Նոր մանրամասներ՝ Աշոտ Փաշինյանի գործով, Ի՞նչ սպասել մոսկովյան հանդիպումից․ Մամուլը՝ սուրճով

Նոր մանրամասներ՝ Աշոտ Փաշինյանի գործով, Ի՞նչ սպասել մոսկովյան հանդիպումից․ Մամուլը՝ սուրճով

«Հրապարակ» թերթը գրում է.

«Արդարադատության նախկին նախարար, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը տեւական ընդմիջումից հետո կրկին փորձում է ակտիվանալ։

Նա սկսել է հարցազրույցներ տալ, իսկ հունիսի 2-4-ը, որպես դասընթացավար, մասնակցելու է Ծաղկաձորում «Լիբերալ քաղաքականության ինստիտուտ» հասարակական կազմակերպության կազմակերպելիք դասընթացին՝ լրագրողների եւ մեդիաոլորտի աշխատակիցների համար։ Թեման վերաբերում է ատելության խոսքի տարածումը կանխելուն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախը թշնամուն հանձնելու մասին Նիկոլ Փաշինյանի մայիսի 22-ի հայտարարությանը հաջորդած արձագանքների շարքում, անկասկած, հարկ է առանձնացնել Մայր աթոռ սուրբ Էջմիածնում հրավիրված Գերագույն հոգևոր խորհրդի հայտարարությունը: Հայ Առաքելական եկեղեցին, պետք է ասել, այս դժնի և օրհասական իրավիճակում, իր բարձրության վրա է և, բնականաբար, իր ժողովրդի հետ ու նրա կողքին, ազգին ու մեր պետականությանն սպառնացող շոշափելի վտանգներով առավել քան մտահոգ: Էական է այն, որ Գերագույն հոգևոր խորհուրդը Նիկոլ Փաշինյանի՝ «խաղաղության» անվան տակ վարած քաղաքականությունն ու դիրքորոշումները որակում է որպես վտանգավոր ու մերժելի: Այսինքն, առավել քան հստակ գնահատական է տրվում:

Ավելին, Գերագույն հոգևոր խորհուրդը օրվա իշխանությանը հորդորում է «հրաժարվել պարտվողական մտայնությունից և դրանից բխող կործանարար քայլերից, համազգային մարտահրավերների հաղթահարման համար գտնել խելամիտ ու արժանապատիվ լուծումներ»: Հարկավ, կարող են գտնվել «գիտունիկներ» (նույնիսկ կարող ենք, առանց սխալվելու հավանականության, նշել, թե որ «կուսակցության» գրասենյակում ու վերնախավում), որոնք Գերագույն հոգևոր խորհրդի հայտարարությունը և, առհասարակ, Հայ Առաքելական եկեղեցին ու հոգևոր առաջնորդներին կփորձեն մեղադրել «աշխարհիկ գործերին» կամ քաղաքականությանը խառնվելու մեջ: Դե, Փաշինյանն օրումեջ է արդեն ինչ-որ բաներ հայտարարում Հայ Առաքելական եկեղեցու հասցեին, ու դա ամենևին պատահական չէ: Բայց այդ մեղադրանքները ոչ միայն մտացածին են, այլև անիմաստ: Խնդիրը, որը Գերագույն հոգևոր խորհրդի հայտարարություն ընդունելու անհրաժեշտությանն է հասել, համազգային է, վերքաղաքական:

Խոսքն առհասարակ մեր պետության, որպես պետականակիր ժողովուրդ՝ մեր ազգի հետագա գոյության, առնվազն՝ մեր Հայրենիքի մի հսկայական հատվածում հայության բնաջնջման սպառնալիքի ու նաև այն մասին է, որ ՀՀ ղեկավար ներկայացող անձը խաղում է պետության ու ազգի ճակատագրի հետ: Էլ ո՞վ կամ ո՞ր կառույցը պիտի առավել քան մտահոգվեր ու արձագանքեր, եթե ոչ հենց վերպետական ու համազգային Հայ Առաքելական եկեղեցին: Այժմ «գնդակը» երկրի քաղաքական ուժերի, հասարակական-ազգային շրջանակների դաշտում է...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ վարչապետի որդու միջադեպի գործով նախաքննական մարմինը գնացել է ՀՀ վերաքննիչ դատարան եւ առգրավել դատարանի տարածքի բոլոր տեսախցիկները։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի հաղորդման հիմքով՝ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել՝ մարդուն առեւանգելու հոդվածով։ Գործով կալանավորվել է 44-օրյա պատերազմի հերոս Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը։ Վերջինս, ըստ լուրերի, քաղաքական իշխանության կողմից ճնշման է ենթարկվել եւ հրաժարվել է վարչապետի դեմ իր պայքարից, եւ դա է պատճառը, որ նա հրաժարվեց իր պաշտպաններից, իսկ «Որդիների կանչ» ՀԿ-Ն էլ դադարեցրեց նստացույցը Կառավարության դիմաց, որից հետո նրան ազատ կարձակեն։

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Գայանե Հակոբյանի պաշտպան Հովսեփ Սարգսյանը հայտնեց, որ ճնշման մասին խոսք չի կարող լինել, այդ թվում՝ պայմանավորվածության, առաջիկայում իրենք՝ գործով ներգրավված նոր պաշտպանները, կանդրադառնան քրեական վարույթին։

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում կադրերի տեղափոխության հարց է առաջացել: ՔՊ-ական մեր աղբյուրները փոխանցեցին, որ Նիկոլ Փաշինյանն առաջիկայում նպատակ ունի իշխող խմբակցության պատգամավորներից որոշներին տեղափոխել գործադիր՝ նախարարի կամ փոխնախարարի պաշտոնում, կլինեն նաեւ մարդիկ, որոնք, առհասարակ, պաշտոնից կզրկվեն: Ե՞րբ է պլանավորել Փաշինյանն իրագործել այս պլանը:

ՔՊ ներսում խոսակցություններ կան, որ նա պլանավորել է մինչեւ աշուն իրականացնել իր ծրագիրը, բայց, երկրում ստեղծված արտակարգ իրավիճակով պայմանավորված, հստակություն չկա դեռ: Փաշինյանի համար առաջնային է հատկապես ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանի հարցը: Ինչպես հայտնի է, ԱԻ նախարարությունը հուլիսից գործելու է Ներքին գործերի նախարարության կազմում. Փամբուխչյանը շուտով առանց աշխատանք կմնա: Մեր տեղեկություններով՝ վերջինիս առաջարկվել է վարչապետի խորհրդականի պաշտոնը, ինչը Փամբուխչյանի սրտով չէ: Նա նախկինում իշխող խմբակցության պատգամավոր էր, հետո դարձավ նախարար, այսքանից հետո վարչապետի խորհրդականի պաշտոնն իր սրտով չէ. բարձր պաշտոն է ուզում:

Հիմա Փաշինյանը փորձում է Փամբուխչյանին չնեղացնել ու մտածում է՝ ուր տեղավորել նրան: Ամեն դեպքում, ՔՊ ներսում անորոշ վիճակ է, սպասում են, տեսնեն՝ թե ինչպես կդասավորվի իրենց ճակատագիրը, ինչ է մտածել Փաշինյանն իրենց համար:

Ամբողջությամբ հոդվածը ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

«Հրապարակ» թերթը գրում է.

«Այսօր Մոսկվայում նախատեսված է ՀՀ վարչապետի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպում։ Իշխանական շրջանակներում չեն բացառում, որ փոխադարձ տարածքային ամբողջականությունը ճանաչելու արձանագրություն ստորագրվի, ավելին՝ վստահ են, որ արդեն ստորագրված է, պարզապես մնում է ճիշտ վայրն ու տեղն ընտրել՝ այդ փաստաթուղթը հրապարակայնացնելու համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում