Իշխանության սահուն տրանզիտ Արցախում. հնարավո՞ր է նման նախադեպ Հայաստանում

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը գործարար Ռուբեն Վարդանյանին առաջարկել է ստանձնել Արցախի պետական նախարարի պաշտոնը։ Հարությունյանը շեշտել է, որ նաև պատրաստ է նրան տրամադրել որոշումներ կայացնելու և գործելու լայն լիազորություններ:
44-օրյա պատերազմից հետո իշխանության ճգնաժամ առաջացել է ոչ միայն Հայաստանում, այլ նաև Արցախում:
ԼՂՀ-ում կառավարման համակարգի առանձնահատկությունները թույլ չեն տալիս արտահերթ ընտրություններ անցկացնել այնպիսի ռեժիմով, որպեսզի անվտանգային բարդ միջավայրում իշխանության վակուում չառաջանա:
Այս համատեքստում Արցախի նախագահը գնաց քաղաքական երկխոսության, իր լիազորությունների պատվիրակման ու սահմանադրական փոփոխությունների նախաձեռնման ճանապարհով:
Ռուբեն Վարդանյանին արված առաջարկությունը նույն տրամաբանության մեջ է, մանավանդ, որ Արայիկ Հարությունյանը «պատրաստ է նրան տրամադրել որոշումներ կայացնելու և գործելու լայն լիազորություններ»:
Այլ խոսքով, Արցախում տեղի է ունենում իշխանության սահուն, անցնցում տրանզիտ՝ առանց ընտրությունների ու անգամ կառավարման համակարգի փոփոխության:
Հայաստանում անցած տարի տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները ոչ միայն չվերացրեցին, այլ ավելի խորացրեցին քաղաքական ճգնաժամը, որի հաղթահարմանը չնպաստեց նաև ընդդիմության նախաձեռնած շարժումն այս տարվա մայիս- հունիս ամիսներին:
Հիմա ընդդիմությունն իշխանությանն առաջարկել է, այսպես ասած, մասնակի իշխանափոխության տարբերակը, որի իմաստն այն է, որ ՔՊ-ն՝ քաղաքական լայն կոնսենսուսի պայմաններում նախաձեռնի վարչապետի փոփոխություն ու նախադրյալներ ստեղծի ազգային համաձայնության տեխնոկրատ կառավարության ձևավորման համար:
Արդյո՞ք Արցախի նախադեպը կիրառելի կլինի Հայաստանում...
Վահրամ Բագրատյան