Երևանի կենտրոնում «պառկովկա են» սարքել, փող են աշխատում, ՆԳՆ–ն ու քաղաքապետարանն էլ ոչինչ չեն կարող անել

Երևանի կենտրոնում «պառկովկա են» սարքել, փող են աշխատում, ՆԳՆ–ն ու քաղաքապետարանն էլ ոչինչ չեն կարող անել

MediaHub-ը պարբերաբար ահազանգեր է ստանում ընթերցողներից «կարմիր գծերի» և կայանատեղիների հետ կապված խնդիրների շուրջ։ Տարածված իրավիճակ է, երբ «կարմիր գծերում» «աշխատում են» ինչ-որ «պառկովշիկներ», և վարորդները ստիպված վճարում են և՛ «կարմիր գծերի» գումարը, և՛ այդ «պառկովշիկներին», որոնք, բառացի, չեն թողնում որ մեքենան անցնի մինչև վճարը չստանա։ 

Վերջերս այդպիսի ահազանգ ստացել էինք Սայաթ–Նովա փողոցի վերաբերյալ, որտեղ «պառկովշիկը» չէր թողնում որոշ մեքենաներին կանգնել ազատ կայանատեղիներում։

Ահա հերթական ահազանգը. մեզ դիմած քաղաքացին նշում է, որ Տիգրան Մեծ պողոտայում, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի ետնամասում, Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարևանությամբ ավտոկայանատեղի է գործում, որտեղ ո՛չ ՀԴՄ են տալիս, ո՛չ նշան կա տեղադրված, որ դա կայանատեղի է։

«Ես երկու րոպե էլ չկանգնեցի այդ կայանատեղիում, «պառկովշիկին» կոպեկ տվեցի, մտածելով՝ դե նորմալ է, անգամ չեմ կանգնել երկար, բայց նա կանգնեցրեց, ասաց, որ քիչ եմ տվել․ և այդտեղ վճարն ավելի շատ է: բայց ո՛չ ՀԴՄ տվեց, ո՛չ մի բան»,– պատմեց քաղաքացին։

MediaHub-ը փորձեց պարզել՝ որքանո՞վ է Երևանի կենտրոնում գործող այդ կայանատեղին օրինական և ինչո՞ւ ՀԴՄ կտրոն չի տրամադրվում։ Մենք դիմեցինք թե՛ ՆԳՆ, թե՛ Երևանի քաղաքապետարանին, սակայն պարզվեց՝ ո՛չ մեկն է պատասխանատուն, ո՛չ էլ մյուսը։ Քաղաքապետարանից նշեցին, որ դա սեփական տարածք է, և ոչինչ չեն կարող անել, ՆԳՆ–ից էլ փոխանցեցին, որ Երևանի քաղաքապետարանն է զբաղվում այդ հարցով։

Ի դեպ, ահազանգող քաղաքացին զանգել էր անգամ քաղաքապետարանի թեժ գիծ, որտեղից նշել են, որ դա սեփական տարածք է, կայանատեղին այդտեղ վաղուց է գործում ու քանի որ սեփական տարածք է, ապա իրենք ոչինչ չեն կարող անել։ 

Գլխավոր հարցն այստեղ հետևյալն է. անգամ եթե դա սեփական տարածք է, բայց եկամուտ հետապնդող գործունեություն է ծավալում և, փաստացի, ՀԴՄ կտրոն չի տրամադրում, ինչպե՞ս է այս հարցը կարգավորվելու:

Հրավիրում ենք պատկան մարմինների ուշադրությունն այս խնդրին, քանի դեռ երկու մյուս կառույցները՝ ՆԳՆ-ն ու Երևանի քաղաքապետարանը մեկը մյուսի վրա են բարդում պատասխանատվությունը:

Այսպիսով ստացվում է, որ յուրաքանչյուր քաղաքացի կարող է իր սեփական տարածքում ավտոկայանատեղի սարքել, որոշել X գումար, թե որքան կարժենա մեքենա կայանելն այդտեղ և գումար աշխատել առանց հարկեր վճարելու։ Ու պատասխանատու էլ չգտնվի: Մինչդեռ կառավարության ղեկավարը օր ու գիշեր խոսում է այն մասին, որ իր իշխանության օրոք չի կարող այնպես լինել, որ հարկեր չվճարվեն, խստացումներ են անում և այլն: Իրական կյանքը, սակայն, ցույց է տալիս հակառակը՝ ով ինչ ուզում, այն էլ անում է ու լավ էլ առանց հարկեր վճարելու գերշահույթներ ապահովում: 

Մարիաննա Արամյան