Մոսկվայում «ջրվեց» Բրյուսելի օրակարգը

Մոսկվայում «ջրվեց» Բրյուսելի օրակարգը

Հայաստանի վարչապետը և Ռուսաստանի նախագահը երեկ Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ «պայմանավորվել են ակտիվացնել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի եռակողմ փոխգործակցությունը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև, ընդհանուր առմամբ, տարածաշրջանում հարաբերությունների կարգավորմանն աջակցելու նպատակով»:

Այդ մասին ասված է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի համատեղ հայտարարությունում, որն, ընդհանուր առմամբ, բաղկացած է 30 կետից։

Փաշինյանն ու Պուտինը պայմանավորվել են Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ արագացնել հայ-ադրբեջանական սահմանի շրջանում սահմանազատման և անվտանգության հարցերով երկկողմ հանձնաժողովի ստեղծումը։

Վերջերս Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ Բրյուսելում կայացած հանդիպմանը Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը նաև ցանկություն էին հայտնել արագորեն առաջ շարժվել խաղաղության պայմանագրի ուղղությամբ։ Փաշինյանի ու Պուտինի ծավալուն հայտարարությունում հայ-ադրբեջանական պայմանագրի մասին խոսք չկա, փոխարենը շեշտվում է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի եռակողմ փոխգործակցությունը ակտիվացնելու անհրաժեշտությունը։

Ընդգծել են հումանիտար անհետաձգելի հարցերի հրատապ լուծման և քաղաքական-դիվանագիտական միջոցներով Լեռնային Ղարաբաղյան կարգավորման պահանջվածությունը:

«Այդ համատեքստում նրան հաստատեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի ներուժի և փորձի օգտագործման կարևորությունը՝ նրա միջազգային մանդատին համապատասխան», - նշված է հայտարարությունում։

Հայաստանի վարչապետն ու Ռուսաստանի նախագահը ողջունել են ռուսաստանյան աջակցությամբ մեկնարկած հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացը: 

Պուտին- Փաշինյան համատեղ հայտարարությունն, անշուշտ, համակողմանի անալիզի անհրաժեշտություն ունի, սակայն առայժմ սահմանափակվենք մի քանի նախնական արձանագրումներով։

Հայ- ադրբեջանական ու հայ- թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում ընդգծվում է ռուսական միջնորդության ու Ռուսաստանի առանցքային դերի մասին։

Լեռնային Ղարաբաղյան կարգավորման պահանջվածության ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մասին հիշատակումներն ևս ,անշուշտ, դրական են։

Ընդգծենք, որ միջազգային հարցերում համատեղ հայտարարությունը, բոլոր դեպքերում, հղում է անում պաշտոնական Մոսկվայի կողմից օգտագործվող տերմինաբանությանը։

Վահրամ Բագրատյան