Սամվել Բաբայանը որոշել է «Քադիրովը» դառնալ, Դիմել են Պապիկյանին, որ եկեղեցին բանակից հանեն․ Մամուլը՝ սուրճով

Սամվել Բաբայանը որոշել է «Քադիրովը» դառնալ, Դիմել են Պապիկյանին, որ եկեղեցին բանակից հանեն․ Մամուլը՝ սուրճով

«Հրապարակ» թերթը գրում է․

Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանն Արցախի իշխանական եւ քաղաքական վերնախավին շարունակում է համոզել՝ գնալ Բաքվի հետ ուղիղ երկխոսելու ճանապարհով, քանի որ մոտ ապագայում սովից կոտորվելու են, իսկ ռուսները մատը մատին չեն խփելու։ Արցախից պատմում են, որ Սամվել Բաբայանն այդ երկխոսությունը կյանքի կոչելու նպատակով վերջին շրջանում սկսել է սուր քննադատել անգամ Նիկոլ Փաշինյանին, որպեսզի իր առաջարկները չվերագրեն Փաշինյանին եւ ՀՀ իշխանություններին։ Նա հավասարապես քննադատում է թե՛ ռուսներին, թե՛ Փաշինյանին, որ մատը մատին չեն խփում, ու ասում է՝ ինքներս պետք է մեր գլխի ճարը տեսնենք։

Ոմանք կատակում են, թե Սամվել Բաբայանը որոշել է Արցախի «Քադիրովը» դառնալ։ Նրա տեսլականն առայժմ ընկալելի չէ ոչ միայն քաղաքական լայն շրջանակների, այլեւ Արցախի իշխանությունների համար, Արցախում կարծում են, որ պետք է դիմադրել, քանի որ Ադրբեջանի հետ երկխոսությունը կնշանակի ինքնակամ հանձնվել թշնամուն։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Շարունակելով իշխանության գլխին կանգնած անձանց ֆինանսական միջոցների ուսումնասիրությունները՝ բացահայտում ենք, որ էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը 2015 թվականին միանձնյա սեփականությամբ ձեռք է բերել բնակարան Ռուսաստանի Դաշնությունում, իսկ 2011 թվականին՝ ավտոտնակ՝ ՌԴ-ում։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2022 թվականին Տերյանը ավտոտնակը նվիրատվությամբ փոխանցել է քրոջը՝ Ռոզի Տերտերյանին։

Տերյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 3 մլն 905 հազար դրամ, 15 հազար դոլար, 18 հազար 519 եվրո և 1 մլն 65 հազար ռուբլի։ Կանխիկ դրամական միջոցները հազմել են 1 մլն 771 հազար դրամ։

Հաշվետու տարվա եկամուտները կազմում են 18 մլն 642 հազար դրամ, որից 13 մլն 582 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, 60 հազարը Ռուս-հայկական համալսարանից է՝ որպես աշխատանքի վարձատրություն։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 11 մլն 961 հազար դրամ։

Այսպիսով, բանկային համակարգում աշխատած պաշտոնյաների շարքը համալրում է նաև Նարեկ Տերյանը, որը նախկինում՝ 2017-2018 թվականներին, աշխատել է Մոսկվայի շրջանի կառավարությունում՝ որպես խորհրդական։

Հիշեցնենք նաև, որ Նարեկ Տերյանն այն քաղաքական գործիչն է, որ ձախողել է Հայաստանը «ԷՔՍՊՈ 2020-Դուբայ» ցուցահանդեսում ներկայացնելու հնարավորությունը։ Նրա կատարած բոլոր ծախսերը կատարվել էին պետական բյուջեյի հաշվին, այն ժամանակ անգամ Քովիդի թեստի գումարն էր պետբյուջեից հատկացվել։ Սակայն ցուցահանդեսին ցուցանմուշների փոխարեն բուկլետներ էր դրել տաղավարում, իսկ հեղափոխականները մեղադրում էին բոլորին, բացի իրենցից։

«Հրապարակ» թերթը գրում է․

Ատեստավորման գործընթացը, ըստ մեր աղբյուրների, բանակում եւ պաշտպանության համակարգում անառողջ մթնոլորտ է ձեւավորել, որը կարող է հանգեցնել կադրերի մեծ արտահոսքի՝ պրոֆեսիոնալ զինվորականները հեռանան։ Հիշեցնենք․ եթե պետական այլ օղակներում աշխատավարձերի կտրուկ բարձրացում են իրականացնում` առանց որեւէ նախապայմանի, ապա որոշ համակարգերում, մասնավորապես` բանակում, վարձատրությունը կարող է աճել միայն ատեստավորում անցնելուց հետո։

Ինչպես հայտնի է, բավականին բարձր չափանիշներ են սահմանվել ատեստավորման համար, որտեղ ո՛չ զինվորականի անցած մարտական ուղին, ո՛չ ավանդը, ո՛չ տարիքը կամ պրոֆեսիոնալ զինվորական լինելու փաստը դեր չի խաղում: Ատեստավորումը կազմված է երկու բաժնից` տեսական, մասնագիտական թեստեր եւ պրակտիկ առաջադրանքներ` շարային պատրաստություն, որոնք ոչ բոլորն են հաղթահարում․ ոմանք՝ տարիքի, ոմանք` մարտական գործողությունների ժամանակ ստացած վիրավորումների պատճառով:

Արդյունքում ատեստացիայից կտրվում են,  եւ փաստացի աշխատավարձերը մնում են ցածր, որով գնաճի պայմաններում ապրելը դարձել է անհնարին։ Մեզ ասացին, որ այս անհավասար եւ անառողջ մթնոլորտում ոմանք արդեն թողել են ծառայությունը, ոմանք մտածում են թողնելու մասին, ինչը կարող է ծանր հետեւանքներ առաջացնել բանակի համար։

«Հրապարակ օրաթերթը» գրում է․

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին, պատճենը` Անդրեա Վիկտորինին եւ մի շարք լրատվամիջոցների վերջերս անանուն նամակ է ուղարկվել․

«Հարգարժա՛ն պարոն նախարար, պահանջում ենք՝ կա՛մ անմիջապես լուծարել ՀՀ ԶՈՒ հոգեւոր սպասավորության «գրասենյակը» ՀՀ ՊՆ-ից, քանի որ այն հակասում է իրավական պետության, իրավունքի գերակայության եւ ժողովրդավարության սկզբունքներին, կա՛մ վերակազմակերպել այդ «գրասենյակի» գործունեությունը՝ ժողովրդավարության սկզբունքների համաձայն, եւ կա՛մ էլ հայտարարել, որ ՀՀ-ն կրոնապետություն է»։ Նամակում հեղինակը մասնավորապես նշում է, որ բանակում ծառայող հոգեւորականները՝ գնդերեցները, «ծառայում են զինվորների հետ միասին, նրանց հետ սահման բարձրանում, մասնակցում ռազմական արշավներին, ուսումնամարզական հավաքներին, զինվորների հետ, յուրաքանչյուր մարտական հերթափոխից առաջ դիրքապահ զինվորներին խրախուսում իրենց խոսքով եւ աղոթքով ճանապարհում, կազմակերպում ուսուցողական ֆիլմերի ցուցադրումներ, ուխտագնացություններ՝ հակառակ զինվորի, սպայի ու առհասարակ զինվորականի կրոնական դիրքորոշումից։ Զինվորը պարտադրված է կատարել ՀՀ ԶՈՒ հոգեւոր առաջնորդի կամ սպասավորի հանձնարարականները»։

Երկարաշունչ նամակում դժգոհություններ էլ են հայտնում, օրինակ, որ ոչ բոլոր զինծառայողներն են Հայ առաքելական եկեղեցու հետեւորդներ, եւ չի կարելի միայն այդ եկեղեցու ներկայացուցիչներին թույլ տալ բանակում ծառայություն իրականացնել:

Թերթի հետ զրույցում  ԶՈՒ հոգեւոր առաջնորդ Մովսես վարդապետ Սարգսյանն ասաց, որ ծանոթ է այդ նամակի բովանդակությանը։ «Դա ուղղակի մի անհատի՝ հավանաբար որեւէ աղանդի հարողի կողմից գրված նամակ է, եւ քանի որ պաշտպանության նախարարին է նամակը հասցեագրվել, ուրեմն պատասխան գրություն կպատրաստվի, եւ ես կպահանջեմ, որ պատասխան գրությունն ուղարկվի նաեւ այն բոլոր անձանց, այն բոլոր հասցեներին, ովքեր ստացել են այդ նամակը»,- պատասխանեց Հայր Մովսեսը։