Հունիսի 15-ից հետո Լաչինի միջանցքով հիվանդ չի տեղափոխվել, հումանիտար բեռ չի անցել

Հունիսի 15-ից հետո Լաչինի միջանցքով հիվանդ չի տեղափոխվել, հումանիտար բեռ չի անցել

Հակարի կամրջի մոտ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքից հետո հունիսի 15-ից Լաչինի միջանցքով բոլոր հումանիտար ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները արգելվել են Ադրբեջանի կողմից: 

Կասեցվել է նաև հումանիտար բեռնափոխադրման նպատակով Գորիս մեկնող ռուս խաղաղապահների բեռնատարների շարժը:

MediaHub-ին Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ առաքելության հասարակության հետ կապերի պատասխանատու Էթերի Մուսայելյանը փոխանցեց, որ այս պահին որևէ փոփոխություն չկա։ 

«Բոլոր որոշում կայացնողների հետ կապի մեջ ենք, երբ իրավիճակը ների, հուսով են՝ մեր գործունեությունը կվերսկսենք։ Իրավիճակը լարված է և քանի որ մենք պատասխանատվություն ունենք այդ մարդկանց նկատմամբ, մենք որոշեցինք, որ հունիսի 15-ին հետ ենք վերադառնալու ու այդ պահից մինչև հիմա որևէ շարժ չի եղել»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱՀ ԱՆ-ից մեզ փոխանցել էին, որ  «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 9 հիվանդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որից 3 գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։ 

«Արևիկ» բուժմիավորումում 8 երեխա գտնվում է վերակենդանացման և նորածնային բաժանմունքում։ Այսինքն, շուրջ երկու տասնյակ հիվանդ այս պահին սպասում է ՀՀ մասնագիտական բուժհաստատություններ տեղափոխվելու հնարավորությանը:

 

Լիաննա Թորոսյան