Արյունոտ շոու արեցին ԱԺ-ում, որը ոչ այլ ինչ է, քան քաղաքական ծուղակ․ Մամիջանյան

Արյունոտ շոու արեցին ԱԺ-ում, որը ոչ այլ ինչ է, քան քաղաքական ծուղակ․ Մամիջանյան

Մենք չորս կետ էինք ներկայացրել։ Այդ մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ ներկայացնելով իրենց առաջարկները։ 

Ըստ Մամիջանյանի՝ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունները նրա որդեգրած հայատյացության քաղաքականության հերթական դրսևորումն են։ 
«Այս և նախորդ իրադարձությունները փաստում են, որ Ադրբեջանը չի փոխել իր մտայնությունը՝ ուժի միջոցով լուծել Ղարաբաղյան հակամարտությունը: Ավելին, ՀՀ սուվերեն տարածքի վրա ոտնձգություններից հետո անպատիժ մնալով, արդեն իսկ լայնամասշտաբ ագրեսիա է իրականացնում ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ․․․ Ստեղծված իրավիճակը նաև Հայաստանի կողմից հետպատերազմյան շրջանում անվտանգային ներուժի վերականգնմանն ուղղված գործողությունների և դիվանագիտական աշխատանքի ոչ լիարժեք իրականացման հետևանք է: Ընգծում ենք, որ ԼՂ հակամարտության հանգուցալուծումը և հայ-ադրբեջանական բանակցային գործընթացն անհրաժեշտ է դիտարկել փաթեթային տրամաբանության մեջ»,- ներկայացրեց Մամիջանյանը։ 

Սրանք են եղել առաջարկները, որ «Պատիվ ունեմ»-ը ներկայացրել է իշխող «խունտային»։ 

«Ինչ պատասխան ենք ստացել մենք․ առաջարկվել է ներառել դրանց մի մասը, որը բացարձակապես չէր ընդգրկում ողջ աղը, բանակցային գործընթացի իմաստը ներկայացնող կետեր։ Ինչո՞ւ մեր ներկայացրած կետերը չեն ներառվում հայտարարության մեջ»,- հարց բարձրացրեց պատգամավորը։ 

Նրա դիտարկմամբ՝ այն շոուն, որ իշխանությունը մեր զինվորների արյան վրա կազմակերպել էր ԱԺ դահլիճում, ոչ այլ ինչ է, քան քաղաքական ծուղակ։ «Մեզ հարցնում են՝ ինչի՞ չեք վերադառնում ԱԺ։ Վերադառնանք, որ Սիմոնյան Ալենի հետ քննարկենք՝ ո՞նց աշխատի ընդդիմությունը։ Թե պետք է մեր դաշնակից երկրների պառլամենտներին կոչով դիմեինք։ Սա հերթական շոուն է»,- ասաց նա։