Քաջարանի համայնքապետի գործը կքննվի սկզբից․ նոր դատավորը հայտնի է

Քաջարանի համայնքապետի գործը կքննվի սկզբից․ նոր դատավորը հայտնի է

Hraparak.am-ը գրում է․

Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը շարունակվում է գտնվել անազատության մեջ։ Նրա եւ մյուսների վերաբերյալ քրեական գործը քննվում էր Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշյանի նախագահությամբ, սակայն, երբ վերջերս դատավոր Բախշիյանը կալանավորվեց, այս գործը մակագրվել է մեկ այլ դատավորի։

Գործով ամբաստանյալներից Զոհրաբ Առաքելյանի փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ քրեական գործն այժմ գտնվում է դատավոր Լուսինե Սեփխանյանի վարույթում, եւ, պետք է վերսկսեն քննությունը․ «Քրեական դատավարության համաձայն՝ նորից պետք է սկսենք սկզբից։ Դեռեւս նիստի օր նշանակված չկա»։

Փաստաբանը նշեց, որ գործից անջատված մասեր կան, իսկ իրենց մասով ամբաստանյալներից միայն Փարամազյանն է, որ գտնվում է կալանքի տակ։

Հիշեցնենք՝ Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը կալանավորվել է 2021 թվականի հուլիսի 10-ին: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի (խարդախության օժանդակելը կամ կազմակերպելը), 311-րդ հոդվածի (կաշառք ստանալը) և 154.2-րդ հոդվածի (ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը) հատկանիշներով։