Իշխանական լրատվամիջոցները «արտագաղթել են» Երևանից

Իշխանական լրատվամիջոցները «արտագաղթել են» Երևանից

Մի քանի ժամ է, ինչ Երևանը առատ ձյան պատճառով կոլապսի ճիրաններում է. մարդիկ չեն կարողանում տուն հասնել, քանի որ բարեփոխված երևանյան ավտոբուսները համապատասխան անվադողեր չունեն, որպեսզի նման եղանակին մեքենան վարել հնարավոր լինի (թեև անհասկանալի չինովնիկների անհասկանալի բարբաջանքից պարզ է դառնում, որ լավ էլ անվադողեր ունեն, այսինքն ուղղակի կապրիզ են անում ու չեն քշում), Նոր Նորք քաղաքացիները ոտքով են բարձրանում՝ Մյասնիկյանը մի մեծ սահադաշտի է վերածվել, մայրաքաղաքում 10 բալանոց խցանում է ժամեր շարունակ, ամեն քայլափոխի վթարներ են, ձյան մաքրման աշխատանքները մոտ են զրոյին.... բայց պրոիշխանական լրատվամիջոցներում այս մասին մեկ բառ անգամ չկա:

Այս կայքերում, որոնք օր ու գիշեր զբաղված են միայն նիկոլական դեմագոգիան ու մանիպուլյացիաները տիրաժավորելով ու «ֆաս» հրահանգը ստացած տարբեր կալիբրի ՔՊ-ականների նույն գրչի տակից դուրս եկած ստատուսները տարածելով, որևէ բառ չկա այն մասին, որ մի քանի ժամ է մայրաքաղաքը մնացել է առանց տրանսպորտի, որովհետև ավտոբուսի վարորդները հրաժարվում են վարել դրանք անվտանգության նկատառումներից ելնելով, որ հազարավոր քաղաքացիներ մնացել են կանգառներում կանգնած ու սառում են չդադարող ձյան տակ, որ տաքսու գները հավասարվել են սրտի օպերացիայի գներին, բայց մարդիկ ստիպված են դրանք պատվիրել, թեև շատ դեպքերում տաքսիներն էլ հրաժարվում են ուղևորվել Երևանի որոշ վարչական շրջաններ: 

Ձյան հետ ասոցացվող միակ լուրը այս կայքերում (բացի ռելիզային եղանակի տեսությունից) Երևանի ավագանու տխրահռչակ ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանի գրառումն է, ում, վստահաբար, հանձնարարվել է ավտոբուսների տակ բացակայող անվադողերի թեման շեղել՝ հանրությանը նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին պոպուլիստ անվանելու պոլեմիկայի մեջ ներքաշվելով: Դե, ինչպես հայտնի անեկդոտում է ասվում՝ սեփական իմպոտենցիան քողարկելու համար հեշտ է հարևանի կնոջը ման եկող որակել: 

Հռետորական հարց. որտե՞ղ եք դուք, որ երևանյան “գեղեցիկ” այս ձմեռը չեք տեսնում, դրանից չեք տուժում, որ գոնե մի ջղայն հոդված էլ դուք գրեիք (հա, մոռացել էինք՝ հրահանգ չեն իջեցրել,բայց հենց վաղը հրահանգ կիջեցնեն դիֆիրամբներ երգել, թե ինչպիսի աննախադեպ մակարդակ ունի խոսքի ազատությունը «իրական» ՀՀ-ում), ո՞ւր եք, որ  չեք ֆիքսում, չեք կիսվում  ուրախությամբ ձեր ընթերցողների հետ, ինչպես խորհուրդ է տալիս բանջարաբոստանային ընտանիքի հայտնի ներկայացուցիչը: Հույս ունենք բահերը ձեռքներիդ փողոցներն եք մաքրում, ինչպես ասել էր Ավինյանը, քանի որ տեխնիկայի ուժը չի հերիքում ...