Ապաստարանում համագյուղացիներս արյան մեջ կորած էին, օգնություն ցուցաբերում էին բուժքույրն ու համայնքի ղեկավարը

Արցախցի Անի Հայրապետյանը ցույց է տալիս փոքր ընտանիքի երջանիկ նկարն ու ասում՝ «այստեղ բոլորս ժպտում ենք, այս լուսանկարը խորհրդանշում է մեր նախորդ կյանքը», ապա սրբում արցունքներն ու գոհունակությամբ վերև նայում, որ Աստված խնայել է իր հարազատներին։
«Ասկերանի շրջանի Բերքաձոր գյուղը ռմբակոծվում էր։ Պատերազմի առաջին 15 րոպեում բնակֆոնդի մեծ մասը վնասվեց, վայրկյանների ընթացքում ամեն ինչ փոխվում էր, և այն, ինչ քիչ առաջ ներկա էր, դառնում անցյալ։ Սարսափելի բան էր դա։ Գյուղի ապաստարանը մեր տնից հեռու էր, ու ապահով վայրը մեր թաղամասի բնակիչների համար Դավիթենց «պադվալն» էր։ Մեզ հետ էր նաև հարևանիս 2 տարեկան երեխան։ Երբ մայրը եկավ աղջկան տանելու, խնդրեցի, որ մնան, մինչև մի քիչ հանդարտվի գնանք ապաստարան։ Պատկերացրեք, եթե դուրս գային ինչ կլիներ։ Վայրկյանների ընթացքում հրթիռակոծությունից մի ամբողջ ընտանիք վիրավորումներ ստացան»,- MediaHub-ի հետ զրույցում պատմում է Բերքաձորից տեղահանված, ընտանիքով Գյումրիում բնակություն հաստատած Անին։
Անին ամուսնու՝ Գևորգի հետ Արցախում հիմնել էին «Սկյուռիկ» մանկական միջոցառումների կազմակերպման ստուդիան, աշխատում էին։ Փոքրիկների օրն իսկական տոն էր դառնում նրանց ներկայությամբ։ Ափսոսում է, որ իրենց հորինած մանկական հեքիաթում՝ բարին չհաղթեց։ Հետո ինքն իրեն ընդվզում է՝ «որ փրկվել ենք դժոխքից, ուրեմն բարին է հաղթել»։
«Քրոջս ընտանիքը մյուս համագյուղացիների հետ ապաստարան գնալու ճանապարհին ռմբակոծության հետևանքով «վալնայով» շպրտվել է, բարեբախտաբար միայն թեթև վնասվածքներ են ստացել։ Ամուսինս, որ ջուր էր հասցնում ապաստարան, հետ գալու ճանանապարհին սկսել է օգնել վիրավորում ստացած քաղաքացիներին։ Իսկ ես 5 տարեկան աղջկաս ու տատիկիս հետ մնացել էի տանը։ Դուրս եկանք, որ մենք էլ առաջ գնանք ապաստարան, ահավոր վիճակ էր, ամբողջ գյուղը սև ծխի մեջ էր, հրթիռակոծությունը չէր դադարում։ Աստված իմ, սա ինչ կրակ է, մի՞թե փրկություն չի լինելու։ Էմիլիային գրկիցս իջեցրել եմ, խնդրել, որ վազի, գոնե ինքը փրկվի։ Տատիկն ասաց՝ «վտանգավոր է առաջ գնալը», դրա համար մտանք հարևանի հավաբունը»,- պատմում է երիտասարդ կինը։
Նրանք մնացել են այդտեղ այնքան ժամանակ, մինչև ամուսինը եկել է նրանց հետևից։ Անին գնացել է ապաստարան ու տեսել համագյուղացիներն արյան մեջ կորած, իսկ նրանց առաջին օգնություն են ցուցաբերում բուժքույրն ու համայնքի ղեկավարը։
«Անգամ թեթև մարմնական վիրավորումով երիտասարդ մայրը, անտեսելով իր վիճակը, օգնում էր մյուսներին։ Վախ կար, որ չգիտենիք մեկ րոպե հետո ինչ է լինելու, արդյո՞ք ողջ կմնանք։ Այստեղ անպայման ուզում եմ շեշտել շտապ օգնության բուժանձնակազմին։ Երբ հասկացանք, որ իրավիճակը վատ է, Աստծո հրաշքով զանգ գնաց, ու մի քանի րոպե հետո 1-03-ի բուժանձնակազմն արդեն Բերքաձորում էր։ Այդ դժոխքից մենք դուրս եկանք Ստեփանակերտի քաղաքապետի և քաղպաշտպանության պատասխանատուների միջոցով։ Քաղաքապետը 3 ավտոբուս է ուղարկել, կանայք, երեխաները, ծերերն ու անօգնական մարդիկ առանց տներից ինչ-որ բան վերցնելու տարհանվել են Ստեփանակերտ, ու այլևս հետ չենք գնացել։ Անհնար էր մեկ րոպե ավելի մնալը»։
Բերքաձորի տղամարդիկ մնացել են գյուղում։ Տուն առ տուն շրջել և ավելի ուշ այնտեղ մնացած մարդկանց ևս տարհանել են հրետակոծվող գյուղից։ Վերջին դուրս եկողները ճանապարհին հանդիպել են ադրբեջանցի ծառայողներին։ Թշնամու մեքենան դիտավորյալ վարել են բերքաձորցիների ուղղությամբ, քերել մեքենայի կողային հատվածը։
«Հենց գյուղից դուրս ենք եկել, մի քանի րոպե անց ավիահարվածներ են հասցվել։ Դա սարսափելի մի բան էր, որ կատարվեց հաշված րոպեների ընթացքում։ Մենք 10 օր շարունակ մնացել ենք «Սոֆիա» առևտրի կենտրոնի ապաստարանում։ Առաջին օրերին քնել ենք խոնավ գետնի վրա, կերել բարի մարդկանց հյուրասիրած խաղողը միայն։ Ապաստարանում օր օրի ավելանում էր մարդկանց քանակը, քանի որ շրջաններից տեղահանվածների մի մասը մեզ մոտ է ապաստանել։ Կարգ ու կանոնը պահպանելու հարցը վերցրել եմ ինձ վրա։ Մաքրություն էինք անում, ճաշ պատրաստում, հետո ափսեները լվանում, մի տուն էինք դարձել։ Հրադադարից հետո մարդիկ մեզ տաք հագուստ են նվիրել, մեկը դեղ էր տալիս, մյուսը՝ միս, էն մյուսը՝ ալյուր։ Մի պապիկ ու տատիկ բերեցին մեզ մոտ։ Նրանց ավելի մեծ ուշադրությամբ եմ հոգ տարել, իմ ձեռքով էլ ճանապարհել»,-ասում է մեր զրուցակիցը։
Էմիլիայի բոլոր հագուստներն ու խաղալիքները մայրը թողել է Բերքաձորում։ Երբ դուրս են եկել երեխայի համար քաղաքից կոշիկներ փնտրելու, անծանոթ, բայց հարազատ մարդիկ նվիրել են։ Անին իր արխիվի համար լուսանկարել ու այսօր շնորհակալությամբ է հիշում անգամ երեխային խնձոր հյուրասիրած մարդուն։
«Սիրտս կտոր-կտոր էր լինում զոհերի մասին լուրերից։ Մեր բանակը, աշխարազորը, մեր տղերքը կռվել են մինչև վերջին փամփուշտը, մինչև հրաման իջավ զենքը վայր դնելու։ Մեր գյուղը մի զոհ ունեցավ։ Դա մեծ կորուստ էր փոքր բնակավայրի համար»,- ասում է նա։
Դեպի Հայաստան գաղթի նախորդ գիշերն Անին ու ապաստարանում մնացած հայրենակիցները 15 մեքենայի համար հաց ու կարկանդակ են թխել, որ ճանապարհին իրենց ցավին նորը չգումարվի՝ սովը։ Անիի ու Գևորգի համար դաժան էր գաղթի ճանապարհը։ Մինչ պատերազմը Ստեփանակերտի ցույցերին մասնակցող փոքրիկ Էմիլիայի տեսանյութը կարճ ժամանակում հազարավոր դիտումներ ու կիսումներ է ունեցել։ Մայրն ասում է՝ վախենում էր հատկապես երեխայի համար. «Դրանք անաստված ցեղ են, ի՞նչ տարբերություն՝ երեխա՞ է, թե՞ մեծ։ Էմիլիաս ցույցի ժամանակ «Հայա՜ստան-Հայա՜ստան» էր գոռում, վեր պարզած հայրենիքի եռագույնը։ Այդ տեսանյութը հայտնվել էր նաև ադրբեջանական մեդիաալիքներում, երեխաս թիրախավորվել էր։ Երբ հասանք Հակարի, թաքցրել եմ Էմիլիային, իբր քնած է, որ չնկատեն»։
Ընտանիքն այժմ ապաստանել է Գյումրիում։ Անիի խոսքով՝ մարդիկ այնտեղ բարի են ու կամեցող, օգնել են, իրենց հետ ընկերացել, ցավը կիսել։ Ամուսիններն իրենց մեջ ուժ են գտել «Սկյուռիկ»-ի գործը Գյումրիում շարունակելու համար, քանի որ Ստեփանակերտի իրենց ստուդիայից բերել են մուլտհերոսների հագուստները։
Հունան Թադևոսյան