Փաշինյան-Էրդողան սիրախաղը՝ նոր կապիտուլյացիայի հի՞մք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

 

Հայաստանի վարչապետը շնորհավորել է Թուրքիայի նախագահին Կուրբան Բայրամի առթիվ, իսկ Թուրքիայի նախագահը շնորհավորել է Հայաստանի վարչապետին գալիք Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի առթիվ։

 

Ղեկավարներն ընդգծել են իրենց երկրների միջև հարաբերությունների կարգավորման երկկողմ գործընթացի կարևորությունը, ինչը կնպաստի նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը։

Հատկանշական է, որ առաջին անգամ են երկու երկրների ղեկավարները հեռախոսազրույց ունենում, այն էլ ինչքան ջերմ հեռախոսազրույց։

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը զգուշացնում է՝ սա հերթական կապիտուլյացայի հիմքն է։

 

Եվ պարզ է, որ այս հեռախոսազանգից պետք է ոչ թե ուրախանալ ու ոգևորվել, այլ՝ ավելի զգաստանալ։ Թուրքագետ Հակոբ Չաքրյանի խոսքով՝ հայատյաց Էրդողանի քայլը զուտ արված է՝ ԱՄՆ-ին հաճոյանալու համար։ Չէ՞ որ Վաշինգտոնը փորձում է Հարավային Կովկասից հեռացնել Ռուսաստանի դաշնությանը, իսկ խաղաղության օրակարգ բերելն իրեն կօգնի այդ հարցում։

Այսինքն՝ Թուրքիան իր՝ աշխարհում մեկ հայ, այն էլ թանգարանում՝ որպես նմուշ թողնելու քաղաքականությունից չի հրաժարվում։ Պարզապես՝ այժմ ստիպում է Հայաստանին խաղալ իր կանոններով՝ ստորանալով ու նսեմանալով իր առջև։

Մասնագետները վստահ են՝ այսօր, ավելի քան երբևէ, պետք է յուրաքանչյուր քայլը հաշվարկել ու չընդունել Թուրքիայի մատուցած քաղցր, բայց վտանգավոր կոնֆետները։

Նարե Գևորգյան