Սկզբունքային որոշո՞ւմ, թե՞․․․

Սկզբունքային որոշո՞ւմ, թե՞․․․

Հայաստանի օրակարգում Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը ճանաչելու հարց չկա․ երեկ հայտարարել է Հայաստանի ԱԳՆ խոսնակը։ Նման լակոնիկ դիրքորոշումը միանգամայն ռացիոնալ է, եթե ամրապնդված է կոնկրետ մարտավարությամբ կամ քաղաքականությամբ։

Արցախի հարցը մեզ՝ հայերիս, խանգարում է հասկանալ, թե ինչ է կատարվում Ուկրաինայում:

Ուկրաինայում հին աշխարհակարգ է քանդվում՝ դեռ չկայացած նորի համատեքստում։

Այլ խոսքով՝ Դոնբասի խնդիրն ինքնորոշման մասին չէ, լակմուսի թուղթ է, որը բացահայտում է Ռուսաստանի ու «կոլեկտիվ» Արևմուտքի հակադրությունը, դրա աստիճանը, խորքը։

Եթե Հայաստանն իրապես կարողացել է չեզոքություն պահպանել հակամարտության այդ ռեժիմում, դա միայն ողջունելի է։

Համենայն դեպս, Հայաստանի ԱԳՆ երեկվա հայտարարությունը դրա մասին է։ Սակայն քաղաքական, փորձագիտական շրջանակներում կասկածում են Նիկոլ Փաշինյանի թիմի սկզբունքայնության, այսօրվա Հայաստանի սուբեկտության վրա։

Եթե Մոսկվան լուրջ ճնշումներ գործադրի ՀՀ իշխանությունների վրա, պաշտոնական Երևանը կճանաչի Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անկախությունը․ երեկ ասել է «Կովկասի» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա խոսքով, այս պահին ՌԴ-ին պետք չէ դա, իսկ անհրաժեշտության դեպքում, այո՛, նրանք կգնան այդպիսի քայլի: Եվ Արևմուտքը չի կարող մրցակցել այս քայլին, որովհետև ՀՀ-ի վրա ՌԴ-ի ազդեցությունն անհամեմատ ավելի մեծ է և ուժեղ:

Այլ խոսքով՝ Փաշինյանը դեռ Պուտինից զանգ չի ստացել ու գուցե այն պատճառով, որ գլոբալ հակադրության համատեքստում Հայաստանն առայժմ մոռացվել է․․․

Վահրամ Բագրատյան