Ոչ ոք չի կարող Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս, Փաշինյանը չէ, ով ուզում է լինի․ Սամվել Բաբայան

Ոչ ոք չի կարող Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս, Փաշինյանը չէ, ով ուզում է լինի․ Սամվել Բաբայան

Հայաստանի և Արցախի ներքաղաքական վիճակի, Նիկոլ Փաշինյանի՝ երեկ ԱԺ ամբիոնից հնչեցրած հայտարարությունների շուրջ MediaHub.am-ը զրուցել է Արցախի ՊԲ նախկին հրամանատար, «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանի հետ։

- Պարո՛ն Բաբայան, դուք երեկ Արցախում հանրահավաք էիք հրավիրել և հիմնական ուղերձն այն էր, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Նիկոլ Փաշինյանն էլ երեկ ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ Արցախն Ադրբեջանի կազմում դեռ նախկին իշխանություններն են ճանաչել։ Ի՞նչ կարող եք ասել այդ մասով։

- Արցախում հանրահավաք չէր, ուղղակի քաղաքացիների հետ հանդիպում էր։ Փաշինյանը լինի, ով կլինի, կարող է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել, բայց չի կարող ասել, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է։ Ղարաբաղն անկախ պետություն է՝ հանրաքվեով, Սովետի օրենքներով ու սահմանադրությամբ։ Ինչ ձևով Ադրբեջանն է անկախացել, այդ ձևով էլ մենք ենք անկախացել։ Դրա համար մենք մեր խնդիրները կլուծենք։

ՀՀ խնդիրն է օգնել Արցախին այնպես, ինչպես Թուրքիան՝ Ադրբեջանին, որ Ղարաբաղն իր քաղաքականությունը վարի։ Եվ երկրորդ՝ Արցախի խնդիրը պետք է լուծվի իրավական ճանապարհով, միջազգային դատարանով ՝ բոլոր փաստաթղթերն ունենք և պետք է զբաղվենք դրանով, և որևէ մեկն էլ մեզ չի արգելում մեր ինքնապաշտպանությունը ստեղծել։ Իսկ մնացած բոլոր խոսակցություններում իրական ոչինչ չկա։

- Բայց եթե ստորագրվում է խաղաղության պայմանագիրը, որում որպես կետ նաև նշվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը, իսկ Ադրբեջանը այդ ամբողջականությունը հասկանում է՝ Արցախը ներառյալ։

- Նորից եմ կրկնում՝ Արցախը եղել է Հայաստանի մաս․․., 1991 թվականին Արցախը եղել է անկախ պետություն։ Արցախի իշխանությունը հայտարարե՞լ է, որ Արցախն իր անկախությունը կորցրել է, ո՛չ։ Այսինքն՝ ՀՀ-ի իրավունքն է ճանաչել իր հարևան պետության տարածքային ամբողջականությունը։ Բայց դա չի նշանակում, որ Արցախն էլ է Ադրբեջանի մաս։ Ոչ ոք դա չի կարող անել՝ Նիկոլ Փաշինյանը չէ, ով ուզում է լինի։

- Օրինակ Դուք ի՞նչ եք անելու, որ դրա դեմն առնեք։

- Իրավական ճանապարհով մտնում ենք միջազգային դատարան՝ մեր իրավունքները պաշտպանելու։ Եվ հզորացնում ենք ինքնապաշտպանական ուժերը։ Մենք իրավունք ունենք ինքնապաշտպանության։ Դա պետք է արագ կազմակերպենք։ Հենց դրա համար էր երեկվա հանդիպումը։

- Պարոն Բաբայան, իսկ ինչպե՞ս եք վերաբերում հայտարարություններին, թե ՀՀ իշխանություններն են Ձեզ գործուղել Արցախ՝ ժողովրդի տրամադրությունները շոշափելու, կամ, այսպես ասած, «խառնակչական գործառույթներ» իրականացնելու։

- Դուք կարող էիք այդպես մտածել, եթե իմ պատասխանները նմանվեին այդ, իբր, գործուղողի խոսքերին։ Ես որքանով գիտեմ, չեն նմանվում։ Շատ հակառակ տեսակետեր ենք ձևակերպում․ սա առաջին։ Եվ երկրորդ․ Սամվել Բաբայան անուն-ազգանունով անձին Հայաստանում և Արցախում որևէ մեկը չի եղել, որ գործուղի, չի էլ լինելու։ Այ էն հին «ջոջերից», որ հարցնեք, կասեն։ Լրագրողական հարցերով փորձում են սենսացիա անե՞լ․․․, էդ սենսացիան, այդտեղ երեխեք կան, դրանց ասեք, թող անեն։

- Պարո՛ն Բաբայան, խոսվում է նաև Ստեփանակերտ-Բաքու երկխոսության ձևաչափի մասին, Դուք ժամանակին նաև բանակցություններին մասնակից եք եղել, ի՞նչ կարող եք ասել՝ այս ձևաչափն այս փուլում ի՞նչ արդյունք կարող է տալ։ Եվ, առհասարակ, կարո՞ղ է արդյունավետ լինել՝ հաշվի առնելով այն, թե ինչ է մնացել Արցախից։

-- Առաջին հերթին իրավական դաշտով գնում ենք միջազգային դատարան, երկրորդ՝ զբաղվում ենք մեր ինքնապաշտպանությամբ և երրորդը, ուշադիր լսեք, առաջարկում ենք Ադրբեջանին նստել բանակցային սեղանի շուրջ, որ չդառնա գերտերությունների խաղալիքը ու գա ինքնուրույն որոշման։ Հակառակ դեպքում, եթե մի օր դու անցնում ես ԱՄՆ-ի կողմը, ՌԴ-ն է մեր կողմից լինում, եթե դու անցնում ես ՌԴ-ի կողմը՝ ԱՄՆ-ն է մեր կողմում։ Այսինքն՝ որպես ազգ, ժողովուրդ, մենք իրար կողք կողքի ապրելու ենք, որ իրար անընդհատ չկոտորենք, առաջարկում ենք նստել, խոսել, պայմանավորվել։ Ինչ բանակցություն էլ լինի, լինելու է Արցախի տարածքային ամբողջականության վերականգնումից հետո։ Մնացած բոլոր խնդիրները լուծվող են։ Չլուծվող խնդիր չկա։ Մարդ արարածը կենդանական աշխարհից տարբերվում է մտածելու կարողությամբ, ու նրա համար անելանելի վիճակ չկա։ Ես գտնում եմ, որ մենք բոլոր առումներով խնդրի լուծումն ունենք։ Տեսեք, Թուրքիան ասում է մի ժողովուրդ, երկու պետություն, ՀՀ-ն էլ պետք է այդպես հայտարարի ու բոլոր ձևերով սատարի Արցախին։ Սա է միակ ճանապարհը, այլ ճանապարհ չունենք։


Անի Գևորգյան