Ոստիկանների կողմից Արծվիկ Մինասյանի նկատմամբ բռնություն գործադրելու քրեական գործը Հակակոռուպցիոն կոմիտեից տեղափոխվել է ՔԿ

Ոստիկանության ծառայողների կողմից ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի նկատմամբ բռնություն գործադրելու գործով դեռեւս մեղադրյալ չկա, թեեւ դեպքից անցել է շուրջ 1,5 ամիս։ Հարուցված քրեական գործը Հակակոռուպցիոն կոմիտեից, ըստ քննչական ենթակայության, տեղափոխվել է այլ նախաքննական մարմին՝ հետագա քննությունը շարունակելու նպատակով։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան տեղեկացրել են ՀԿԿ-ից։
Հիշեցնենք, որ պատգամավորը բռնության էր ենթարկվել կարմիր բերետավորների կողմից՝ Ֆրանսիայի հրապարակին հարող տարածքում՝ մայիսի 18-ին։
Տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես են բերետավորները՝ մոտ 10 հոգի, հարձակվում Ա. Մինասյանի վրա ու քաշքշելով, հրմշտելով նստեցնում ոստիկանական մեքենան, այնուհետեւ մոտենում է կոչումով ավելի բարձրը ու նրան հանում մեքենայից։ Քիչ անց ոստիկանների մեկ այլ խումբ կրկին փորձել է նրան բռնության գործադրմամբ նստեցնել ոստիկանական մեկ այլ միկրոավտոբուս ու կրկին կոչումով ավագը նրան ազատ է արձակել։ Դեպքի առնչությամբ ոստիկանությունում ծառայողական քննություն է նշանակվել, իսկ փաստաբան Վահե Գրիգորյանը հաղորդում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ պահանջելով հարուցել քրեական գործ։
Ներկայացված հաղորդումը ՀՀ գլխավոր դատախազությունն ուղարկել է Հակակոռուպցիոն կոմիտե՝ քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու, որի արդյունքներով որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական գործ հարուցելու մասին, գործի շրջանակներում Արծվիկ Մինասյանը տուժող է ճանաչվել։
Օրենսդրական փոփոխություններից հետո քրեական գործն օրերս ուղարկվել է Քննչական կոմիտե։
Հայտնի է, որ ՀԿԿ-ում քրեական գործի քննության ընթացքում դեռևս որևէ ոստիկանի մեղադրանք չի առաջադրվել, Արծվիկ Մինասյանի և ոստիկանների միջև առերեսում ևս տեղի չի ունեցել, թեեւ բռնությունը եղել է օրը ցերեկով, բռնություն գործադրած ոստիկաններին էլ ֆիքսել են տեսախցիկները։