Ադրբեջանի ԶՈՒ-ն ապացուցեց պնդումս. նրանց ներկայությունը հայկական բնակավայրի մոտ իրավունքի խախտում է

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրում է.
«Այսօր ողջ օրվա ընթացքում ադրբեջանական զինված ուժերը հարձակումներով թիրախավորել են նաև Սյունիքի մարզի Կապան համայնքի Ներքին Հանդ, Սրաշեն, Շիկահող (գյուղերը) ուղղությունները:
Դեռ մի քանի ամիս առաջ մեր փաստահավաք աշխատանքներով ցույց էինք տվել ադրբեջանական անօրինական, այդ թվում` նոր տեղակայումներն այդ տարածքներում, որոնք չունեն որևէ իրավական հիմք ու հանցավոր են և բարձրացրել էինք նրանց այդ տարածքներից անհապաղ հեռացնելու հարց:
Ավելին, Ներքին Հանդ ադրբեջանական սկզբնական անօրինական ներխուժման ու տեղակայումների մասին հայտարարել էի դեռևս նախորդ տարվա նոյեմբեր ամսին (https://www.ombuds.am/am/site/ViewNews/1964)։
Ընդ որում, այս ամենին զուգահեռ մշտապես ընդգծել եմ ադրբեջանական հայատյացության և թշնամանքի, ֆաշիստական քաղաքականությունը, որը դարձնում է ադրբեջանական զինված ուժերի ներկայությունը իրական սպառնալիք մարդկանց խաղաղ կյանքի համար:
Այսօր ադրբեջանական զինված ուժերն ապացուցեցին բազմիցս արված այն պնդումս, որ նրանց ներկայությունն ինքնին հայկական բնակավայրերի հարևանությամբ արդեն մարդկանց կյանքի իրավունքի խախտում է ու անվտանգության խաթարում:
ՀՀ-ում տարվող՝ ադրբեջանական խախտումները թաքցնելու քաղաքականությունն է նաև նպաստել Ադրբեջանի այսօրվա սանձարձակ հանցավոր արարքներին:
Հ.Գ. Այսօրվա արձանագրած բոլոր փաստերը ոչ միայն ուղարկվում են միջազգային կառույցներին, այլ կազմվում է առանձին զեկույց»: