Չեմ ուզում ինչ-որ ժամկետ ասել, խաբել․ փոխքաղաքապետը՝ Երևանի գլխավոր հատակագիծ ունենալու մասին

Ընդունում եմ, որ Երևանի գլխավոր հատակագծի հարցը շատ կարևոր է, բայց հստակ ժամկետ այս պահին ասել չեմ կարող։ Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը՝ պատասխանելով MediaHub-ի այն հարցին, թե վերջապես երբ է լինելու Երևանի գլխավոր հատակագիծը։
«Ես քաղաքաշինության բլոկով չեմ զբաղվում, չեմ ուզում ինչ-որ ժամկետ ասել, խաբել»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024թ. պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումներում քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ Երևանի նոր գլխավոր հատակագծի նախագծման համար քաղաքապետարանը գումարներ է հատկացրել. դա կլինի միջանկյալ գլխավոր հատակագիծ, դրան զուգահեռ նախաձեռնվել է Երևանի սահմանների ճշտման գործընթաց հարևան համայնքների հետ:
Լիաննա Թորոսյան