համայնքապետին, Դուք տեղյա՞կ եք դրա մասին։ Բա ինչի՞ են հայտնել։ 

-Որպեսզի հետո բացառեն մեկ տարվա ընթացքում նորից անվստահություն հայտնելու գործընթացը, որպեսզի Դուք և ՔՊ-ն չկարողանաք դա նախաձեռնել։ 
-Ես էլ գտնում եմ, որ էդ մարդիկ էն կարծիքին են եզրահանգել, որ իրենց համայնքապետը ոչ ճիշտ ա աշխատում։ 

-Համայնքապետը ինձ հետ զրույցում ասել է, որ դա ֆիկտիվ գործընթաց է, որպեսզի բացառեն ՔՊ-ի կողմից դավադրությունը։ Ես այդպես հասկացա իր խոսքից։ 
-Ես դա ֆիկտիվ չեմ ընդունում։ 

-Հիմա Դուք դժգո՞հ եք Արկադի Թամազյանի աշխատանքից։ 
-Իհարկե, դժգոհ եմ։ Դրա համար ասում եմ՝ մոտիկից հանդիպեք ու զրույց արեք, դա հեռախոսի զրույց չի, որ Ձեր աչքերով տենաք կատարված աշխատանքները։ 

-Եթե ավագանին նիստ չի գումարում, քվորում չի լինում, բյուջե չի հաստատվում, պարզ է, որ աշխատանք էլ չի եղել։ 
-Ուրեմն նոյեմբեր ամսվա նիստին ես ներկա եմ եղել ու ընտրված ժողովրդի կողմից շատ հարցեր են եղել, որ էս հարցերը պետք ա բարձրացվեին էդ նիստին, բայց Ալավերդու ժողովրդի կողմից ընտրված ավագանու անդամներից ոչ մեկը ներկա չեն եղել՝ բացի համայնքապետից, առաջին տեղեկալից, մեկ էլ ավագանու անկախ անդամ Սիմոն Զախարովից։ Ու թե «Ապրելու երկրի» ավագանու անդամները ինչու չեն եկել՝ մասնակցելու նիստին, համայնքապետի պատասխանը եղել ա նա, որ «դե, գիտեինք, քվորում չի լինելու, դրա համար չեն եկել»։ 

-Իսկ ճի՞շտ է, որ Ձեզ պաշտոն են խոստացել՝ բժշկական կենտրոնի տնօրեն։ 
-Ուրեմն էս ձև ասեմ․ ես ունեմ լավ ընտանիք, լավ երեխեք ունեմ, լավ շրջապատ ունեմ, ես ունեմ աշխատանք, որը իմ սրտով ա, ու ըստ իրանց տարածած լուրերի՝ ինձ մեծ գումարներ են խոստացել, էս էն արել, էն էն արել։ Դա իմ աշխատելաոճի մեջ չի։ 

-Այսինքն՝ ՔՊ-ից Ձեզ որևէ բան չե՞ն խոստացել։ 
-Ինձ որևէ մեկը ոչ մի բան ոչ խոստացել ա, ոչ էլ ես դա ընդունող եմ իմ անձով։ 

-Իսկ Դուք ունե՞ք նախընտրելի թեկնածու, որ եթե Արկադի Թամազյանը չլինի, մեկ ուրիշը լինի, ավելի լավ կկառավարի։
 -Հաստատ ես համայնքի ղեկավար չեմ ցանկանում լինել։ Ոչ թե չեմ ուզում, այլ չեմ ցանկանում լինել։ 

-Իսկ ՔՊ-ից մարդ կա՞, որ իրեն կցանկայաիք, որ լիներ։ 
-Զանգեք ՔՊ-ին, իրենք Ձեր հարցերին կպատասխանեն։ Լրատվամիջոցներում գրված ա, հայտարարությունը դրված ա, թե ինչ են ուզում։ 

Վահե Մակարյան