Հայ-իրանական սահմանը բաց պահելու համար Իրանը կգնա մինչև իսկ ուժի կիրառման․ Վարդան Ոսկանյան

Հայ-իրանական սահմանը բաց պահելու համար Իրանը կգնա մինչև իսկ ուժի կիրառման․ Վարդան Ոսկանյան

Իրանի հոգևոր առաջնորդի՝ հայ-իրանական սահմանը բաց պահելու վերաբերյալ հայտարարությունը հայկական կողմից անարձագանք թողնելն անթույլատրելի է։ Այդ մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Թուրքիայի նախագահի հետ հանդիպմանը Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել էր, որ Իրանը չի հանդուրժի Հայաստանի հետ սահմանի փակումը։

Վարդան Ոսկանյանի խոսքով՝ Իրանի հոգևոր առաջնորդի հայտարարությունից հետո մեր հարևան պետության օրենսդիր ու գործադիր մարմինների ներկայացուցիչներն, ինչպես նաև մի շարք հոգևորականներ, նույնաբնույթ հայտարարություններ են արել, ինչը մեզ համար ևս պետք է հստակ ազդակ լիներ։

«Հատկապես կարևոր է, որ խնդրին անդրադառնում են հոգևորականները, որոնք Իրանում ունեն շատ մեծ ազդեցություն։ Եվ այս դեպքում հայկական կողմից պետք է տարբեր մակարդակներով դրական ազդակներ մղվեին դեպի Իրան։ Հոգևոր առաջնորդի արած հայտարարությունն անարձագանք թողնելը տրամաբանական չէ նաև մեր շահերի տեսանկյունից։ Եվ հաշվի առնելով մեր գլխին կախված մարտահրավերները՝ մենք պետք է օգտվեինք այս ամենից»,- նշեց Ոսկանյանը։

Ըստ իրանագետի, սակայն, անկախ Հայաստանի պաշտոնական շրջանակների արձագանքի լինել-չլինելուց, իրանական կողմն առաջ է մղելու իր օրակարգը, քանի որ հայ-իրանական հազարամյակների պատմություն ունեցող սահմանը Իրանի համար կենսական նշանակություն ունի։

«Ուստի, իրանական կողմը, ելնելով նաև սեփական պետության շահերից, որևէ պարագայում թույլ չի տալու, որ այդ սահմանի նկատմամբ լինեն ոտնձգություններ թե՛ Թուրքիայի, թե՛ Ադրբեջանի կողմից։ Իրանի հոգևոր առաջնորդի հայտարարությունից ակնհայտ է դառնում, որ այնտեղ էլ շատ լավ հասկանում և պատկերացնում են, թե ով է մեր տարածաշրջանում Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման օպերատորը․ դա, միանշանակ, Թուրքիան է, ուստի, մեկ անգամ ևս  պետք է արձանագրել, որ իրանական կողմը լուծելու է հայ-իրանական սահմանի անվտանգության խնդիրը՝ իր բոլոր միջոցներով»,- շեշտեց Վարդան Ոսկանյանը։

Ճշտող հարցին, թե արդյոք իրանական կողմը կգնա՞ ուժի կիրառման՝ այդ սահմանը բաց պահելու համար, Վարդան Ոսկանյանն արձագանքեց՝ այո։

«Եթե ռազմական ներխուժման վտանգ լինի, անշուշտ, Իրանը կբանեցնի իր ամբողջ գործիքակազմը, այդ թվում՝ ուժի կիրառմամբ»,- նկատեց իրանագետը։

Վերոնշյալ հանգամանքը, Վարդան Ոսկանյանի դիտարկմամբ, իրանցիները չեն էլ թաքցնում։ Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ Իրանի հոգևոր առաջնորդի հայտարարությունը շատ կոշտ էր և շատ հստակ։

«Եվ Թուրքիայում էլ այդ կոդը շատ լավ կարողացել են վերծանել։ Ադրբեջանում նույնպես․ այնտեղ, ըստ էության, պաշտոնական քարոզչության կողմից այս հարցով քար լռություն է, ինչը նշանակում է, որ ուղերձը տեղ է հասել»,- ասաց նա։

Իհարկե, Ոսկանյանի դիտարկմամբ, սա չի նշանակում, թե թուրք-ադրբեջանական դաշինքը չերևացող տիրույթում առաջ չի մղելու իր ծրագիրը, որը ոչ միայն «զանգեզուրյան միջանցքն» է, այլ նաև թուրանական ծրագիրը, որը հնարավորություն պետք է ընձեռեր Թուրքիային՝ անխափան ելք ունենալ դեպի Կասպյան տարածաշրջան, նաև Կենտրոնական Ասիա։ 

«Այդպիսով, կշրջափակվի նաև Իրանը հյուսիս-արևմուտքից և հյուսիսից՝ ամբողջությամբ։ Ուստի, իրանական կողմն իր ունեցած ամբողջ գործիքակազմով հակազդելու է դրան»,- եզրափակեց խոսքը իրանագետ Վարդան Ոսկանյանը։

Նարե Գևորգյան