Հայաստանում կանայք երջանի՞կ են․ ի՞նչ է մտածում MeidaHub-ը

Հայաստանում կանայք երջանի՞կ են․ ի՞նչ է մտածում MeidaHub-ը

Այսօր մարտի ութն է՝ կանանց իրավունքների պաշտպանության օրը։ Սովորաբար, բոլոր կանայք այս օրվա ընթացքում ուշադրության կենտրոնում են, մեծարված, ծաղիկներով ու նվերներով ողողված։ Թվում է՝ ամեն ինչ իդեալական է, բայց իրականում՝ պաշտպանվա՞ծ է հայ կինը, ի՞նչն է պակասում նրան երջանիկ զգալու համար։

Այս անգամ հարցերին պատասխանում են MediaHub-ի կանայք։

Լիա Խոջոյան, գլխավոր խմբագիր
Իմ կարծիքով՝ հայ կանայք երբեք էլ լիարժեք երջանիկ չեն եղել, քանզի մեր ազգի հոգսը միշտ շատ է, ապրումները ծանր, իսկ դա նշանակում է՝ կանանց փխրուն ուսերին մշտապես մեծ բեռ ու պատասխանատվություն է դրված: Հատկապես վերջին տարիներին երջանկությունը մոռացել է հայ կանանց հասցեն, ու անգամ եթե անձնական կյանքում հաջողություն ու երջանկություն ունես, մեկ է լիարժեք երջանիկ լինել չես կարողանում, քանի որ շուրջ բոլորդ քաոս է: Մեզանից յուրաքանչյուրի շրջապատում, ցավոք, կան կանայք, որոնք որդի, ամուսին, եղբայր, ընկեր են կորցրել: Ու խոսքը ոչ միայն 2020 թվականի պատերազմի մասին է, այլ 90-ականներից սկսած, որոշակի ընդմիջումներով, բայց մահն ու դժբախտությունը մեր հարևանությամբ միշտ եղել է: Հետևապես, վաղուց երջանիկի հոմանիշն է դարձել լռելը՝ լուռ, ինքդ քո մեջ ուրախության պահերը ապրելը, որպեսզի ոչ մեկին ակամայից չվիրավորես: Բայց, ինչպես ասում է դասականը՝ յուրաքանչյուրս ենք մեր երջանկության դարբինը, այնպես որ պետք է նաև փորձենք երջանիկ լինել անվերջ թվացող այս քաոսի մեջ:

Մարիաննա Արամյան, լրագրող
Այո՛, Հայաստանում ոչ բոլոր կանայք են երջանիկ, սակայն ես՝ ինքս, երջանիկ եմ, որ կին եմ ծնվել։ Իրենց կանանց երջանիկ դարձնելու համար տղամարդիկ էլ ավելի ուշադիր պիտի լինեն, քանի որ հաճախ, ցավոք, տեսնում ենք, որ տղամարդիկ իրենց կանանց իրավունքները ոտնահարում են։ Տղամարդիկ միշտ պետք է հիշեն, որ իրենց դիմաց կանգնած է կին, որի դերն անգնահատելի է։ 
Սիրելի կանայք, ես ձեզ ցանկանում եմ սեր, երջանկություն, գնահատված եղեք, մի՜շտ։ 

Ռեբեկա Հովհաննիսյան, միջազգային լրագրող
Այnքան ոչ միանշանակ հարց է․ երբեմն գնահատված ենք, երջանիկ, երբեմն՝ ոչ։ Միջավայրից է կախված։ Հոգսերն իրականում հիմա շատ են, այսօրվա կինը շատ բեռ է իր վրա վերցրել, ինչը թույլ չի տալիս լիարժեք վայելել կյանքը, լիարժեք ապրել։ Դու ինչ-որ առումով տղամարդու բեռն էլ ես քո ուսերին տանում։ Սիրելի կանայք, երջանիկ լինելու համար հաճախ ժպտացեք, սիրե՛ք ձեզ, մի սպասեք, որ ուրիշները դառնան ձեզ ժպիտ բերողը։

Վիկա Աբգարյան, լրագրող
Երջանիկ չեն ծնվում, երջանիկ դառնում են։ Ու էդ երջանկությանը հասնելու համար պետք է քեզ շրջապատես այն մարդկանցով, որոնց իրապես սիրում ես։ Եվ եթե լինում են պահեր, երբ մենք մեզ երջանիկ չենք զգում, ապա պետք է մեղավորին հենց մեր մեջ փնտրենք, մեր շուրջ թե՛ ժպիտը, թե՛ ցավը մենք ենք ստեղծում։ Բայց չպիտի մոռանանք, որ երջանկությունն ու դժբախտությունը հավասարապես մեր կողքին են, ուղղակի պետք է հասկանանք ու ընտրենք մեր ապրելու ձևը, որոշենք՝ երջանիկ լինել, թե ոչ։

Նարե Գնունի, լրագրող
Երջանիկ լինելու համար էնքան քիչ բան է պետք, իրականում։ Մենք ուղղակի պիտի ավելի շատ մեզ ժամանակ տրամադրենք, պիտի երբեմն մոռանանք, թե ինչքան ուժեղ ենք, ու ամուր ուս գտնենք՝ հենվելու, աշխարհից կտրվելու, մի բուռ դառնալու ու, հա, հենց լացելու համար։ Երբ մեր կյանքում էմոցիաները բալանսավորենք, ուժեղ կին լինելով երբեմն դառնանք ամենաթույլը, հաստատ մեր չափ երջանիկ ոչ ոք չի լինի։ 
Սիրելի՛ կանայք, շատ սիրեք ձեզ, երբեմն հրաժարվեք ուժեղ լինելուց, հավատացեք, դուք լավագույնին եք արժանի. ժպտացեք ու դադարեք երջանկությունը վաղվա օրվա մեջ փնտրել, այն հենց այսօր է, այս պահին։