Մոսկվան սպասում է, Նիկոլ Փաշինյանը կգնա՞ 

Մոսկվան սպասում է, Նիկոլ Փաշինյանը կգնա՞ 

Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը երեկ հայտարարություն էր արել՝ հույս ունի, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում կմասնակցի Անկախ պետությունների համագործակցության և Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովներին։

Նա իր խոսքում հատուկ ընդգծել էր, որ հատկապես ԵԱՏՄ գագաթնաժողովին, քանի որ հաջորդ տարի այս միությունում նախագահությունը ստանձնելու է Հայաստանը։

Կընդունի՞ արդյոք Հայաստանը ՌԴ հրավերը, և այս անգամ գոնե Փաշինյանը կգնա՞ Պուտինի հետ առերեսման։

Հիշեցնենք, որ վերջին մի քանի պաշտոնական հանդիպումներին, որոնց ներկա է եղել նաև ՌԴ նախագահը, Նիկոլ Փաշինյանն ինչ-որ պատճառաբանություններով հրաժարվել է մասնակցել։

Հիշեցնենք նաև, որ ԱՊՀ երկրների առաջնորդների ավանդական ոչ ֆորմալ հանդիպմանը Ադրբեջանի նախագահը միշտ ներկա է լինում։ Նախորդ տարի ակնկալվում էր, որ այդ հանդիպումից հետո կկայանա Փաշինյան-Ալիև, ապա նաև եռակողմ՝ Փաշինյան-Ալիև-Պուտին հանդիպումը, սակայն դրանք տեղի չունեցան։

Ինչևէ, մեր տեղեկություններով, Փաշինյանը ԵԱՏՄ գագաթնաժողովին մասնակցելու է, սակայն դեռևս կասկածի տակ է ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպմանը մասնակցելու հարցը։ Նկատենք, որ իշխանական թևը վերջերս հստակ ընդգծում է, որ խնդիր ունի ՀԱՊԿ-ի հետ՝ որպես իր պարտավորությունները չկատարող կառույցի, բայց ԵԱՏՄ շրջանակում մենք մեր տնտեսական գործակցությունն ակտիվորեն շարունակում ենք։

Հավելենք նաև, որ լուրեր են շրջանառվում, թե տարեվերջին տեղի է ունենալու Փաշինյան-Ալիև հանդիպում։ Եվ հնարավոր է, որ դա հենց ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպման շրջանակներում տեղի ունենա, եթե Փաշինյանն, իհարկե, որոշի մասնակցել դրան։

Նշենք, որ Փաշինյանի աշխատակազմից որևէ հստակ պատասխան չտրվեց՝ նա մեկնելո՞ւ է ՌԴ, թե՞ ոչ։

«Վարչապետի բոլոր պաշտոնական այցերի մասին մենք ժամանակին տեղեկացնում ենք»,- MediaHub.am-ի հետ զրույցում ավանդական պատասխան տվեց  Փաշինյանի աշխատակազմի լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը։

Ի վերջո, Փաշինյանը մշտապես չի կարող խուսափել ռազմավարական դաշնակից երկրի ղեկավարի հետ առերեսվելուց:

Նարե Գնունի