Արցախից բռնի տեղահանված ընդամենը 735 անձ է դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար. Արմեն Ղազարյան

Բռնի տեղահանությունն ինքնին մեծ սթրես է եղել համակարգի համար, և դա ակնհայտ է, ցանկացած երկրում, որտեղ երկիրն ընդունում է փախստականության, բռնի տեղահանության մեծ հոսք, միգրացիոն սիստեմների վրա դրանք մեծ սթրեսային ծանրաբեռնվածություն են ավելացնում։ Մենք մի քանի օրերի ընթացքում Կոռնիձորում, Գորիսում, Վայքում ստեղծել ենք բնակչության ռեգիստրի հետ կապված առանձնացված կապով համակարգեր, որոնք թույլ են տվել տեղում անձին հաշվառել և նույնականացրել։ Այսինքն՝ գործընթացը եղել է ոչ թե հաշվառում, այլև՝ նույնականացում։ Այս մասին Mediahub-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը՝ խոսելով Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին հաշվառելու գործընթացի, առաջացած բարդությունների և այս պահին առկա վիճակի մասին։ 

-Այս պահին քանի՞ արցախցի կա հաշվառված Հայաստանում, կա՞ն Արցախի քաղաքացիներ, որոնք այդպես էլ ո՛չ հաշվառում են անցել, ո՛չ գրանցվել են, և Ձեր տեսադաշտից դուրս են մնացել, և նրանց մասով ի՞նչ եք անելու։ 
-Հայաստանում արդեն, ըստ բնակության հասցեի, հաշվառվել է 40 հազարից ավելի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձ, նրանցից 35 հազարը արդեն իսկ ստացել է ժամանակավոր պաշտպանության տակ վերցված փախստականի վկայական, իսկ 735-ը դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար։ 

-Բայց Դուք նշում էիք 112 հազար թիվը։
 -Չէ, էստեղ միգուցե հաշվառում բառի շփոթ առաջանա, 112 հազարը այն թիվն է, որը սոցապնախարարությունը հայտարարել է՝ ովքեր ստացել են 100 հազար դրամների աջակցությունը։ Իսկ, այ, բռնի տեղահանության ժամանակ հաշվառման բազայում լրացվել է 115 հազար անձի տվյալ։ Բայց ըստ բնակության հասցեի, երբ անձն արդեն հայտարարել է Հայաստանում իր բնակության հասցեն, այդ տեսակ հաշվառում իրականացվել է 40 հազարից ավելի, մնացածը դեռևս պահպանել են Լեռնային Ղարաբաղի հաշվառումները։ Սակայն մենք կառավարության 2024 թվականի հոկտեմբերի 26-ի որոշմամբ ևս հստակորեն արձանագրել ենք, որ անձի հաշվառման փոփոխությունն իր համար դուռ է բացում Հայաստանում սոցիալական ծառայություններից օգտվելու համար։ Բռնի տեղահանության հետ կապված առաջնային օժանդակությունը չի կապվել հայաստանյան հասցեում հաշվառման հետ։

 -Ի դեպ, ինչպե՞ս է ստացվում, որ 2020 թվականի պատերազմից հետո տեղահանվածներին Արցախից տեղահանվածներ էին անվանում, իսկ 2023 թվականի սեպտեմբերին տեղահանվածներին անվանում եք Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներ։ 
-Այս անունները կարող են կիրառվել փոխանցելիաբար, ես կասեի՝ Արցախից տեղահանված, Լեռնային Ղարաբաղից տեղահանված․ բովանդակորեն նույն բանն են նշանակում։ 

Մանրամասն՝ տեսանյութում 

Վահե Մակարյան