Ամոթը ոչ թե բռնի տեղահանվածների վրա է, այլ այն ղեկավարության, որն ի զորու չէ ապահովելու նրանց անվտանգությունը

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը շարունակում է պայքարը։ Մշտական տեղակայման վայրը Ազատության հրապարակն է։ Տեղադրված վրանում խորհուրդը շուրջօրյա աշխատում է, մտքեր են փոխանակում, նախանշում անելիքները։
«ՀՀ կառավարությունը պատշաճ կերպով չի արձագանքել հանրահավաքի պահանջներին՝ մեր ներկայացուցիչների հետ ունենալով խիստ սահմանափակ քննարկում: Բացի դրանից, կառավարությունը մեզ է փոխանցել գրավոր պատասխան՝ պահանջագրի 5 կետերի վերաբերյալ որոշակի մեկնաբանություններ կատարելով, որոնք գլխավորապես չեն համապատասխանում մեր պատկերացումներին: Նրանց միակ գործնական առաջարկը եղել է փորձագիտական խմբերի ձևավորումը՝ որոշակի լուծումներ մշակելու նպատակով: Բայց մենք գիտենք, թե իրենց կողմից ձևավորված այդ խմբերն ինչի են ընդունակ։ Հերթական աչքակապոցին է, որ ուզում են ցույց տալ, թե իբրև աշխատում են»,- MediaHub-ին փոխանցեց ակցիայի մասնակիցներից մեկը։
Չնայած այն բանի, որ արցախցիները հատկապես սոցիալական ցանցերում քննադատվում են իրենց պահանջների համար, մեր զրուցակցի խոսքով՝ ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ երեկոյան ժամերին այցելում են Ազատության հրապարակ, իրենց աջակցությունն ու զորակցությունը հայտնում արցախցի հայրենակիցներին։
«Ախր սա միայն Արցախի ու արցախցիները հարցը չէ․․․ վաղուց սա ազգային շարժում պետք էր դառնա, և վստահ եմ՝ կդառնա։ Շատերը գրառումներ են կատարում, թե՝ ամոթ է։ Ամոթը ոչ թե այն բռնի տեղահանվածների վրա է, ովքեր դուրս են գալիս իրենց տարրական՝ ապաստարան ունենալու իրավունքն իրացնելու, այլ այն ղեկավարության, որն ի զորու չէ ապահովելու նրանց անվտանգությունն ու արժանապատիվ գոյությունը։ Ժողովրդի ձայնը պետք է ոչ թե լռեցնել, այլ լսել ու պատասխանատու գործել»,- նշեց մեր զրուցակիցը։
Մենք կապ հաստատեցինք նաև Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ։ Վերջինս ասաց, որ խորհրդի անդամներն այսօր և առաջիկա օրերին հանդիպումներ կունենան քաղաքական միավորների հետ։
«Այսօր հանդիպում տեղի կունենա Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավորների հետ։ Նախատեսված է մտքերի փոխանակում իրականացնել։ Մնացած հարցերին կպատասխանենք տեղում»,- ասաց նա։
Նշենք, որ այսօր ժամը 19։00-ին Ազատության հրապարակից ուղիղ միացում կապահովի նաև MediaHub-ը։
Հունան Թադևոսյան