Իմ տեղեկություններով՝ նախկին քաղաքապետը հեռանալիս շատ մեծ պարգևավճարներ է տվել․ Աբգարյան

Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Այսօր լրացավ ուղիղ մեկ ամիսը, ինչ քաղաքապետարանն անպատասխան է թողել հարցումս, թե ով և որքան պարգևավճար է ստացել երևանցիների գրպանից:
Նշեմ, որ ըստ օրենքի, պարտավոր են պատասխանել երեքշաբաթյա ժամկետում:
Հավելեմ, որ վերջերս մոգոնած «կոմերցիոն գաղտնիք» եզրույթն էլ այս հարցում որևէ կերպ չեն կարող կիրառել:
Ինչո՞ւ էի հարցում արել: Որովհետև ինձ հասած լուրերի համաձայն՝ վարչապետի խորհրդական նշանակված նախկին քաղաքապետը հեռանալիս շաաատ մեծ պարգևավճարներ է տվել քաղաքապետարանի մի շարք աշխատակիցների:
Թեպետ քաղաքապետարանի աշխատակազմի աշխատավարձը զգալիորեն բարձրացնելիս որպես հիմնավորում էր բերվել, որ դա արվում է, որ նախկինում գործող աշխատավարձ+պարգևավճար սխեման փոխարինվի բարձր աշխատավարձով, իսկ պարգևավճար տրվի միայն բացառիկ հաջողությունների համար:
Ինչևէ, չցանկանալով չստուգված փաստեր հրապարակել և չունենալով ձեռքի տակ հստակ թիվը, լուռ սպասում էի գրությանս պատասխանին:
Իսկ այն մեկ ամիս անց էլ չկա:
Հարգելի լրագրողներ, գուցե ձե՞զ պատասխանեն»,- գրել է Աբգարյանը: