Արցախը թաքցնում է մահացությունների թիվը

MediaHub-ը Արցախի Առողջապահության նախարարությունը հարցում էր արել՝ ճշտելու, թե նախորդ տարվա հունվարից հունիս ամիսներին և այս տարի հունվարից հունիս ամիսներին Արցախում որքան են մահացության դեպքերը հիվանդությունների պատճառով։
Սակայն պարզվեց, որ այս վիճակագրությունը ԱՆ-ն թաքցնում է:
Նախարարությունն այս հարցերին չի պատասխանել՝ պատճառաբանելով, որ անվտանգության նկատառումներից ելնելով չեն կարող տրամադրել վիճակագրական տվյալներ՝ կոնկրետ մահացությունների վերաբերյալ։ Մինչդեռ, հիշեցնենք, նման վիճակագրություն ամեն տարի հրապարակվում է և երբևէ խնդիր չի եղել դրա հասանելիության հետ կապված:
Հարցին, թե մահացությունների քանի՞ տոկոսն է պայմանավորված Արցախի շրջափակմամբ՝ հաշվի առնելով, որ հիվանդանոցներում պլանային վիրահատություններ չեն արվում արդեն վեց ամիս է, գերատեսչությունից պատասխանել են․
«Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից դեկտեմբերի 12-ից առ այսօր արգելափակված լինելու պատճառով ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում տեղափոխման անհնարինության պատճառով գրանցվել է մահվան մեկ դեպք, իսկ ուռուցքային հիվանդությամբ մեկ քաղաքացի, ում համապատասխան բուժօգնություն տրամադրելու նպատակով շրջափակման օրերին տեղափոխել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոն, նրա կյանքը փրկել չի հաջողվել։ Այս պահի դրությամբ ԱՀ Առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բոլոր բուժհաստատություններում մասնակի իրականացվում են պլանային բոլոր հետազոտությունները և միջամտությունները։ Սուր վիրահատական դեպքերի հետագա բարդություններից խուսափելու համար վիրահատական միջամտության են ենթարկվելու միայն առաջնահերթ և բարդացման էական ռիսկով դեպքերը, իսկ այն միջամտությունները, որոնք չեն իրականացվում Արցախի բուժհաստատություններում, Կարմիր Խաչի կամ ռուս խաղաղապահների միջնորդությամբ տեղափոխվում են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։
Սակայն հունիսի 15-ին Հակարի կամուրջի մոտ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքի պատճառով կրկին արգելվել է Ադրբեջանի կողմից հիվանդների տեղափոխում ՀՀ մասնագիտական բժշկական կենտրոններ, ինչպես նաև հետվերադարձը դեպի Արցախ։ Հավելենք նաև, որ հնարավոր չէ հիվանդներին տեղափոխել պառկած վիճակում, քանի որ ադբեջանական կողմը խոչընդոտում է Արցախի ռեանիմոբիլի շարժը, իսկ Կարմիր խաչը չունի ռեանիմոբիլ և սովորական մեքենաներով է իրականացնում հիվանդների տեղափոխումը՝ բոլորը նստած վիճակում»,-ասված է գրավոր պատասխանի մեջ։
Նախարարությունից մեզ հայտնեցին, որ այս պահի դրությամբ ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 9 հիվանդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որից 3 գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։
«Արևիկ» բուժմիավորումում 8 երեխա գտնվում է վերակենդանացման և նորածնային բաժանմունքում։
«Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Արցախում մահվան հիմնական պատճառների մեջ առաջնային և երկրորդ տեղերում շարունակում են մնալ չարորակ նորագոյացություններից, ինչպես նաև արյան շրջանառության համակարգի հիվանդություններից մահացությունները(սուր ինֆարկից, գլխուղեղի ինսուլտից): Մահացության դեպքերի մեջ ընդգրկված են տարբեր պատճառներ՝ դժբախտ պատահարներ, ինքնասպանություններ, ուռուցքային տարբեր հիվանդություններ, սիրտ-անոթային համակարգի ծանր հիվանդություններ»,- փոխանցել են մեզ։
Այդուհանդերձ, կարևոր հարցը՝ թե ինչպես է շրջափակումն ազդել մահացությունների ցուցանիշի վրա, այդպես էլ մնաց անպատասխան...
Լիաննա Թորոսյան