ՔՊ-ականները վրաններ հավաքելը համարում են ընդդիմության ֆիասկո

ՔՊ-ականները վրաններ հավաքելը համարում են ընդդիմության ֆիասկո

Այս ֆիասկոյից հետո ընդդիմությունը փորձ է անում վերադառնալ ԱԺ: Մենք տեսանք ընդդիմության օրակարգի սնանկությունը փողոցում: Այդ մասին հայտարարել է ՔՊ-ական Սարգիս Խանդանյանը:

ՔՊ-ականները վրաններ հավաքելը համարում են ընդդիմության ֆիասկո և, հավանաբար, Փաշինյանի և թիմի հաղթանակը: Այս քաղաքական մտածելակերպով, որը կարելի է բնութագրել «սյուրռեալիզմ»՝ ՔՊ-ն շարունակում է մնալ իշխանության և Հայաստանն ու Արցախը մեծ տեմպերով տանում է դեպի կործանում: Ըստ ՔՊ-ական տրամաբանության՝ եթե ընդիմությունը չհավաքեր վրանները, ապա դա նրանք համարելու էին ընդդիմության հաղթանակը: Վրաններ հավաքելը՝ տեխնիկական խնդիր է, տեխնիկական լուծում և համազգային պայքարի մարտավարության փոփոխություն:

Ընդդիմությունը չի արձանագրել ֆիասկո, քանի որ տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են եկել պայքարի, ինչի արդյունքում իշխանությունները հազարավոր ոստիկաններ են հանել փողոցներ: Միայն ոստիկանական բիրտ մեթոդներով ՔՊ-ն կարողացավ որոշ ժամանակով երկարաձգել իշխանափոխությունը, սակայն ուժ կիրառելով ՀՀ քաղաքացիների նկատմամբ` Փաշինյանն ու թիմը ցուցադրեցին ոչ թե իրենց հզորությունն ու ինքնավստահությունը, այլ վախը սեփական ժողովրդից:

ՀՀ քաղաքացիները ցանկանում են իշխանափոխություն՝ ընդդիմությունն ընդամենը այդ ցանկությունը քաղաքական մեթոդներով՝ Սահմանադրության շրջանակներում, փոխանցում է ՔՊ-ականներին: Արտաքին և ներքին բոլոր ոլորտներում տապալված, պարգևավճարներ ստանալը «հոբբի» դարձրած քաղաքական թիմը պետք է հեռանա: 2018թ.-ից մինչև այսօր ՔՊ-ական վերնախավի բոլոր խոստումները ֆեյք դուրս եկան՝ թե տնտեսական, սոցիալական մասով, թե Արցախի, բանակի և հայ-ռուսական կապերի ամրապնդման մասով:

ՀՀ-ում հարստանում են ՔՊ-ականներն ու նրանց մերձավորները, իսկ ՀՀ քաղաքացիները տասնյակ հազարներով արտագաղթում են: Այս աղետալի ընթացքը կարելի է խաթարել միայն իշխանափոխությամբ՝ այլ ելք գոյություն չունի:

Վահրամ Բագրատյան