Ոչ միայն կալանավորում. ինչու է ՔՊ-ն ձգտում, որ Օհանյանն ու Չարչյանը վայր դնեն մանդատները

Ոչ վաղ անցյալում Նիկոլ Փաշինյանի օգնական աշխատած ու քննիչների մեղադրական եզրակացությունները խմբագրած ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2 օր խորհրդարանին միջնորդեց ու հասավ նրան, որ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության երկու պատգամավորներ՝ Սերյան Օհանյանին ու Արմեն Չարչյանին ՔՊ-ականները զրկեցին պատգամավորական անձեռնամխելիությունից։
Ընդդիմադիր երկու պատգամավորներին անձեռնամխելիությունից զրկելու դատախազի միջնորդությունները բավարարեցին բացառապես ՔՊ-ական պատգամավորները, ընդդիմադիրները չմասնակցեցին քվերարկությանը։
Իշխանական օղակներին մոտ կանգնած MediaHub-ի աղբյուրն ասում է՝ Հայաստանը ժողովրդավարության բաստիոն հռչակած Փաշինյանի պատգամավորները բոլոր հնարավոր տարբերակներով փորձում են հասնել նրան, որ Օհանյանն ու Չարչյանը մանդրատները վայր դնեն իրենց կամքով՝ միջազգային կառույցների խեթ հայացքից խուսափելու համար։
ՔՊ-ականները վախենում են՝ մանդատակիրներ Օհանյանի եւ Չարչյանի կալանավորումը կդիտվի որպես քաղաքական հետապնդում ու կբարձրացնի միջազգային սկանդալ։
Մեր տեղեկություններով, «Հայաստան» խմբակցության անդամները կտրականապես դեմ են իրենց թիմակիցների՝ մանդատները վայր դնելուն։ Թույլ չեն տալու դա, լավ իմանալով, որ դատախազի հաջորդ քայլը կլինի կալանավորման միջնորդությունը։
Երեկ գրել էինք, որ իշխանությունը հակված է կալանավորված տեսնել Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին եւ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արմեն Չարչյանին եւ չի բացառվում, որ մոտ ժամանակներս Վարդապետյանը խորհրդարան կբերի ընդդիմադիր պատգամավորներին մեղադրանք առաջադրելու հարցը։
Հիշեցնենք, որ նման մի բան ՔՊ-ականներն արեցին 2020 թվականի հունիսի 16-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, երբ վերջինս Ազգային ժողովի պատգամավոր էր։
Ծառուկյանի դեպքում խորհրդարանը գաղտնի քվեարկություններով համաձայնություն տվեց գլխավոր դատախազի երկու միջնորդություններին` թե՛ նրան ազատությունից զրկելուն, թե՛ մեղադրանք առաջադրելու վերաբերող։
Բանն այն է, որ ՔՊ-ականները լավ գիտեն, որ եւ՛ Չարչյանին, եւ՛ Օհանյանին մեղսագրվող ենթադրյալ հանցանքներն արհեստական բնույթ ունեն ու իրականում ծիծաղելի են։
Դատախազի խորհրդարան բերած ապացույցները բավարար են պատկերացում կազմելու համար, թե ինչպիսի մտացածին մեղադրանքներով է քրեական վարույթ նախաձեռնվելու ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ, լավ փաստաբան ունենալու դեպքում՝ կարդարացվեն։
Լիա Սարգսյան