Փաշինյանի ու Ալիևի ջերմ զրույցը. երկկողմ հանդիպման կարիք չկա

Կազանում շարունակվում է ԲՐԻԿՍ գագաթնաժողովը, որին մասնակցելու նպատակով այսօր ՌԴ է ժամանել Նիկոլ Փաշինյանը:
Գագաթնաժողովի ընթացքում ելույթ են ունենում աշխարհի առաջնորդները՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավորությամբ: MediaHub-ը ֆիքսեց, որ ողջ ընթացքում Նիկոլ Փաշինյանն ու թշնամի երկրի նախագահ Իլհամ Ալիևը ակտիվ երկխոսում են: Թեև սկզբում ավելի շատ Փաշինյանն էր դիմում Ալիևին, իսկ վերջինս իր կեցվածքով ցույց էր տալիս, որ ելույթն իրեն ավելի է հետաքրքիր, քան Փաշինյանի ասածը, հատկապես Պուտինի ելույթի ժամանակ: Սակայն Հայաստանի ղեկավարին դա չկանգնեցրեց, Փաշինյանը շարունակ դիմում էր հարևան Ալիևին, որի հետ այքան երազում է հարևանություն անել: Ալիևն էլ բռնեց «ալիքը» ու երկխոսության մեջ մտավ՝ ժպտում էր, ծիծաղում, պատասխանում:
Ընդ որում, հաշվի առնելով այն հանգամանքը, թե որքան հաճախ էր օպերատորը տեսախցիկը պահում այս երկուսի վրա, հասկանալի է, որ բոլորն են ֆիքսել, որ Փաշինյանին ու Ալիևին իրենց զրույցը ավելի հետաքրքիր է, քան աշխարհի լիդերների ելույթները:
Միակ բացառությունը Թուրքիայի նախագահ Էրդողանի ելույթն էր. թե՛ Փաշինյանը, թե՛ Ալիևը ուշադիր լսում էին «մեծ եղբորը»: Իսկ Էրդողանը խոսում էր Իսրայելի ագրեսիայի մասին:
Այսքանից հետո հարցը՝ հնարավո՞ր է Փաշինյան-Ալիև երկկողմ հանդիպում կայանա Կազանում, ինքնին օրակարգային չէ՝ բոլոր հարցերը այս երկուսը, ինչպես բոլորին է տեսանելի, քննարկեցին կողք-կողքի նստած, Պուտինի ձայնի ներքո: